Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ո՞ր պատգամավորի մասին էր խոսում, երբ ասում էր, որ կաշառքի խոշոր գործ կա, որը 100 տոկոսով ապացուցված է, ուղղակի արտերկրից սպասում են ինչ-որ փաստաթղթերի:
Ռուստամյանը պատասխանեց, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ մենք չենք միջամտում դատական գործընթացներին, քննությանը, բայց բավականին լավ, գրեթե ամբողջական տեղեկացված էր, թե գործն ինչ ընթացքի մեջ է, ինչն է խոչընդոտում, որ հարցը մտնի օրակարգ: Ես չեմ կարող ասել, թե ում մասին է խոսքը գնում, բայց եթե վերանանք նրանից, թե ինչու վարչապետն ինքը այդ հայտարարությամբ հանդես եկավ, իհարկե, բնականոն ընթացք պետք է լինի, որ որեւէ պատգամավոր չմտածի, որ ինքը անձեռնմխելիությամբ պատսպարված է, մանդատը իր համար չպետք է դառնա հնարավորություն՝ ինչ-որ անօրինական գործունեություն ծավալելու, դա մեր մշտական համոզմունք է եղել: Եթե համապատասխան գործ ներկայացվի ու ունենանք համոզմունք, որ դա ճիշտ է, մենք երբեք չենք խոչընդոտել եւ հիմա էլ չենք խոչընդոտի, որ քննությունն ամբողջական բացահայտի»:
Նա բացառեց, որ Փաշինյանը խոսում էր ՀՅԴ-ական պատգամավորներից որեւէ մեկի մասին. «Ես ամբողջությամբ դա բացառում եմ, որ դա կարող է վերաբերել մեր խմբակցության որեւէ անդամի»:
Մենք ճշտեցինք՝ ասում եք, որ մի կողմից վարչապետն ասում է, որ չի միջամտում, մյուս կողմից բավականին ինֆորմացված էր, այսինքն, այստեղ ինչ-որ հակասությո՞ւն կա, տեղեկացված լինել քրգործից արդյոք նշանակո՞ւմ է միջամտել, չէ՞ որ վարչապետին զեկուցում են ու նա պետք է տեղյակ լինի, դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ վարչապետը պետք է տեղեկացված լինի ավելի, քան որեւէ մեկը, բայց տիրապետել հարցի ամբողջ գործընթացին, նկատի ունենալով, թե ի՞նչ է խանգարում այսօր մտնել ԱԺ եւ այդ հարցը լուծել, սա մի քիչ ուրիշ տեղ է տանում: Այդպիսի հայտարարությունը ենթադրում է, որ ոչ միայն տիրապետում է, այլ ինչ-որ առումով ընթացքի մեջ ներգրաված է ու կարող է այլ հետեւությունների տեղիք տալ, որը պետք է բացառել: Դրա կարիքը նախ չկար մինչեւ հարցը բերելը վարչապետը դրա մասին հայտարարեր, դրա իմաստը ո՞րն է: Կլիներ այդ վիճակը, կբերեին, բոլորս էլ դրա մասին տեղյակ կլինեինք: Եթե սա արվում է քաղաքական նպատակներով, նույնպես լավ չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ