Առաջիկա ներքաղաքական զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
– ՏԻՄ ընտրություններում Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվեց, եւ դա տեղի ունեցավ առանց ընտրակաշառքի կիրառման։ Սա խոսո՞ւմ է այն մասին, որ հասարակության մոտ դժգոհություն է առաջանում այս իշխանությունների հանդեպ։
– Կապանում կար երկու գործոն, առաջինը այն էր, որ վարչապետը առաջարկել էր իր թեկնածուին, իսկ երկրորդ գործոնը վարչապետի կողմից մարզպետ նշանակված անձնավորությունն էր։ Այսինքն՝ կապանցին գիտակցաբար ընտրություն կատարեց, մերժելով նշանակված մարզպետին՝ քվեարկեց վարչապետի թեկնածուի դեմ։
Այն էյֆորիան, որը կա, սկսում է կամաց-կամաց դադարել։ Կապանում դա դադարել է։ Վտանգավորն այն է, որ վարչապետը իր ելույթում նշեց՝ թեկնածուն հաղթել է, որովհետեւ այնտեղ կրիմինալ կլանները մոբիլիզացրին եւ իրենց թեկնածուին անցկացրին։ Ստացվում է, որ ովքեր քվեարկել են վարչապետի թեկնածուին, դրանք գիտակցաբար ընտրողներն են, իսկ մեծամասնությանը մոլորեցրել են. նրանք անգիտակից ընտրողներ են։ Վարչապետի մոտ, փաստորեն, ի հայտ է գալիս սեփական անսխալության սինդրոմը։ Ինքը սկզբում ասել էր, որ մարզպետի գործոնը նշանակություն չունի, հիմա չի ուզում ընդունել, որ ինքը սխալվել է։ Նույն ելույթում ինքը նշեց, որ իր կողմից նշանակված մարդիկ կարող են սխալվել։ Այսինքն՝ պարզապես չի ընդունում, որ ինքը կարող է սխալվել։ Սա այն սինդրոմն է, որը Սերժ Սարգսյանին բերեց պարտության։
– Ասացիք, որ էյֆորիան որոշ տեղերում մարել կամ մարում է։ Այս իրավիճակում խորհրդարանական ընտրություններին ի՞նչ արդյունք կունենանք։ Որո՞նք կլինեն այն 4 ուժերը, որոնք կմտնեն ԱԺ։
– Դա կախված է՝ ընտրական օրենսգիրքը կընդունվի, թե չի ընդունվի։ Եթե ընդունվի, խորհրդարանում կլինի «Իմ քայլը» դաշինքը։ Մարդիկ կգնան, կքվեարկեն ոչ թե կոնկրետ այդ դաշինքին, այլ Նիկոլ Փաշինյանին։ Այն 3-ի մասով դժվար կլինի կոնկրետ պատասխանելը։ Այն ուժերը, որոնք ուզում են լինել ԱԺ-ում, հոկտեմբերից արդեն պետք է թաքնված քարոզարշավ իրականացնեն։ Բայց մենք դեռ չենք տեսնում այդ կուսակցությունների գործողությունները։ Մի քիչ դա կա ԲՀԿ-ի մոտ, ինչ-որ չափով նշույլներ տեսնում ենք «Սասնա Ծռեր» կուսակցության մոտ, իսկ մյուսների մոտ ոչինչ չենք տեսնում։
Զրուցեցին Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում