«Առավոտի» հետ զրույցում ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, խոսելով ՀՅԴ-ի՝ «դեմ ըլլալով՝ կողմ ըլլալու» մասին, կասկած էր հայտնել, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ բան է անում, բայց թե ինչ՝ չգիտեն:
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին հարցին ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Նախ, եթե մենք ինչ-որ մի բան անում ենք, անում ենք ակնհայտ ու որեւէ մեկից թաքուն չենք անում: Եթե անեինք, այնպես կանեինք, որ դա ակնհայտ լիներ ոչ միայն պատգամավորին, որը դա հայտարարել է, այլ նաեւ բոլորին: Մենք գաղտնի, դավադիր ինչ-որ գործընթացներ երբեք չենք արել ու չենք անի, դա մեր ուժի կրեդոն է, որ եթե դու ճիշտ ես, եթե քո ճշմարտությունը այդ պահին շատերի համար չի ընկալվում, միեւնույն է, դու քո ճշմարտությունը պետք է ասես, որ հասնես այն նպատակին, որը հետապնդում ես: ՀՀԿ-ի հետ ինչ-որ համատեղ բաներ անելու խնդիր մենք ընդհանրապես չունենք»:
Ռուստամյանը հիշեցրեց, թե ինչու իրենք ԸՕ-ի արտահերթի ստորագրահավաքին չեն միացել, ասաց, որ միանում են այն դեպքում, եթե մասնակից են ու համահեղինակ ու իրենց չպետք է դիմեին էլ ստորագրահավաքի համար. «Փորձում են հրապարակայնացնելով ճնշում առաջացնել, թե տեսեք-տեսեք՝ ՀՅԴ-ն մերժում է, կողմ ըլլալով՝ դեմ է լինում: Հիմա տեսաք չէ՞, թե կողմ ըլլալով՝ դեմ ըլլալը, որը բերեցին դասական օրինակով: Կողմ ենք առաջադրմանը՝ դեմ ենք ընտրությանը, հիմա էլ էլի նույն արհեստական վիճակը պիտի շարունակվի, հեշտ է ուրիշներին մեղադրելը…մեր համար անհասկանալի ու անընդունելի է, որ երբ որ բաներ ենք համաձայնեցնում, մեր երեք առաջարկների հետ համաձայնել են բոլոր 4-ը, հիմա թող իրենք ասեն՝ ինչո՞ւ այդ համաձայնությունն ուղղակի անտեսվեց, սա՛ է հարցը, ուրիշ հարց չկա»:
Ռուստամյանը նաեւ նշեց, որ առաջիկա ընտրություններին իրենք դաշինքով չեն մասնակցելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ