Պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը, ուստի առաջարկել էր ՌԴ-ից այդ առումով կախվածությունը թուլացնել ու գնել ամերիկյան զենք: Այս առնչությամբ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես իսկապես համարում եմ չափազանց կարեւոր եւ իսկապես հեռուն գնացող նպատակներ հետապնդող պարոն Բոլթոնի այցը: Գիտենք, թե ինչպիսի կարեւորագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունի այս տարածաշրջանը: Այն ակնարկները, որ պարոն Բոլթոնն արեց, կենսական նշանակություն ունեն թե՛ տարածաշրջանի համար, թե՛ ՀՀ արտաքին քաղաքականության: Մենք ժամանակին ասում էինք, որ ՀՀ-ի համար ճիշտ արտաքին քաղաքականությունն այն է, որ Հայաստանը հասկանալի լինի բոլորի մոտ, հատկապես` գերտերությունների համար: «Հստակ լինի, որ Հայաստանը նույն դեմքով և նույն տեսակետով է հանդես գալիս թե’ Ռուսաստանում, թե’ Բրյուսելում, թե’ Վաշինգտոնում: Այս օրերի համար է հենց դա ակտուալ դառնում: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ մեր հարաբերությունները դեմ չեն որեւէ մեկին, դրանք մեր կենսական անհրաժեշտությունից են բխում»:
Ռուստամյանն ասաց, որ ՀՀ-ն ոչինչ չի փորձում անել ավելին, քան իր կենսական անհրաժեշտությունից է բխում, ինչ վերաբերում է զենքին, նա ասաց. «Միջնորդ կողմերը կա’մ պետք է ընդհանրապես զենք չտրամադրեն, կա’մ տրամադրեն այնպես, որ հավասարակշռությունը չխախտվի: Չեն կարող Ադրբեջանին շատ ավելի զինատեսակներ , զինանոց տրամադրել, որ Հայաստանը հետ ընկնի պրոցեսից: Սա ինքնին կհակասի այն տրամաբանությանը, որ մենք ուզում ենք կայուն իրավիճակ ունենալ: Հենց հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ էլ սկսում են ագրեսիաները, պատերազմական գործողությունները: Այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից: Եթե Բոլթոնը նկատի ունի, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար Հայաստանը նաեւ ունենա այլ զինատեսակներ, որ հավասարեցնենք, դա կարելի է ողջունել, մենք էլ կունենանք Ադրբեջանին չզիջող զինատեսակի ծավալ»:
Ռուստամյանը նշեց, որ իրենց համար այն է մտահոգիչ, որ այդ այցի ընթացքում Բաքվում խնդիր են բարձրացրել, որ արգելվի Հայ դատի գրասենյակների կողմից մշակված 907-րդ բանաձեւը. «Այդ բանաձեւով արգելվում է Ադրբեջանին զենք տրամադրել, քանի որ ապացուցվել է, որ Ադրբեջանն է հենց ագրեսոր: Դա ապացուցվել էր: Այդ բանաձեւով կա օժանդակություն ուղղակի ԼՂ-ին, որը չափազանց կարեւոր է: Այդ բանաձեւի վերանայումը մեզ մտահոգում է»:
Հարցին՝ այսինքն, ՀՀ-ն պե՞տք է դիտարկի այդ հնարավորությունը ՌԴ-ից կախվածությունը թուլացնել ու ԱՄՆ-ից զենք գնել՝ նա պատասխանեց, որ իրենց համար կարեւոր է բալանսի ապահովումը, թե ինչ ճանապարհով դա կլինի՝ էական չի, որովհետեւ Ադրբեջանը միայն ՌԴ-ից չի զենք գնում, եթե հավատանք Բոլթոնի թվերին, 80/20 տոկոս հարաբերակցություն կա, 20 տոկոսը քիչ չի, Հայաստանը դա էլ չունի:
Հարցին՝ սա ՌԴ-ի վրդովմունքը չի՞ առաջացնի՝ Ռուստամյանը պատասխանեց, որ ՌԴ-ն էլ պետք է հասկանա, որ կա շատ պարզ տրամաբանություն՝ կա՛մ միջնորդները զենք չեն տրամադրում, կա՛մ տրամադրում են կողմերին այնպես, որ բալանսը չխախտվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ