Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական միակ ծանրակշիռ ճյուղը, որտեղ անկում է գրանցվել, հանքագործությունն է։ Այստեղ անկումը ավելի քան 10 տոկոս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը Թեղուտի հանքի շահագործման դադարեցման հետեւանք է։ Այդ 10 տոկոսը գումարի վերածած՝ կազմում է մոտ 26 միլիարդ դրամ։ Այսինքն, անցած տարվա համեմատ, այս ճյուղում արտադրվել է 26 միլիարդ դրամով պակաս արտադրանք։ Եթե համարենք, որ այս միտումը շարունակվել է նաեւ սեպտեմբերին, ապա պարզ կդառնա հետեւյալը։ Հանքերը մտնում են այդ առավել խոշոր ընկերությունների ցանկի մեջ, եւ նրանց կողմից 26 միլիարդ դրամով պակաս արտադրանքը մոտավորապես հենց այն 3 տոկոսն է, որքանով որ նվազել է արդյունաբերության ընդհանուր ծավալը։
Դժվար չէ կռահել, որ արտահանման ցուցանիշների վատթարացումը նույնպես պայմանավորված է հանքարդյունաբերության խնդիրներով։
Իսկ արդյունաբերության մյուս ճյուղերում արձանագրված ցուցանիշները սպասվածի շրջակայքում են։ Օրինակ, մշակող արդյունաբերությունում արձանագրվում է բավականին կայուն աճ՝ հենց օգոստոսին այստեղ եղել է 9.2 տոկոս, իսկ առաջին 8 ամիսներին՝ 9.3 տոկոս աճ անցած տարվա նույն ժամանակահատվածների համեմատ։ Իսկ սա ամենեւին էլ վատ ցուցանիշ չէ, մանավանդ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, որտեղ անընդմեջ առաջացող խնդիրները, մեղմ ասած, որեւէ կերպ չեն նպաստում տնտեսության աճին։
Նկատենք նաեւ, որ վերջին ամիսներին այսպես կոչված արտաքին կոնյունկտուրան նույնպես բարվոք չէ։ Մասնավորապես, հունիսի վերջից սկսել են նվազել գունավոր մետաղների գները։ Մեր տնտեսության ցուցանիշների տեսանկյունից կարեւորագույն մետաղի՝ պղնձի գինը վերջին երեք ամիսներին նվազել է մոտ 10 տոկոս։ Ռուսաստանում տնտեսության ոչ այնքան բարվոք վիճակը հանգեցրել է նաեւ մասնավոր տրանսֆերտների՝ դեպի Հայաստան ներհոսքի նվազմանը մոտ 5 տոկոսով։ Իսկ սա ազդում է բնակչության եկամուտների վրա եւ հետեւաբար բացասական ազդեցություն թողնում գնողունակ պահանջարկի վրա։
Մի խոսքով, հրապարակված ցուցանիշները ոչ ոգեւորվելու, ոչ էլ հիասթափվելու առիթներ են տալիս:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում