Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Սրանք անձի պաշտամունքի երանգներ են, որոնք երբեք ոչ մի լավ տեղ չեն տանում». «Փաստ»

Հոկտեմբեր 26,2018 12:35

Սոցիալ–հոգեբանական դաշտում , ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, հեղափոխությունից գրեթե 6 ամիս անց շատ հետաքրքիր զարգացումներ կան:

«Հիմա կարելի է ասել, որ արդեն էյֆորիայի փուլը անցել է. կայունացող դիրքորոշումների փուլ կա, բայց կա նաև դիրքորոշումների փոփոխության փուլ: Մեծ հաշվով՝ այսօրվա իրավիճակը սոցիալ–հոգեբանական տեսանկյունից կարելի է անվանել դիրքորոշումների փոփոխությունների փուլ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց հոգեբանը:

Նա ընդգծեց, որ պետք է հասկանալ մարդկանց հոգեվիճակների անցումները. «Երկար տարիների հիասթափություններից, փոքրիկ վերելքներից ու վայրէջքներից հետո այս գործընթացների հենց սկզբից մարդիկ իրենց սուբյեկտ են զգացել: Ժողովրդի որոշակի զանգվածի ակտիվ մասնակցությամբ տեղի է ունեցել այն, ինչը թվում էր, թե հնարավոր չէ: Մեր ժողովրդի որոշակի հատվածն իրեն զգաց իրադրության տերը, իր ձեռքով գործ արեց: Այդ ամենից հետո առաջնորդի լուսավոր մի կերպար առաջացավ, բայց յուրաքանչյուր՝ նույնիսկ լավագույն առաջնորդը ո’չ կուռք է, ո’չ Աստված: Նա մարդ է՝ իր բոլոր դրական, բացասական ու թույլ կողմերով: Այստեղ արդեն տեղափոխվեցինք սոցիալ–հոգեբանական սայթաքումների տիրույթ՝ մարդուն աստվածացնում են: Սրանք անձի պաշտամունքի երանգներ են, որոնք երբեք ոչ մի լավ տեղ չեն տանում»:

Նրա խոսքով՝ 6 ամիսը կարճ ժամանակ չէ նոր իշխանությունների վարքագիծը դիտարկելու համար:

«Այսօրվա իշխանությունների գոյության ամենաառաջնային ռեսուրսը նախկին իշխանություններն են, այսինքն՝ նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Հների նկատմամբ այդ բացասական վերաբերմունքը դեռ մարդկանց մեջ թարմ է, թարմ է նաև սուբյեկտ լինելու զգացողությունը: Նոր իշխանությունը դեռ մնում է այս ամենի վրա, իր բոլոր, ես կասեի, մեծամասամբ բացասական ազդակներով: Ի՞նչ նկատի ունեմ բացասական ազդակ ասելով. կույր պետք է լինել չտեսնելու համար. նախ՝ բազմիցս է ասվել՝ զրոյական պրոֆեսիոնալիզմով կառավարություն»,–նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում կա նաև հոգևոր արժեքների նկատմամբ այնպիսի մի հարձակում, որոնք անվտանգության շատ լուրջ խնդիր են դառնում:

«Որպես օրինակ անդրադառնամ ակտուալ՝ համասեռամոլների թեմային: Այստեղ նույնիսկ հարցը սեռական կողմնորոշումը չէ, թեև «խաղը», բնականաբար, դրա վրա է: Բայց սրանով ի՞նչ արժեքի են հարված հասցնում: Մեզ մոտ մարդիկ իրենց անձնական, ինտիմ կյանքը ի ցույց չեն դնում բոլորին: Այս մշակույթը շատ շեշտված է եղել մեզ մոտ, որը զարգացել է քաղաքակրթական զարգացումների արդյունքում: Սա մշակույթ է՝ շատ անձնական տիրույթը պահելու մշակույթ, որը ոտնատակ է արվում»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ թեմայի շուրջ առկա խոսակցությունները, քննարկումները վատ տոն են համարվում մեզ մոտ:

«Հարցն այդքան էլ դժվար, ծանր լուծելի չէ, ինչպես ներկայացվում է: Պետք է ուղղակի օրենքով արգելել քարոզը: Այդ գույնզգույն բաները պետք է ուղղակի հանեն մեր կյանքից: Մեր մշակույթին, ազգային հոգեկերտվածքին հարիր չէ շատ նեղ անձնական հարցերը դրոշակի նման բարձրացնել ու դրանով դուրս գալ հասարակություն»,–շեշտեց հոգեբանը:

Վերադառնալով դիրքորոշումների փոփոխությունների փուլ ասվածին՝ Կարինե Նալչաջյանն ընդգծեց, որ 6 ամիսը բավականին երկար ժամանակահատված է, որ մարդկանց տրամադրությունների մեջ էմոցիոնալ տարրը մի քիչ ավելի հանդարտվի:

«Երբ մարդը չափազանց երջանիկ կամ չափազանց տխուր է, այդ պահին թեկուզ բավականին պարզ գործողություն կատարելը շատ դժվար է: Այդ վիճակում դու կարող ես վրիպումներ թույլ տալ: Երբ էմոցիաները մի փոքր խաղաղվում են, այդ վիճակը հետ է քաշվում, մարդկանց մոտ արդեն խնդիրների նկատմամբ վերլուծական մոտեցումը, համեմատությունները, համադրությունները, եզրակացությունները սկսում են ավելի սթափ ու հստակ ձևով աշխատել:

Հիմա նշված ժամանակաշրջանը բավական է, որ էմոցիոնալ այդ շատ բարձր ֆոնը իջնի: Լավ՝ արեցինք, լավ՝ ստացվեց, լավ՝ մենք սուբյեկտ ենք… Բայց հիմա արդեն կամաց–կամաց մարդիկ սկսում են գնահատականներ տալ նոր տեղի ունեցող իրադարձություններին, և այդ գնահատականների մեջ ես արդեն որոշակիորեն օբյեկտիվություն եմ տեսնում: Արդեն չեն խուսափում նաև դրականի հետ մեկտեղ խոսել բացասական երևույթների մասին: Հիմա արդեն մարդիկ ավելի շատ վերլուծում են, քննադատական միտք կա: Այնուամենայնիվ՝ մարդիկ դեռ շատ թանկ են գնահատում այն, ինչ արել են: Սա էլ է հասկանալի. մարդիկ հպարտանում են իրենց արածով, հիմա չեն ուզում, որ այդ ինքնագնահատականն իջնի, ուզում են ասել, որ մենք ճիշտ ենք արել, ճիշտ ճանապարհի վրա ենք: Կան նաև մարդիկ, ովքեր շատ կտրուկ են կանգնած, կամ էլ դիրքորոշումները սկսում են կարծրանալ և այլն»,–ասաց Կ. Նալչաջյանը:

Վերջինս շեշտեց, որ իր ուսումնասիրության դաշտում են նաև սոցցանցերում առկա մեկնաբանությունները. «Ի տարբերություն երեք–չորս ամիս առաջ առկա իրավիճակի, իմ դիտարկմամբ, հիմա ակնհայտ է, որ տեսակետների բովանդակության առումով փոփոխություն կա: Իշխանությունները սա անպայման պետք է հաշվի առնեն, որովհետև դեկտեմբերը ջրբաժանային է լինելու: Եթե կրկին հանրահավաքներ լինեն, մինչև դեկտեմբեր էյֆորիկ ալիքներ կարող են լինել: Դեկտեմբերից հետո արդեն ամեն մեկն իմանալու է, թե ինչ դիրքում է սոցիալական կառուցվածի մեջ: Այս դեպքում արդեն ժողովուրդն ավելի պահանջատիրական դիրք է ընդունելու»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031