«Ժառանգության» վարչության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը վերահաստատում է իրենց ուժի մոտեցումը․ «Ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ-ի համար ստեղծված ընտրակարգ է, որովհետեւ այն կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, որը ռեսուրսներ ունի, փորձելու է ամեն ինչ անել, որ թաղային հեղինակությունների, օդիոզների տանի խորհրդարան»։ Նրա խոսքով՝ գործող ԸՕ-ով ընտրությունների գնալը իրենց նման կուսակցությունների գործը բարդացնելու է․ «Որովհետեւ, այսպես թե այնպես, խորհրդարանում «ՔՊ»-ն է մեծամասնություն ձեւավորելու, իսկ այս մոդելի գործարկման պարագայում կա վտանգ, որ մնացած տեղերը կզբաղեցնեն նախկին իշխանության ներկայացուցիչները»։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ԲՀԿ-ի մասով վերապահում ունի, ասում է, թե ԲՀԿ-ն չի օգտվի այդ ընտրակարգի հնարավորություններից, իսկ թե ինչու՝ չի բացատրում։
«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը, մինչդեռ, համոզված է, որ քաղաքական նոր իրողության պայմաններում այդ ընտրակարգն էական դերակատարում չի ունենա․ «Իրավիճակը շատ տարբեր է եւ, բնականաբար, չի կարող այն ազդեցությունն ունենալ, ինչ նախկինում, բայցեւայնպես, այս մոդելը հնարավորություն է տալիս օդիոզ դեմքերին ինչ-որ չափով սողոսկել խորհրդարան, ինչ չափով՝ կերեւա առաջիկայում»։ Ավետիսյանը խոստովանում է՝ ցանկալի էր բացառապես համամասնական ընտրակարգով մասնակցել, բայց, ինչպես բոլորը, իրենք նույնպես պատրաստ են մասնակցել նաեւ գործող ԸՕ-ով․ «Իհարկե, մեզ համար անսպասելի չի լինի, մենք հետեւում ենք քաղաքական գործընթացներին եւ զարգացումներին»։
Նորաստեղծ «Այլընտրանք» կուսակցության ղեկավար Էդգար Առաքելյանի կարծիքով՝ նախկին իշխանությունների վերարտադրությունն ապահոված ռեյտինգային ընտրակարգից անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անհրաժեշտություն է։ «Ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգը նախորդ համակարգի մնացուկները պահպանելու վերջին ճիգերն է, որին իրենց քողարկված աջակցությունն են ցուցաբերում այդ համակարգի մաս հանդիսացած որոշ ուժեր եւ անհատներ, ու բացառված չէ, որ առաջիկա արտահերթում նույնպես ականատես լինենք Ընտրական օրենսգրքի քվեարկության հերթական տապալմանը: Ռեյտինգային համակարգը խնդրահարույց է հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ հաշվի առնելով նաեւ այն, որ տարածքային ցուցակները պետք է ներառեն առնվազն 5 թեկնածու, իսկ եթե դրան ավելացնում ենք ընտրագրավի բավականին բարձր շեմն ու արտահերթ ռեժիմով ընտրությունների անցկացումը, ապա այս իրավիճակը նորաստեղծ քաղաքական ուժերի համար ընտրություններին մասնակցելու լուրջ խոչընդոտներ է ստեղծում»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում