Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լիճն ու կարտոֆիլի բերքահավաքից մի դրվագ, խաչքարերից մինչև ճայերի կղզի. անմահացել են ֆոտոխցիկի միջոցով

Հոկտեմբեր 26,2018 11:31

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի անդամ Արմինե Ժամհարյանը դասդասում է իր ընկերների երկամսյա աշխատանքի արդյունքը` Գեղարքունիքի մարզը ներկայացնող փոստքարտերը, որոնք արժևորում են տարածաշրջանի գրավչությունները` դրանք ներկայացնելով խոսուն պատկերներով:

Իսկ ամեն ինչ սկսվել է ամիսներ առաջ: «IRAPA» ֆրանս-հայկական հարթակը, «Tourisme Guegharkounik» և «Goris Tourist Info Center» ֆեյսբուքյան էջերը նախաձեռնել էին «Երիտասարդական Կրեատիվ Դրամաշնորհ» ծրագիրը:

Այս դրամաշնորհը` 500 եվրոյին համարժեք դրամ գումարային ֆոնդով, Գեղարքունիքի մարզի և Գորիսի տարածաշրջանի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել պատմամշակութային ժառանգությունը խթանող ծրագրեր:

Ծրագրին արձագանքել էին շատերը. 18 թիմ ներկայացրել էր իր տեսակի մեջ ինքնատիպ, տարածաշրջանային առանձնահատկություններից բխող, տեղական ժառանգությունն արժևորող ծրագիր:

Արդյունքների ամփոփումից հետո Սևանում հաղթող ճանաչվեց «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի երիտասարդների կողմից ներկայացված «Փոստքարտ Հայաստան» ծրագիրը:

«Սևանի տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների կողմից կար պահանջարկ այնպիսի բացիկների, որոնց վրա պատկերված են լինելու պատմամշակութային հուշարձանները, բնապատկերներ, անգամ այն վայրերն ու պահերը, որոնք առաջին հայացքից կարող են աչքի չընկնել, ուշադրություն չգրավել, սակայն ինքնատիպ են և, լուսանկարչական ապարատը, որսալով դրանք, հավերժացնելու է այն ու հանրայնացնելու»,- դեռևս ամիսներ առաջ իրենց ծրագիրն էր ներկայացնում Արմինե Ժամհարյանը, որը ծրագիրն իրականացնող 4 երիտասարդներից մեկն է:

Հունիսից մեկնարկած ծրագիրը կատարել է իր հիմնական առաքելությունը, որի արդյունքում մեկը մյուսից տարբերվող փոստային բացիկներն են: Դրանք հավակնում են դառնալ սպասված հուշանվեր` պատմելով Գեղարքունիքի մարզի հայտնի ու անհայտ գրավչությունների մասին:

«Որտեղ գնալ, ինչից սկսել հարցադրումներն ուղեկցում էին խմբի յուրաքանչյուր անդամին: Ժամանակն անսահմանափակ չէր,- պատմում է Արմինեն ու շարունակում:- Երթուղին սկսեցին Գավառ քաղաքից, ու ստացվեց «համով» փոստքարտ` փախլավայով: Առաջինին հաջորդեցին մյուսները, որոնք այսօր տասն են և ունենալու են շարունակություն»:

Խմբի անդամներից Մանե Սերգոյանը և Սասուն Մինասյանը կատարել են լուսանկարչական աշխատանքներ, Հրաչյա Բաղդասարյանն ապահովել է տեխնիկական մասի սպասարկումը, Արմինե Ժամհարյանը համակարգել է ծրագրի ողջ ընթացքը, իսկ «Սևան» երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանն օգնել ու աջակցել է խմբին ծրագրի ընթացքում:

Համատեղ աշխատանքը տվել է իր պտուղները: Սևանա լիճն ու կարտոֆիլի բերքահավաքից մի դրվագ, խաչքարերից մինչև ճայերի կղզի, չիչխանի արտադրանքից մինչև բնության գողտրիկ պատկերներ անմահացել են ֆոտոխցիկի միջոցով, մարդիկ էլ` իրենց աշխատանքով ու ճակատագրով, դարձել են հերոսներ:

«Սա միայն բացիկ չէ, շատ ավելին է. քարտը պատկերի դարձերեսին QR կոդի միջոցով սմարթֆոնի օգնությամբ հնարավոր է տեսնել այն տարածքները, որոնց մի դրվագն արդեն իսկ պատկերված է: Հղումներն արվում են կայքէջ, քարտեզ, ֆեյսբուքյան էջ»,- ներկայացնում է Արմինեն:

Կրեատիվ գաղափարից իրականություն ձգվող ճանապարհի 90% հաղթահարված է: Իհարկե, եղել են նաև դժվարություններ` լուսանկարների բազմազանության ապահովում, տպագրություն, թղթի որակ և այլն:

Փոստքարտերի տարածման և վաճառքի համար ևս գտնվել է ինքնատիպ լուծում: Տեղադրվելու է 3 փոստարկղ, ինչպես նաև 4 վահանակ: Զբոսաշրջիկը, այցելուն կարող է գնել փոստքարտը` վճարելով 500 դրամ, կամ էլ իր նախընտրած քարտը գցել արկղի մեջ` նշելով հասցեատիրոջը, վճարելով ևս 250 դրամ ծառայության վճար:

Յուրօրինակ նվերը` մի բուռ Գեղարքունիքը, կառաքվի ժամանակին` հասնելով այն անձին, որի համար նախատեսված է:

Արմինեն փորձում է գնահատել իրենց կատարած աշխատանքը. թիմը հետաքրքիր ճանապարհ է անցել, ձեռք է բերել նոր ծանոթներ, մարզի տարբեր համայնքների երիտասարդների աչքերով է նաև տարածաշրջանի գրավչություններին, որոնց արդյունքում մեծացել է շփումների շրջանակը, ինչպես նաև իրենց տեսահորիզոնը:

Արմինեն ու ընկերները խոստովանում են. պետք չէ սևեռվել միայն լճի վրա` սահմանափակելով այլ ռեսուրսներին մոտենալու հնարավորությունը:

«Բազմազան է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակը մեղմ է, Սևանը, Գավառը` ավելի խիստ, Վարդենիսը` քարոտ, մարդիկ էլ` ինքնատիպ, անմիջական»,- նշում է Արմինեն:

Փոստքարտ Հայաստանը դարձել է խաչմերուկ մարզի քաղաքների և գյուղական բնակավայրերի համար, խաչաձևել է մարդկային ճակատագրերը ու պատրաստվում է անցնել երկրից երկիր` հեռավոր ափերում գտնվող մարդկանց պատմելու այս տարածաշրջանի գրավչությունների մասին, այստեղ բերելու զբոսաշրջիկների նոր խմբեր, որոնք արդեն իրենց աչքերով կվայելեն այն ամենը, ինչին ծանոթացել են լուսանկարների միջոցով:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031