Մտահոգություն կա եւ չի բացառվում, որ եթե «Իմ քայլը» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններում ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը, նույն պատկերը կգրանցվի նաեւ դեկտեմբերին կայանալիք արտահերթ ԱԺ ընտրություններում: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ եթե ԱԺ ընտրությունների քարոզարշավում իշխող ուժի կողմից հնչի կարգախոս, որ «եթե ես չունենամ 100% ընտրազանգված, ուրեմն՝ հեղափոխությունը վտանգված է», ժողովուրդը կրկին կհամախմբի՝ նախկին ռեժիմին վերադառնալու վախից ելնելով:
«Այդ վախի մեղավորը ոչ թե վարչապետն է, այլ նախկին ռեժիմը, որը ժողովրդին հասցրել է ատելության աստիճանի: Նախկին ռեժիմին հետ գնալու մտավախությունն ու ատելությունը կբերեն հասարակական համախմբման: Բայց վարչապետն իր ելույթում նշեց, որ այդ ճանապարհով չի գնալու, որ պայմաններ է ստեղծելու, որպեսզի քաղաքական ուժերը ծրագրային մրցակցություն ունենան»:
Բագրատյանը նկատեց. «Ինչ-որ կետից վարչապետը կարող է փոխել նշյալ կարծիքը, չգիտեմ…Բայց, կարծում եմ, եթե չկարողանանք ստեղծել իրավիճակ, որպեսզի ԱԺ ընտրություններն ընթանան ծրագրերի մրցակցության մթնոլորտում, դատապարտված ենք լինելու մեկ-երկու տարի հետո նոր ընտրություններ անցկացնելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ