Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Չի կարելի մեր կրթական համակարգը հետ տանել քարի դար

Հոկտեմբեր 26,2018 13:04

Հեղափոխական ռոմանտիկան վերջանում է: Բայց շարունակվում է հեղափոխական մրրիկը, որ ընդունակ է ավերելու ոչ միայն մերժելին:

Վտանգ կա, որ հեղափոխության առաջնորդների շուրջը սկսեն պատեհապաշտներ հավաքվել, պաշտոններ ստանալ և իրենց ձախավեր գործունեությամբ ոչնչացնել դարերի, տասնամյակների, տարիների ընթացքում ստեղծված արժեքները:

Չարժե փոխել այն, ինչ ինքնին լավն է, բայց մեր երկրում մինչ այժմ կիրառվել է վատ:

Կրթության ոլորտի վերաբերյալ հաճախ վերահնչում են առկա իրողությունները անվերապահ մերժող կարծիքներ ու առաջարկներ, որոնք ժամանակին քննարկվել, անգամ փորձարկվել են ու մի կողմ դրվել: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Կարծիք կա, թե բուհերի ոչ բանասիրական բաժիններից պետք է վերացնել հայոց լեզվին, հայագիտությանը, ոճագիտությանը, խոսքի մշակույթին վերաբերող դասընթացները: Իբր դպրոցում հայոց լեզու որքան սովորեցնում են, բավարար է բուհերի ոչ բանասիրական բաժիններում կրթությունը շարունակելու համար: Սկզբունքորեն ճիշտ է: Երանի չէ՞ր՝ այդպես լիներ: Բայց չանտեսենք իրականությունը: Ի՞նչ է, այդ կարծիքը հայտնողները չգիտե՞ն մեր կիսավեր դպրոցի իրական վիճակը: Ծրագրերն ու նախագծերը որքան էլ լավը լինեն, ընդամենը թուղթ են, որ կարող են իրականացվել մինչև անգամ 0 %-ով:

Սկսեմ մի ահավոր ծայրահեղ օրինակից: ԿԳ նոր նախարարին հայտնի՞ է արդյոք, որ հայկական բանակում կան «լիկկայաններ», որոնցում նորակոչիկներին սովորեցնում են տառաճանաչություն: Հասկանո՞ւմ եք: Տառաճանաչություն են սովորեցնում այն նորակոչիկին, որ Հայաստանում ավարտել է առնվազն հիմնական դպրոցը, ստացել վկայական (ատեստատ), որում ավարտական դրական գնահատականներ են նշված անխտիր բոլոր դպրոցական առարկաներից, այդ թվում՝ լեզուներից: Բայց պարզվում է՝ նա անգրագետ է (չնայած մտավոր հետամնաց չէ. այդպիսիներին բանակ չեն զորակոչում): Նրան դեռ պետք է տառաճանաչ դարձնել, որ կարողանա ստորագրել, իր անուն-ազգանունը գրել, հրահանգներ ու ռազմագիտական գրականություն կարդալ և այլն: Անհեթեթ իրավիճակ է: Բայց բռնենք ու փակե՞նք լիկկայանները, այդ խեղճուկրակ տղաներին անգրագե՞տ թողնենք: Ողբերգություն է, չէ՞:

Ուրեմն որպեսզի լիկկայանների կարիքը չլինի, ու դրանք ինքնըստինքյան վերանան, նախ պետք է դպրոցի սանձերն այնպես քաշել, որ անգրագետ շրջանավարտների գոյությունը բացառվի: Դրա համար նախ պետք է հետաքննություն իրականացնել՝ պարզելու, թե ո՛ր դպրոցներից են դուրս եկել այդ անտառաճանաչները, ովքեր են ստորագրել ու հաստատել նրանց ավարտական վկայականները: Հետո պետք է հրապարակորեն պատժել մեղավորներին:

Հիմա պարզենք, թե ինչու են բուհերում նորընծա ուսանողներին սովորեցնում հայերենի, ռուսերենի, անգլերենի (կամ ֆրանսերենի, գերմաներենի) ուղղագրությունը, կետադրությունը, քերականությունը, ոճաբանությունը, խոսքի մշակույթը և այլն): Չէ՞ որ ուսանողները, այդ ամենը պիտի յուրացրած լինեին դեռ դպրոցում:

Եզրակացությունը նույնն է: Լավ օրից չէ, որ այդպես է: Բուհերի ոչ մասնագիտական լեզվական դասընթացները ինքնըստինքյան կվերանան կամ կվերաճեն մի ավելի լուրջ բանի (օրինակ՝ մասնագիտական լեզվի հիմունքների ուսուցման) այն ժամանակ, երբ դպրոցը իսկապես կտա այն գիտելիքները (գոնե դրանց 50 %-ը), որ նախատեսված են առարկայական ծրագրերով, չափորոշիչներով, կրթակարգով ու այլ փաստաթղթերով, այլ ոչ թե միայն գնահատականներ կնվիրի կամ կվաճառի:

Դպրոցի մակարդակը կսկսի բարձրանալ, եթե այդ մակարդակի նկատմամբ պետական ու հանրային պահանջարկը մեծանա, բուհերը սկսեն պատրաստել բարձրակարգ մանկավարժներ:

Բուհերը բարձրակարգ մասնագետներ կկարողանան պատրաստել, եթե դպրոցը համապատասխան կրթական հիմք ապահովի…

Այո՛, շղթան արատավոր է, և դժվար է ճեղքելը:

Ճեղքում կարող են ապահովել դպրոցի ավարտական և բուհի ընդունելության չկեղծված քննությունները: Սա միակ լծակն է, որով կարելի է ցեխից դուրս բերել թե՛ դպրոցը, թե՛ բուհը (հետևաբար՝ նաև գիտությունը, տնտեսությունը և այլն):

Այդ լծակի շնորհիվ անգամ կոռուպցիայի պայմաններում մրցակցային դաշտ է ձևավորվել դիմորդների և քննություն կազմակերպողների ու անցկացնողների (այդ թվում՝ թեստեր ու շտեմարաններ ստեղծողների) միջև: Դիմորդները (ինքնուրույն կամ կրկնուսույցների օգնությամբ) արագորեն հաղթահարում են եղած թեստերի ու շտեմարանների մակարդակը: Վերջիններիս հեղինակները հարկադրված տարեցտարի բարդացնում են թեստերն ու շտեմարանները: Բայց դիմորդները կրնկակոխ հետապնդում են նրանց: Այս մրցակցության շնորհիվ իրենց ուժերին ապավինած դիմորդները հրաշքներ են գործում, դեռ գնում ու դպրոցական միջազգային օլիմպիադաներում են հաղթում: Սակայն նրանց կողքին կա հովանավորյալ դիմորդների մի ստվար բանակ, որ այդ մրցակցությունից դուրս է և մեծ մասամբ բաղկացած է հաբռգած, լկտի ու կիսագրագետ ջահելներից, որոնք բուհերի հատկապես «էլիտար» բաժիններ են «ընդունվում» փողով կամ հովանավորչությամբ:

Մյուս կողմից՝ բուհերն իրենք են «հաբռգել»: Այլևս հաշվի չեն առնում մասնագիտությունների իրական պահանջարկը և անվերջ ավելացնում են ընդունելության տեղերը (չնայած դիմորդների թիվը գնալով նվազում է): Դրա հետևանքով առաջանում են հազարավոր թափուր տեղեր, որոնք ամեն կերպ լրացնելու համար (վերաքննությամբ, ատեստատի թվանշանով ընդունելությամբ, կենտրոնացված քննությունները շրջանցող կառույցներով՝ հեռակա բաժիններ, ուսումնարաններ, մասնավոր բուհեր և այլն) փաստորեն իջեցվում է ընդունելության շեմը:

Եվ ահա բուհում իրար կողքի հայտնվում են ընտիր պատրաստված «անտեր» ուսանողը, տերունի ու փողատեր (ջիպերով դասի հաճախող) անգրագետը, սողալով մի կերպ բուհ խցկված ծույլիկ կիսագրագետը, որին բուհ ընդունել են միայն այն բանի համար, որ վարձավճար տա և քարշ գալով հասնի վերջին կուրս (որից հետո հարց է՝ դիպլոմ կստանա՞, թե՞ ո՛չ):

Ահա այս տխուր իրավիճակում իհարկե մեծ սխալ կլինի թե՛ ընդունելության քննությունները վերացնելը, թե՛ կրկնուսույցներին հալածելը, թե՛ քննությունների մակարդակն ու շեմը արհեստականորեն իջեցնելը:

Վերոհիշյալ առողջ մրցակցությունն է հասցրել ընդունելության քննությունների ներկայիս առավելագույն մակարդակին (ստորին մակարդակի անընդմեջ իջեցումը բուհերի միջև անառողջ մրցակցության հետևանք է): Եվ այդ բարձր մակարդակը արժեք է ու գործիք, որից ոչ մի դեպքում հրաժարվել չի կարելի: Այլապես Նիկոլի կոչերն ու հորդորներն էլ չեն օգնի, որ դպրոցը ավելի խոր չխրվի ցեխի մեջ:

Ընդհակառակը, պետք է քննությունները զերծ պահել չարաշահումներից ու կեղծարարություններից և աստիճանաբար առողջ մրցակցության մեջ ներգրավել դպրոցը:

Հաճախակի ժխտողական կարծիք է հայտնվում նաև քննությունների թեստային եղանակի վերաբերյալ: Դարձյալ՝ հապճեպ ու չկշռադատված եզրակացություն: Իբրև փաստարկ կրկնվում է ամբոխավարների այն մակերեսային տեսակետը, թե անգիր անելով գիտելիք ձեռք չես բերի: Իսկ հետաքրքիր է, թե այդպես ասողներն իրենք անգիր չե՞ն արել բազմապատկման աղյուսակը, ուղղագրական բառացանկերը, պատմական տարեթվերը, մաթեմատիկական հարյուրավոր բանաձևերը, մայրենի ու օտար լեզուների հազարավոր բառերն ու բանաձևային արտահայտությունները, պատմական ու գրական հերոսների անունները, քիմիական տարրերի ու միացությունների անվանումները…

Ի՞նչ է, նրանք չգիտե՞ն, որ մանկավարժությունը առանց վարժանքի ու վարժեցնելու չի կարող լինել, որ կրթության գլխավոր գործիքներն են հիշողությունը և տրամաբանությունը: Դրանցից առաջինի հիմքը անգիրն ու վարժանքն են, երկրորդինը՝ վերլուծությունն ու համադրումը:

Ուրեմն պետք է ոչ թե մերժել անգիրը, այլ ընդամենը պահանջել, որ դա լիարժեքորեն զուգորդվի վերլուծական աշխատանքով, տրամաբանության զարգացմամբ:

Ուրեմն պետք է պահանջել, որ թեստերը հիմնվեն ոչ միայն (կամ առավելապես) անգիրի, այլև տրամաբանության վրա: Դրան հասնելու ճանապարհ կա: Կա՛մ պիտի քննական առաջադրանքներ պարունակող շտեմարանները վերանան, կա՛մ դրանք պիտի այնպիսի ծավալ ստանան (ասենք՝ 4-ի փոխարեն 14 հատոր), որ պարզապես անհնար լինի առաջադրանքներ ու դրանց պատասխաններ անգիր անելը, և դիմորդը գերադասի կանոններ ու փաստեր անգիր անելը ու դրանք վերլուծաբար կիրառելը առաջադրանքներ լուծելիս:

Ինչ վերաբերում է թեստային եղանակին, ապա չմոռանանք, որ դա մեր գյուտը չէ: Դա (ինչպես և 12-ամյա եռաստիճան դպրոցական ու երկաստիճան բուհական կրթությունը, ընթացիկ գնահատման կրեդիտային համակարգը և այլն) մենք փոխառել ենք արևմուտքից և նրանց պահանջով ու օժանդակությամբ ներդրել մեր կրթական համակարգում (արժեր ճշտել, թե դրա համար որքան վարկ են մեզ տվել միջազգային հիմնադրամներն ու դրամատները):

Մեր կրթության ոչ վաղ անցյալի պատմությանը քաջածանոթ մարդը գիտի, որ տարիների ընթացքում փորձարկել ենք թե՛ թելադրության, թե՛ փոխադրության, թե՛ շարադրության եղանակով քննությունները և ի վերջո հանգել ներկայիս հարցարանային (թեստային) եղանակին, որը մյուսներից տարբերվում է ստուգման ընթացքում մարդկային գործոնի բացառման հնարավորությամբ:

Այլ խնդիր է, որ մեզանում կիրառվող թեստային եղանակը զարգացման դեռ մեծ ներուժ ունի, և նրանում կարելի է (ու պետք է) ավելի մեծ տեղ տալ տրամաբանության, վերլուծական կարողությունների, հնարամտության, խոսք համադրելու (սերելու) ունակության, ճանաչողական ու հաղորդակցական կարողությունների ստուգմանը:

Բայց չի կարելի մեր կրթական համակարգը հետ տանել քարի դար:

Մեր կյանքը պիտի պահանջի, որ մեր ամեն քաղաքացի լիարջեք տիրապետի թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքին, կարողանա ցանկացած ձևով ու ոճով արտահայտել իր մտքերը, զգացմունքներն ու հույզերը, ազատ հաղորդակցվել ամենքի հետ, ամեն իրավիճակում և ոչ միայն հայերեն, այլև այն մյուս լեզուներով, որ դասավանդվում են դպրոցում: Եվ ոչ միայն լեզուներին տիրապետի, այլև այն մյուս բոլոր առարկաներին, որ կան դպրոցական կրթության ծրագրում:

Սա անհիմն երազանք չէ: Պարզապես պետք է մեր կրթական համակարգը դուրս բերել կոռուպցիայի ճիրաններից ու թույլ տալ, որ զարգանա իր բնականոն հունով, այլ ոչ թե հրաժարվել եղած արժեքներից ու ձեռքբերումներից, թացը չորի հետ վառել ու վերջում կանգնել կոտրած տաշտակի առաջ:

Հովհաննես Զաքարյան

Հ.Գ. Ավելի խոր վերլուծությունների համար լրագրային հոդվածի ձևաչափը հարմար չէ: Դրանք՝ այլ առիթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Առողջ դատողություններ էին և տեղին մտահոգություններ:

  2. Հովհաննես Զաքարյանը ճիշտ է․ խնդիրներ կան։ Սակայն, թերեւս ոչ այնտեղ, ուր նա է նշում։ Խնդիրը անազնիվ պաշտոնյաները կամ ուսուցիչները չեն, այլ գաղափարաբանությունը․ ձուկը գլխից է հոտում, իսկ այդ գլուխը Արեւմուտքում է՝ ստրասբուրգներում ու բրուսելներում։ Տվյալ դեպքում՝ Բոլոնյայում։ (Օրենսդրության դեպքում՝ Վենետիկում եւ այլն)։ Լենին պապիկը ասում էր «սովորել, սովորել, սովորել», ու թեեւ դա ասված էր այլ իմաստով, բայց փաստացիորեն դա կրթության քարոզ էր։ Սակայն կիրթ մարդը կիրթ ժողովուրդները եւ լայն զանգվածները վտանգ են ներկայացնում վերնախավի համար․ կիրթ մարդուն դժվար է կառավարել։ Հենց դա է պատճառը, որ ընդհանրական Արեւմուտքը՝ աշխարհի փաստացի տերը, չի խրախուսում հանրային, զանգվածային կրթությունը (իսկ վերնախավը կարող է ունենալ իր փակ՝ վերանխավային դպրոցը)։ Բնական է, ուղիղ դա չես ասի, ուստի եւ արվում առաջ տանելով այնպիսի կրթական համակարգեր, որոնք աստիճանբար, աննկատ, բայց անշեղորեն բթացնում են զանգվածները։ Դրանց ձեւերից մեկը հենց լուրջ առարկաների՝ այն է՝ մաթեմատիկայի, լեզվաբանության ժամերի կրճատումն է (վերջերս Ռուսատանի ամենաազդեցիկ մարդկացից մեկը՝ Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը կարծիք էր հայտնել, որ մաթեմատիկան դպրոցներ եկրին պետք չեն։ Բնականաբար, ասել էր շատ տրամաբանական իմաստով․ երիտասարդները պետք է բազմակողմանի զարգացում ստանան։ Բայց չէ՞ որ տարբեր մարդիկ օժտված են տարբեր ոլորտներում։ Ինչո՞ւ ուրեմն չասվեր, թե անհրաժեշտ են մասնագիտացված դպրոցներ ոչ միայն մաթեմատիկայի բնագավառում, այլեւ լեզվի, օրենսդրության, պատմագիտության, կենսաբանության եւ այլ ոլորտներում։ Սակայն պարզ է, որ դա կբերի կրթության զարգացմանը, իսկ Արեւմուտքի նպատակը (որի խոսնակն է հենց Գրեֆը) ճիշտ հակառակն է։
    Այնպես որ, ցանկացած բան, որ գալիս է Արեւմուտքից․ 12-ամյա դպրոց (որի նպատակն է 2 տարով հետ գցելը երիտասարդին ուսման ընթացքում), բկալավրիատ-մագիստրատուրա 6-ամյա կրթությունը (որի նպատակն է եւս 1 տարով կրթությունը դանդաղեցնելը), թեստային համակարգը, կրեդիտային համակարգը եւ այլն նպատակ ունի ոչնչացնելու կրթությունը։ Բնականաբար կարճ մեկնաբանության շրջանակներում անհնար է ամեն ինչին անդրադառնալ, սակայն մեր կրթրության զարգացման հիմնական սկզբունքը ՑԱՎՈՔ պետք է լինի Հովհաննես Զաքարյանի կարծիքի ճիշտ հակառակը․ դեպի հետ՝ հանուն առաջընթացի։ Այն է, քարի դարում չհայտնվելու համար մեզ պետք է սխալ ուղուց հետ շարժվել, վերադառնալ գոնե խորհրդային վերջին տարիների կրթական մակարդակին եւ սկզբունքներին, եւ նոր միայն շարժվել առաջ։
    Ցավոք, բնական է, դա անհնար է․ Արեւմուտքը զորեղ է, եւ քանի այն կա, ժողովուրդները լինելու են մոլորության մեջ եւ շարունակելու են զանգվածաբար շարժվել դեպի քարի դար, շարունակելու են գորտի պես եփվել աստիճանաբար եւ հաճելիորեն տաքացող ջրի մեջ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031