ԱԺ Ծառուկյան խմբակցությունը մտադիր է ՀՀ կառավարությանը ներկայացնել նոր ծրագիր, որը լինելու է այլընտրանք՝ Վրաստանը Ռուսաստանի հետ կապող «Լարսի» անցակետին: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը:
«Երեկ հանդիպել եմ Մոսկվայից հրավիրված լուրջ մասնագետի հետ: Եթե առաջիկայում Վրաստանի հետ ինքնուրույն լուծենք այլընտրանքային ճանապարհի խնդիրը, ՀՀ կառավարությանը կներկայացնենք այդ նոր հնարավորությունը,-տեղեկացրեց Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, մնում է՝ վրացական կողմը չառարկի. «Եթե Փոթիից Այրում բեռնափոխադրման արժեքը մեկ տոննայի համար 93 դոլար է, ապա այդ ծրագրի իրագործման դեպքում այն կիսով չափ կնվազի: Խոսքն այլ նավահանգստից բեռնափոխադրումներ անելու մասին է: Ես հյուրի հետ բանակցում եմ որպես տնտեսագետ»:
Սերգեյ Բագրատյանը հրաժարվեց ներկայումս մանրամասներ բացահայտել, միայն նշեց. «Մոսկվացի հյուրը, որի հետ խորհրդակցում ենք, ազդեցիկ կապեր ունի Վրաստանում: Մենք պատրաստել ենք պայմանագրի տեքստը: Գագիկ Ծառուկյան էլ իր ազդեցությամբ կարող է նպաստել մեր մտադրությանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ