Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն «Ընտրական օրենսգրքում» նոր փոփոխություն է արել

Հոկտեմբեր 26,2018 12:12

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր միաձայն ընդունեց ԸՕ-ի փոփոխությունները: Այս հարցով երկրորդ արտահերթ նիստը կկայանա երկուշաբթի օրը`պատգամավորների ստորագրահավաքի հիման վրա: Այս հարցով կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստում փոփոխությունները չընդունվեցին:

Հանձնաժողովում «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ, հարցի հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանը նորմալ է համարում, որ քաղաքական բոլոր ուժերին պետք է պատրաստվել ընտրություններին, այդ իմաստով, հասկանալի եւ ընկալելի են խոսակցությունները`ընտրություններն ավելի ուշ անցկացնելու մասին: Բայց նա չի համաձայն չէ տեսակետին, որ ԸՕ-ի այս տարբերակը հրատապ եւ անակնկալ նետվեց հրապարակ: «Այս գործընթացն ավելի շատ քաղաքական կոնսենսուսի խնդիր է, քան իրավական անհարթությունների հարթման»,- հայտարարեց պատգամավորը` հպանցիկ անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին:

Նախագծի իրավական նորույթները, հիշեցնենք, հետեւյալն են` ռեյտինգային համակարգի վերացում. այսուհետ ընտրությունները կլինեն բաց համամասնական ցուցակներով: Ըստ Գեւորգ Պետրոսյանի, ռեյտինգային համակարգը վատը չէ, բայց պատգամավորը կարծում է, որ ՀՀ-ում «ռեյտինգային համակարգը բարձր պահելու մշակույթը չի հասունացել»: Նաեւ`կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների վերացումներ, կոալիցիաների ձեւավորման ժամկետների վերանայումներ: Իջեցվել է ԱԺ անցնելու նվազագույն շեմը. եթե նախկինում 5 տոկոս էր կուսակցությունների եւ 7 տոկոս դաշինքների համար, այժմ, համապատասխանաբար 4 եւ 6 է սահմանվել, ընտրագրավի չափն է նվազեցվել եւ այլն:

Անդրադառնալով քաղաքական օրակարգի հիմնական հարցին` հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով գնալ արտահերթ ընտրությունների, Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց`ԲՀԿ-ն վերահաստատում է Ծառուկյան-Փաշինյան պայմանավորվածությունը`դեկտեմբերին անցկացնել ընտրություններ եւ բարեփոխված օրենսգրքով:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Գեւորգ Կոստանյանը: Հարցի հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը համալսարանում դասի էր, չէր կարողացել գալ: Իսկ ՀՀԿ-ից Նիկոլ Փաշինյանի ճամբար անցած Գեւորգ Կոստանյանի կարծիքն այս է. «Այս օրենքին վերաբերվում եմ իբրեւ իրավական ակտ, ոչ թե քաղաքական գործոն»: Քաղաքական ենթատեքստերը իրեն «շատ քիչ» են հետաքրքրում: Իրավական առումով, փաստաթուղթը նա համարում է «ընդունելու արժանի», քանի որ այն կարող է ծառայել, որպես ընտրական գործընթացի բարեփոխման գործոն:

Գեւորգ Պետրոսյանը միջամտեց. «Բյուրեղյա իրավական ակտ չէ, անխոցելի իրավական ակտ չէ, կարող է քննադատության ենթարկվել, բայց իր հիմնական բովանդակությամբ հավակնում է առավելագույնս ապահովել հասարակության տրամադրությունները ավելի ժողովրդավար տարբերակներով իրավական ակտի վերածելուն»:

Այս քննարկմանը հետեւեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունը`առաջարկում են առաջին հոդվածի վեցերորդ կետը հանել: Այդ կետով գաղտնազերծվում են զորամասերում տեղակայված ընտրական տեղամասերի համարները: «Պետական գաղտնիք կարող ենք բացահայտել»,- հիմնավորեց փոխնախարարը:

Գեւորգ Կոստանյանը համամիտ չէ`զորամասի զինվորների թիվ չի հրապարակվում. «Նպատակը հասկանալի է, հիմնավորումը չկա»: Նա չի կարծում, թե պետական գաղտնիք են հրապարակում: Միջամտեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Գործադիր իշխանությունը պնդում է, որ այս փոփոխությունը տեղ չգտնի օրենսգրքում: Լիազոր մարմնի կարծիքն է: Մտավախություն կա, որ հնարավոր կլինի զորամասի զինվորների թվաքանակի բացահայտման»:

Գեւորգ Կոստանյանը խնդիր չի տեսնում, բայց հիմնավորումը իր համար ընդունելի չէ, բայց, քանի որ պատգամավորները պնդեցին`ՀՀ-ի պետական շահն ավելի կարեւոր է, քան ընտրական գործընթացում որեւէ բացթողումը, առաջարկությունն անցավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031