Պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, խոսելով ԼՂ խնդրի մասին, ասել էր, որ այն կարգավորման հնարավորություն կա, այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը, ունենալով հանրային մեծ աջակցություն, ընտրություններից հետո կարող է տարածքների վերադարձման հարց դնել՚: Ռուստամյանը պատասխանեց, որ այդ իրավիճակը հաճախ հիշեցնում է 90-ականների իրավիճակը, չնայած այն ժամանակ ամեն գնով հարցի լուծման տարբերակը կանխվեց, որովհետեւ իշխանությունները ձեւավորվեցին հենց Ղարաբաղի հարցով:. «Բնականաբար, տարբեր կողմերից կարող են ճնշել ապագա իշխանությանը, որ դուք ունեք մեծ վստահություն, գնացե՛ք այդ խիզախությանը, գնացեք այնպիսի զիջումների, որոնք կարող եք ձեր հեղինակության շնորհիվ ունենալ ու հարցը լուծել: Սա կլինի ցանկացած իշխանության սխալը, եթե փորձեն իրենց ունեցած վստահությունը տեղափոխել նաեւ այդ դաշտ՝ մտածելով, որ քանի ունեն այդ վստահությունը, կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք բխում են այսօր սեղանի վրա եղած առաջարկներից, բայց հակոտնյա են մեր ազգային շահերին: Այս խնդիրը բոլորի առջեւ է կանգնած ու այն ուժը, որը դա չի ըմբռնի, երկար կյանք չի ունենա մեր քաղաքական արենայում»:
Ռուստամյանն ասաց, որ չի կարծում, որ ՌԴ-ի դերն այստեղ նվազել է, Բոլթոն էլ հասկանում է, որ այնպիսի կապեր կան, կենսական նշանակություն ունեցող հարցեր կան, որ ՌԴ-ն անփոխարինելի է այդ հարցում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ