Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլթոնը ջարդում է ռուսական զենքով՝ Մոսկվայի ազդեցության պատերը

Հոկտեմբեր 26,2018 15:29

ՀՀ-ի հետ հարաբերությունների բարելավելումը՝ բարձր առաջնահերթություն
ԱՄՆ-ի համար

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, ԱՄՆ վարչակազմի ամենաազդեցիկ քաղաքական ֆիգուրի՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցով դրսեւորվեց Հարավային Կովկասի նկատմամբ ամերիկյան աճող հետաքրքրությունը: Այն ուղերձները, որոնք Բոլթոնը հղել է Բաքվում, ապա՝ Երեւանում, իսկապես խիստ ուշագրավ էին:

«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում Ջոն Բոլթոնը սենսացիոն հայտարարություն է արել՝ անդրադառնալով մեր տարածաշրջանի համար այլընտրանքների հարցին: «Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թվում` զենքի վաճառքի բնագավառում։ Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին եւ Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ»,- նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով արգելքը` ասել է նա։ «Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական եւ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի եւ պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում է»,- հավելել է Բոլթոնը՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար։

Երեւանում կայացած ասուլիսում Բոլթոնը նկատել է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Ռուսաստանին այդ երկրների վրա ազդեցության մեծ լծակներ է տալիս. «Իսկ դա խաղաղության չի բերում: Նշեմ նաեւ, որ մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք մրցակցությանը՝ որպես շարժիչ ուժ: Միանշանակ, մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը»:
Այլ կերպ ասած՝ Բոլթոնը ուղիղ նշել է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել Հայաստանին ու Ադրբեջանին զենք չվաճառելու իր դիրքորոշումը՝ ռուսական ազդեցությունը թուլացնելու նպատակով: Ընդ որում, նա հստակ շեշտել է, որ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը հակամարտության կողմերին չի նպաստում հակամարտության կարգավորմանը:

Ի դեպ, Բոլթոնը նաեւ ի ցույց է դրել Վաշինգտոնի սպասելիքները Նիկոլ Փաշինյանից՝ նախ արձանագրելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից. «Եթե ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններում վարչապետն ու նրա քաղաքական ուժը ստանան մանդատ, դա վարչապետի համար լավ հնարավորություն է նաեւ Արցախի խնդրի լուծման համար վճռորոշ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Եթե պատրաստակամություն լինի, մենք էլ, որպես համանախագահող երկիր, կաշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ արձագանք լինի»: Բոլթոնի երեւանյան ուղերձները առավել քան հստակ ու միանշանակ էին: Հետաքրքիր է լինելու այժմ Մոսկվայի ռեակցիան:

«Պատմական այց».
Հայ-ամերիկյան բարձր մակարդակի փոխայցելությունները հաճախակի կդառնան

Ինչ վերաբերում է պաշտոնական հանդիպումներին եւ հայտարարություններին, ապա դրանք եւս հետաքրքրական էին: Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունեց Բաքվից Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Փաշինյանը «պատմական» է որակել Հայաստանի համար նման բարձր մակարդակի պատվիրակության այցը: «Շատ կարեւոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, եւ մեր կառավարությունը կարեւորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»: Ապա նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին եւ նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան. «Սիրո եւ համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք եւ ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»: Փաշինյանը կարեւորել է մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում: Նա շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է եւ արժեք:

Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Բոլթոնը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարեւորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը. «Ուրախ եմ Ձեզ հետ քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակը: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը եւ քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: «Մասնավորապես, կողմերն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, տնտեսության, արդարադատության համակարգի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղություններով համագործակցության ընդլայնմանը եւ կարեւորել երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված հետեւողական քայլերի իրականացումը: Այդ առումով Նիկոլ Փաշինյանը եւ Ջոն Բոլթոնը ընդգծել են նման բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը եւ ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարեւորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում, եւ բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձեւավորումը: Կողմերը քննարկել են նաեւ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք այլ հարցեր»,- ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Պնախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը: Իսկ Ջոն Բոլթոնը ի պատասխան իր խոսքում ասել է. «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ես շատ եմ կարեւորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի մասով, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը: Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»:

ԼՂ խնդրի կարգավորումը ռազմավարական տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար

Միացյալ Նահանգները հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով՝ Երեւան ժամանելուց առաջ, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում նշել էր ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը: Բոլթոնի խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է ազդել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման վրա. «Այսինքն՝ ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի նաեւ մեզ համար»:

Այսպես, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորումը ռազմավարական կարեւորություն ունի ԱՄՆ-ի համար, թեեւ նկատել է նաեւ, որ ժամանել է, որպեսզի առավել հանգամանորեն ծանոթանա խնդրին: Հաջորդ կարեւոր արձանագրումն այն է, որ Բոլթոնը Բաքվում արձանագրեց, որ Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար ռազմավարական տեսանկյունից չափազանց կարեւոր տարածաշրջան է: «Մենք համարում ենք Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար ռազմավարական տեսանկյունից չափազանց կարեւոր տարածաշրջան: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի մասին է, որը միակ երկիրն է, որ սահման ունի միաժամանակ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի հետ»,- ասել է Բոլթոնն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

Ի դեպ, Բոլթոնի՝ Բաքու կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Բաքվին օգնության տրամադրումն արգելող 907-րդ լրացման գործողությունը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը չէր բացառել, որ նախագահը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտին 907-րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար: Բոլթոնն այս մասին եւս նշել էր «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

Ինչպես հայտնի է, Ազատության աջակցման ակտին արված լրացումը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով Ադրբեջանին օգնության տրամադրումը: «Լրացումը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Իշխանության գործադիր ճյուղը միշտ չէ, որ նույն քաղաքական գիծն է ունենում, եւ մեր Սահմանադրության համաձայն՝ իրականում հենց նախագահն է որոշում երկրի արտաքին քաղաքական գիծը»,- ասել էր Բոլթոնը: Թրամփի խորհրդականը հավելել է, որ նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ նախագահները հարկ եղած ժամանակ դադարեցրել են լրացման գործողությունը: Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված այս լրացումը ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտությունը: Պաշտոնական Բաքուն ձգտում էր հասնել նրան, որպեսզի 907-րդ լրացումը չեղարկվի:

Վաշինգտոնն
ու Մոսկվան ամրանում են Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցն ակնհայտորեն ամերիկյան շահերի, ամերիկյան ակտիվության մասին որոշակի ուղերձ էր: Թրամփի նախագահությունից հետո ստեղծված մթնոլորտը, թե Հարավային Կովկասում միակ խաղացողը Ռուսաստանն է, ըստ ամենայնի Վաշինգտոնին այլեւս հարմար չէ: Հետեւաբար Բոլթոնի այցը Ռուսաստանի աճող ազդեցությունը որոշակիորեն զսպելու տեսանկյունից պետք է դիտարկել: Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարության կողմից Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր որակ ու ջերմություն հաղորդելու ձգտումներին զուգահեռ պաշտոնական Երեւանը հստակ օրակարգ պետք է ունենա ու այդ օրակարգի ուղղությամբ աշխատանքներում պետք է հետեւողական լինի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել