ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Մոսկվա կատարած այցից հետո տարածաշրջանային այցով Անդրկովկասում է: Այսօր նա բանակցություններ է վարում Վրաստանում, իսկ դրանից առաջ այցելել էր Ադրբեջան և Հայաստան, որտեղ փորձում էր աջակցության հավաստիացումներ ստանալ Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսում և հարավում ԱՄՆ միանգամից երկու հակառակորդների՝ Ռուսաստանի և Իրանի հետ դիմակայության հարցում, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
Ջոն Բոլթոնի շրջագայության առաջին կետը Բաքուն էր: Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևորության մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականը պարզաբանեց, որ «դա միակ երկիրն է, որը միաժամանակ սահմանակցում է Ռուսաստանի և Իրանի հետ»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններում պարոն Բոլթոնը քննարկեց ՆԱՏՕ-ի գործողություններն Աֆղանստանում, որին մասնակցում է ադրբեջանցի 120 զինվորական, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և «Հարավային գազային միջանցքի» գործարկումը: Այդ նախագիծը Վաշինգտոնում ակտիվ աջակցություն ունի՝ հաշվի անելով, որ դրա իրագործումը կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:
Բաքվում իր զրուցակցի հետ զրույցում Բոլթոնն ակնարկեց, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակն է աջակցություն ստանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող դիմակայության գործում: «Քննարկվել են Թեհրանին որոշակի գործողություններից և նրա միջուկային ծրագրից հետ պահելուն ուղղված քայլեր»,- հանդիպումից հետո հայտարարեց ԱՄՆ նախագահի օգնականը: Ընդ որում, Ջոն Բոլթոնը փորձեց հանգստացնել Իլհամ Ալիևին՝ նկատելով. չնայած ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ուժեղացնել ճնշումն Իրանի վրա՝ նրանք «չեն ցանկանում դրա արդյունքում վնաս հասցնել Ադրբեջանի բարեկամներին»:
Միաժամանակ, Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հայտարարություններում Իրանն ընդհանրապես չի հիշատակվում: Բաքվում տեղակայված «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլղար Վելիզադեն համոզված է, որ դա պատահական չէ: «Բաքուն երբեք թույլ չի տա իրեն օգտագործել որպես մարտադաշտ հարևանների հետ գործողություններում, քանի որ դա սպառնալիքի տակ է նում հենց Ադրբեջանի անվտանգությունը,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է փորձագետը:- Միաժամանակ Ադրբեջանում լավ են հասկանում Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունները և նրան առաջարկում են թեմաների այն հավաքակազմը, որի շրջանակում հնարավոր առաջընթացը դիվիդենտներ կբերի երկու կողմերին էլ»: Նման թեմաների շարքին Վելիզադեն դասում է Աֆղանստանում իրավիճակի կարգավորումը:
Բաքվից մեկնելով Երևան՝ Ջոն Բոլթոնն առավել մանրամասն շոշափեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման և հետաքրքրաշարժ հայտարարություն արեց՝ տարածաշրջան ամերիկյան զենքի հնարավոր մատակարարման մասին: «Այս պահին որոշում չկա կողմերից որևէ մեկին զենք վաճառելու վերաբերյալ,,- ասաց Բոլթոնը մամուլի ասուլիսում:- Ես չեմ կարող կանխատեսել՝ ինչ որոշում կընդունվի, բայց այս պահին իրավիճակն այսպիսին է. Հայաստանը զենք գնում է հիմնականում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը նույնպես՝ 80 տոկոսով Ռուսաստանից: Այդ հանգամանքը, իհարկե, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ դրա արդյունքում Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի կողմերի վրա»:
Ընդ որում, տեղի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ջոն Բոլթոնը բացահայտ կոչ արեց Հայաստանի իշխանություններին ռուսական զենքի փոխարեն գնել ամերիկյանը: «Ինչպես ես ասացի Նիկոլ Փաշինյանին, եթե խոսքը կամ ռուսական, կամ ամերիկյան զենք գնելու մասին է, ապա մենք կնախընտրեինք վերջինը,- ասել է նա:- Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը»: Ընդ որում` պարոն Բոլթոնն ինքը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում էմբարգո է դրված Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման վրա, բայց նշեց, որ դրանում «կա բացառություն»:
Երևանում տեղակայված «Կովկասյան ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը անիրական է համարում Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքը: «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն անվտանգության ոլորտում ներառում է տասնյակ պայմանագրեր, և այդպես կտրուկ իրավիճակը փոխել հնարավոր չէ,- ասել է Իսկանդարյանը «Կոմերսանտի» հետ զրույցում:- ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի սպառազինության չափանիշներն անհամատեղելի են»:
Բացի այդ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ջոն Բոլթոնը նշել է, որ «իրանական սահմանը կարևոր հարց կդառնա» հայ-ամերիկյան հարաբերություններում, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է «առավելագույն կերպով ճնշում գործադրել Իրանի վրա»: Սակայն այս հարցում Հայաստանի համար չափազանց դժվար կլինի զիջումների գնալ: Հատկապես ներկա պայմաններում, երբ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է «ազատ առևտրի գոտի» ստեղծել Իրանի հետ, իսկ ԵԱՏՄ-ի՝ Իրանի հետ սահմանակցող միակ երկիրը Հայաստանն է, եզրափակում է թերթը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ