Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

…Եվ պղնձյա շեփորները

Հոկտեմբեր 26,2018 10:00

Այս տարվա ապրիլի 19-ին ես հարցազրույց էի վերցրել այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանից եւ, ի թիվս այլ թեմաների, հարցրել էի՝ «ինչպե՞ս եք Դուք վերաբերվում քծնանքին»: Համատեքստն այն էր, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, միաձայն առաջարկել էր նրան վարչապետի պաշտոնում, իսկ կուսակցականները օրուգիշեր գովերգում էին նրան՝ շեշտելով իրենց լիդերի անփոխարինելիությունը: Իմ զրուցակիցը, բնականաբար, պատասխանեց, որ քծնանքին վերաբերվում է խիստ բացասաբար: Այդպես, երեւի, կպատասխանեն բոլոր առաջին դեմքերը եւ ոչ միայն նրանք:

Բայց քծնանքը լուրջ փորձություն է ցանկացած մարդու համար: Կասեի անգամ՝ մարտահրավեր: Աստված մի արասցե, եթե որեւէ ղեկավարի մտքով անցնի, թե իր հասցեին հնչող մեղրածոր բառերը անկեղծ են: Դա իրականությունից կտրվելու ուղիղ ճանապարհ է, որը վաղ թե ուշ տանում է կործանման:

Այդ ամենը ես հիշեցի, երբ երկուշաբթի օրը լսում էի Ազգային ժողովի՝ «վարչապետ չընտրելու» նիստի հեռարձակումը: Պարզվում է, ներկայիս պատգամավորները մեծ մասամբ հեղափոխականներ էին ոչ թե այս տարվա ապրիլից, այլ իրենց ողջ գիտակից կյանքի ընթացքում: Եվ ահա նոր արշալույս է բացվել մեր հինավուրց հողի վրա, եւ այդ ամենը՝ շնորհիվ ներկայիս վարչապետի: Հասկանալի է, թե ինչու են այդ մարդիկ քծնում՝ մեծ ժողովրդականություն վայելող առաջնորդը կարող է այդ պատգամավորներին ընդգրկել իր նախընտրական ցուցակում, կարող է նաեւ նպաստել, որ իրենց կուսակցություններն ընտրությունների արդյունքներով հայտնվեն երրորդ կամ չորրորդ տեղում՝ իրենց 2-3 տոկոսներով: Ասելով «նպաստել» ամենեւին նկատի չունեմ առաջվա «նպաստելը»: Պարզապես՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասի, որ այս կամ այն կուսակցությունը հակահեղափոխական է եւ «սեւ», այդ կուսակցության շանսերը կհավասարվեն զրոյի:

Ես այլ ելք չեմ տեսնում վարչապետի համար, քան այս ձոները կտրուկ, անգամ կոպիտ ձեւով ընդհատելը: Դա բխում է թե՛ Փաշինյանի եւ թե՛ պետության շահերից: Դեռեւս անտիկ շրջանում կար այսպիսի ասացվածք՝ նա անցել է հրի, ջրի եւ պղնձյա շեփորների միջով: Այսինքն՝ հին հույները (կամ, ով գիտի, հռոմեացիները) տարատեսակ զրկանքներն ավելի թեթեւ փորձություն էին համարում, քան իշխանությունը եւ փառքը:

Այո, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բայց այդ՝ դարձյալ անտիկ շրջանից եկող բանաձեւի վերաբերյալ նույնպես ես ունեմ վերապահումներ: Դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հիմա որ Ալավերդու պղնձաձուլական գործարանն ալ փակուեցաւ, ապրուստի աղբիւրէ զրկուած ընտանիքները մի կողմ, Հայաստանում պղինձի գինն ալ հաւանաբար կը բարձրանայ: Հետեւաբար, Կիւմրիի մուտքի այդ նոր արձանին արժէքն ալ բարձրացաւ: Կողքին պետական թիկնապահ մը թող մնայուն տեղաւորեն, մի քանի ամիս ետք, յանկարծ մէկը զայն չտանի ձուլէ, ծախէ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031