Ինչո՞ւ է պահանջ դրվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան ոչ թե եկող տարվա մայիս-հունիսին, այլ այս տարվա դեկտեմբերին:
Անցած հինգ ամիսները ցույց տվեցին, որ այս իշխանությունները ոչ մի պատկերացում չունեն, թե ինչ պետք է արվի տնտեսությունում (մյուս ոլորտներին գուցե կանդրադառնանք, գուցե՝ ոչ, բայց իրավունք ունենք գրանցելու, որ դրանցում էլ արժանահիշատակ բան չի արված):
Մարդը խոստացել էր, որ իր վարչապետության հաջորդ օրն իսկ ներդրումները հոսելու են երկիր, և մենք ականատեսն ենք լինելու երկրի թռիչքային զարգացման: Չեղավ: Իշխանության մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ մենք արդեն գիտենք:
Մեր կարծիքով, եթե անգամ այդպիսի խոստումներ և ծրագրեր էլ կային, ապա դրանք իրականություն չէին դառնա, քանի դեռ մեր երկրում շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի բեմականացումը: Բացի այն, որ այդ ամենը կատարվում է մասնագիտական շատ ցածր մակարդակով, այդ գործողությունների ծրագիրն ու սցենարն էլ սիրողականից ցածր մակարդակի են: Ակնհայտ էր անելիքի անհասկանալիությունը, իսկ գործողությունների կառուցման ճանապարհների փլուզումները ցույց էին տալիս պատասխանատու մարդկանց ոչ կոմպետենտությունը: Եվ դա՝ ամենաբարձր մակարդակներում: Այդ գործընթացներում ԱԱԾ-ի ներգրավումով կարծես թե պիտի ընդգծվեր դրանց կարևորությունը, բայց ստացվում էր այնպես, որ այդ կառույցն ավելի կարևոր առաքելություն չունի և, ըստ էության, նսեմացվում էր դրա դերը երկրի կյանքում:
Մյուս հանգամանքը, որ այդ ճանապարհին ոչ պակաս կարևոր խոչընդոտ է, մենաշնորհների առկայությունն է մեր երկրում: Այն իրողությունը, որ «բոլոր ցանկացողները կարող են բանան ներկրել», բոլորովին էլ չի նշանակում, որ մենաշնորհները վերացված են: Դա ընդամենը նշանակում և ցույց է տալիս, թե ինչ մակարդակով են ընկալում այդ կարևորագույն տնտեսական խնդիրը մեր իշխանությունները: Ընկալման մակարդակի հաստատումն է նաև իշխանության ձեռքին եղած միակ հակամենաշնորհային գործիքի (ՏՄՊՊՀ) պարապուրդը, երբ գյուղնախարարը (թեկուզ և արդեն նախկին) կաթ արտադրողներին կաթ մթերողների դեմպինգային գործարքից պաշտպանելու միջոց չէր տեսնում՝ «մենք նրանց վրա ազդելու լծակներ չունենք» մեկնաբանությամբ:
Իշխանության հայտարարությունները, թե մեր երկրում մենաշնորհները վերացված են, իրականությանը չեն համապատասխանում: Դրանք ինչպես եղել են, այնպես էլ կան: Որպես դրա հետևանք նույնությամբ պաշտպանվում է երկրում հաստատված օլիգարխիական համակարգը՝ իր բոլոր հնարավոր ազդեցություններով: Իշխանությունների մեկնաբանությունը, թե իրենք չեն ուզում վնասել ձևավորված և գործող բիզնեսներին, նույնպես խոսում է իրենց անելիքների վերաբերյալ պատկերացումների մակարդակի և անճարակության մասին:
Դա նույնպես դրսից լավ տեսանելի է, որքան էլ մենք չուզենանք:
Այս ժամանակավոր կառավարության տնտեսական անհաջողությունների ուրիշ պատճառներ էլ կան, բայց դրանց մասին՝ իրենց տեղում:
Վերջապես՝ անցած հինգ ամիսների ընթացքում կառավարությունը չկարողացավ հանրությանը ներկայացնել հարկային-մաքսային օրենսդրության իր տեսլականը: Կարծում ենք` սա լուրջ է:
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում