Լրահոս
Օրվա լրահոսը

5 դրամով գազի սակագինն իջեցնելու համար 17 միլիարդ դրամ է պետք, իսկ էլեկտրաէներգիայինը` 27 միլիարդ

Հոկտեմբեր 26,2018 13:47

2013-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ստորագրված մի շարք պայմանագրեր եւ դրանցից բխող հետագա իրավական ակտերը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս եւ վերանայման կարիք ունեն: «Պայմանագիրը լավատեսության տեղիք չի տալիս».- այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ`գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նիստում այսօր հստակեցվեցին հանձնաժողովի աշխատակարգերը:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, օրինակ, մտահոգում է պայմանագրում ծրագրված դրույթը`«Գազպրոմ Արմենիայի»`9 տոկոսանոց ներքին եկամտաբերության պահանջի վերաբերյալ: Մինչեւ այս տարվա վերջ, նախատեսված է, որ պետք է կնքվի մոդելային պայմանագիր`այդ դրույթի գործունեությունն ապահովելու համար: Նա հիշեցնում է, որ տարբեր համաձայնագրերով Հրազդանի հինգերորդ էլելտրաբլոկում եւ Իրան-ՀՀ գազատարի վրա «Գազպրոմ Արմենիան» 700 միլիոն դոլար ներդրում է կատարել: Կան տարբեր գործոններ, որոնք 2019-ի հունվարի 1-ից բերելու են գազի սակագնի բարձրացման, բայց հայկական կողմը պետք է անի առավելագույնը`դա կանխելու համար:

«Գազպրոմ Արմենիայի» շահութաբերության պահպանման մասին այլ համաձայնագրեր էլ կան, որոնք էլի խոչընդոտներ են ստեղծում սակագնի հետագա իջեցումների առումով:

Այս ամբողջի մասին Միքայել Մելքումյանը խոսել է թե համապատասխան ոլորտի նախարարի, թե ՀՀ վարչապետի հետ: Օրինակ, վարչապետն ասել է, որ այս առիթով իր եւ ՌԴ նախագահի զրույցը բավական հուսադրող է: «Պուտինը շահագրգիռ է իջեցում անել, բայց փաստաթղթավորված պետք է իրեն տրվի»,-Նիկոլ Փաշինյանն է ասել Միքայել Մելքումյանին:

Խորհրդարանական նախկին համապատասխան հանձնաժողովում սակագնի ձեւավորման մեջ կորուստների չափը`5,3 տոկոս էր: Այժմ դա բարձրացվել է 6,3 տոկոսի: Այս փաստը բավական զայրացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանին: Դա, պարզվում է արել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այն դեպքում, երբ ասենք «Գազպրոմ Արմենիան» նվազեցրել է կորուստները: Այս փոփոխությունն, ի դեպ, արվել է Պոլիտեխնիկական համալսարանի ինչ-որ բաժնի վերլուծության հիման վրա:

«Նրբություն կա, որի մասին չեմ ցանկանում բարձրաձայն խոսել»,- ասաց Միքայել Մելքումյանը`հավելելով, որ հանձնաժողովի մի քանի փակ քննարկումներ կունենա, պատկան ոլորտների պաշտոնյաներին կհրավիրեն եւ ամենի մասին անկաշկանդ կխոսվի:

«Գազի սակագինը հինգ դրամով`139-ից 134-ի իջեցնելու համար, 17 միլիարդ է պետք»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանն էլ ասաց`որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինն իջնի հինգ դրամով, համակարգում 27 միլիարդ դրամ է պետք:

ՀԵՑ-երում 17 տոկոս շահութաբերություն է, կորուստները`11,02 տոկոս: Հաջորդ շաբաթ ներկայացվելիք ՀԷՑ-երի ներդրումային փաթեթում, տասը տարվա ընթացքում նախատեսվում է կորուստներն իջեցնել 6 տոկոսի: Բայց մասնագիտական քննարկումների խնդիր է`դա անել քիչ-քիչ եւ ժամանակի ընթացքում, թե՞ միառժամանակ անց եւ միանգամից: Միքայել Մելքումյանը կրկնեց արդեն բավական հայտնի ճշմարտությունը`որքան Իրանից եկող գազի ծավալը մեծացնենք, այնքան նպաստելու ենք էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանը`Ատոմակայանի եւ «Երեւան» ՋԵԿ-ի արտադրած էներգիայի հաշվին, որոնք դեռ պետական են: Բայց, պետք է նկատի ունենանք, որ Իրանից եկող գազի խողովակաշարը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ առաջարկում է հանձնաժողովի գործունեության կարճ ժամանակահատվածում կենտրոնանալ գազի սակագնի ձեւավորման կառուցվածքի վրա, նաեւ`ոլորտներում առանձնացնել սպառողներին հետաքրքրող խնդիրները, գտնել հեշտ կանոնակարգման ենթակա հոդվածները եւ առաջարկություններ ներկայացնել: Այսպիսով, նաեւ հաջորդ խորհրդարանին լավ ժառանգություն թողնել: Նա առաջարկում է անդրադառնալ նաեւ առանձին խոցելի խմբերին հատուկ սակագնի տրամադրման լիազորությանը: Դա, իր համոզմամբ, պետք է պետությունն իրականացնի, մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է անում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկով էլ ուսումնասիրություններ կիրականացվեն գնումների ոլորտում. «Մինչեւ «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-երի ձեռքբերումն ի՞նչ կազմակերպություններ էին իրենց ապրանք մատակարարում, հետո`ինչպիսի՞»: Ի դեպ, ՀԷՑ-երում էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման մեջ աշխատավարձը 3-4 դրամ է, շահույթը 3 դրամ:

Իսկ գազի մասով, պատգամավորն առաջարկում է տեղեկություններ ստանալ`ՌԴ-ում, սահմանից 500 կմ շառավղով որքանո՞վ է գազ տրամադրվում իրենց բնակչությանը, որ համեմատություններ անենք: Միքայել Մելքումյանը հստակեցրեց`ինչ սակագնով տալ գազը սպառողին, տվյալ պետության խնդիրն է: Այսօր, մեր երկրում հիմնական բեռը բնակչության վրա է ընկած:

Առաջարկ եղավ`երկու ոլորտներում էլ ուսումնասիրել անհուսալի համարվող պարտքերի թվը: Ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի, ներկայացվող թիվը չի համապատասխանում իրականությանը, քանի որ եթե մարդիկ չեն վճարում, արագ անջատում են: Միքայել Մելքումյանը ճշտեց`դեբիտորական պարտքերը ձեւավորվել են հիմնականում «Նաիրիտի» գործունեության արդյունքում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031