ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ վարչապետի նշած կաշառակեր պատգամավորը կարող է ՀՀԿ-ից լինել։ Հարցին՝ բացառու՞մ է, որ այդ պատգամավորը ՀՀԿ-ից չէ, նա պատասխանեց. «Ես բացառում եմ, որ դա ես եմ։ Մնացածը ոչ մի բան չեմ կարող ասել։ Ես կարծում եմ, որ, եթե պարոն վարչապետը նման հայտարարություն է արել, ուրեմն իրավապահ մարմինները գոնե պատգամավորի անունը չտալով, պետք է հերքեն վարչապետի ասածը կամ հաստատեն։ ՀՔԾ պետը հոկտեմբերի 25-ին երկու պատգամավորի անուն հերքեց (Միհրան Պողոսյան, Արամ Հարությունյան)։ Եթե կասկածյալ ու մեղադրյալ չկա, ապա ի՞նչ կարիք կար նման հայտարարություն անելու։ Եթե արվել է՝ նման բարձր մակարդակով, ի վերջո կասկածյալ պետք է լինի»։
Անդրադառնալով «բարիկադների ապամոնտաժմանը» եւ իրենց իշխանության օրոք ու այս իշխանության օրոք պաշտոններ ստացող անձանց, Շարմազանովը նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ մեր կադրերն են։ Կա պետական ծառայություն, յուրաքանչյուրն ազատ է՝ ընդունել առաջարկները, եթե ինքը գտնում է, որ անելիք ունի, ուրեմն պետք է աշխատի։ Ես որեւէ բան չեմ տեսնում, որ ինչու այս կամ այն պետական պաշտոնյան աշխատում է։ Առաջին օրվանից էլ մարդիկ են աշխատում վարչապետի հետ, որոնք եղել են մեր թիմում, մասնավորապես, պաշտպանության եւ ֆինանսների նախարարները։ Այնպես չէ, որ ես կառավարությունում չեմ, ուրեմն կառավարության թշնամին եմ»։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում