Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վարչապետի ենթական չեմ»

Հոկտեմբեր 26,2018 14:30

«Առավոտի» զրուցակիցն է վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը

– Ընտրական օրենսգրքի տապալման համար Դուք մեղադրեցիք նաեւ իշխանությանը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը»,- նման գրառում էիք կատարել: Ինչ-ինչ ստվերային գործընթացնե՞ր են եղել, որ մեղադրանքի սլաքն իշխանության կողմն էլ եք ուղղում:

– Ոչ մի ստվերային գործընթացի մասին խոսք չկա: Հարցն ընդամենն այն է, որ ես համարում եմ` կառավարության առաջնահերթությունների ցանկում ԸՕ-ի ընդունումը պատշաճ տեղում չէր: ԸՕ-ի ընդունումը ընտրություններից առաջ եղել է հեղափոխության հիմնական հանգույցներից մեկը, կարծում եմ, որ, այնուհանդերձ, ԸՕ-ն պետք էր կամ ընդունել, կամ գոնե երաշխիքներ ունենալ, որ այն կընդունվի, կամ հնարավոր ամեն ինչ անել, որ այն ընդունվի` նախքան ընտրությունների գործընթացը սկսելը:

– Առիթ չէի՞ք ունեցել վարչապետի հետ նախօրոք խոսելու այս ամենի մասին, ի՞նչ դիրքորոշում ուներ նա:

– Միակ բանը, ինչը որ ես ժամանակին՝ դեռեւս մայիսին ասել էի վարչապետին, որ ընտրությունները հունվար-փետրվար ամիսներին չարժի անել: Սա եղել է իմ զուտ մասնագիտական ռեկոմենդացիան, որովհետեւ հունվար-փետրվարին, եղանակով պայմանավորված, դրանք կարող են բավականին խնդրահարույց լինել: Ժամկետների հետ կապված ուրիշ քննարկում ես վարչապետի հետ չեմ ունեցել:

– Այն ժամանակ վարչապետը համաձայնե՞ց Ձեզ հետ:

– Չգիտեմ, ես ընդամենը ռեկոմենդացիա եմ արել:

– «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, հակադարձելով Ձեր քննադատությանը, ասել էր, որ Դուք լավ տեղյակ եք եղել, թե ինչ գործընթացների արդյունքում են արտահերթ ընտրությունները դեկտեմբերին նշանակվել: Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը՝ Ձեր կարծիքով:

– Հարցն այն չէ, թե ինչո՞ւ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: Հարցն այն է, որ դրանք անակնկալ ձեւով բերվեցին դեկտեմբեր: Այսինքն՝ արժեր մի քիչ ավելի շուտ երեւի ասել, որ դրանք դեկտեմբերին են լինելու: Մյուս կողմից՝ հիմա գոնե կարելի էր մեկ շաբաթ ավելի ուշ անել: Մեկ շաբաթն էլ բավականին իրավիճակ կփոխեր: Այս պարագայում մեր բախտը բերեց, որ շաբաթ օրն աշխատանքային է, եւ ԸՕ-ի ընդունման համար հրավիրվելիք երկրորդ արտահերթ նիստի ստորագրահավաքի համար նախատեսված ժամկետը լրանում է երկուշաբթի օրը: Բայց ժամկետների պատճառով բավականին ռիսկ կա ԸՕ-ի ընդունման:

– Դուք գիտե՞ք, թե ինչն էր պատճառը, որ արտահերթ ընտրություններն այդպես անակնկալ ձեւով նշանակվեցին դեկտեմբերին, քանի որ քաղաքական ուժերն էլ խոսում էին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություններ է խախտել, քանի որ ըստ նախնական պայմանավորվածությունների՝ արտահերթ ընտրությունները գարնանը պետք է տեղի ունենային: Ի՞նչ հրատապ գործընթացներ կային, որ այդպիսի անակնկալ որոշումների պատճառ դարձան:

– Գարնանը ընտրություններ անելու պայմանավորվածություններ, անկեղծ ասած, չեմ հիշում: Այսինքն՝ ընտրությունները դեկտեմբերին անելը ինքնին չէր հակասում պայմանավորվածություններին: Բայց երեւի արժեր մի քիչ ավելի շուտ ասվեր, որ դրանք դեկտեմբերին են անցկացվելու:
Իսկ այդ գործընթացների մասով ես գիտեմ ճիշտ այնքան, որքան բոլորը գիտեն` տնտեսության, ներդրումների, քաղաքական կայունության առումներով արժի արտահերթ ընտրություններն ավելի շուտ անել:

– Դուք կարծում եք՝ վարչապետն ավելի վա՞ղ ուներ որոշում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու, քանի որ մինչ այդ անակնկալ հայտարարություն, այլ ժամկետ չէր հայտարարվել:

– Կդժվարանամ ասել: Ես չգիտեմ, թե վարչապետն ինչ որոշում եւ երբ է կայացնում: Ես լրատվամիջոցներից եմ իմացել վարչապետի հրաժարական տալու ժամկետի մասին:

– Վարչապետի հասցեին հնչեցրած Ձեր քննադատությունից հետո Նիկոլ Փաշինյանի թիմի հետ խնդիրներ առաջացե՞լ են, Դուք հիմա յուրային չե՞ք ընկալվում իրենց թիմում:

– Ես հուսով եմ, որ նախկինում էլ յուրային չէի ընկալվում: Ամեն դեպքում, ՔՊ թիմի անդամ չեմ եղել եւ երբեք չեմ ստանձնել պարտավորություն իշխանություններին չքննադատելու: Այս ընթացքում էլ են իմ կողմից բազում քննադատություններ հնչել` իշխանության տարբեր քայլերի համար: Իմ այդ հրապարակումից հետո մենք աշխատանքային քննարկում ենք ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, եւ այն անցել է նորմալ: Բարեբախտաբար, ան ժամանակները, երբ իշխանությունը վերաբերմունք էր փոխում, անցել են: Միգուցե հանրության կողմից իմ ներգրավվածությունը սխալ էր ընկալվում, բայց, ամեն դեպքում, ես կառավարությունում չեմ աշխատում: Ես վարչապետի ենթական չեմ, օգնում եմ կառավարությանը իրականացնել ընտրական ռեֆորմներ:

– Ձեր կարծիքով՝ երկուշաբթի օրը կայանալիք արտահերթ նիստում կհաջողվի՞ ունենալ նոր ԸՕ եւ ընտրությունների գնալ նոր օրենսգրքով: Եթե չհաջողվի, ի՞նչ ենք կորցնում կամ, գուցե, շահո՞ւմ առաջիկա ընտրություններում:

– Ես խորապես հույս ունեմ, որ ԸՕ-ն առաջիկա երկուշաբթի, երեքշաբթի օրերին կընդունվի առաջին եւ երկրորդ ընթերցումներով: Որովհետեւ, հակառակ պարագայում, բացի առաջիկա ընտրությունների կազմակերպման տեխնիկական խնդիրներից, շատ ավելի վատը կլինի քաղաքական միջավայրը: Իսկ ամենակարեւորն այն է, որ գործադիր իշխանությունը ընտրվելուց առաջ ժողովրդին խոստացել է, որ նախ ԸՕ-ի բարեփոխումներ անցկացվեն՝ նախքան արտահերթ ընտրությունների անցկացումը: Իշխանությունը պետք է բոլոր օրինական միջոցներն օգտագործի, որպեսզի դա տեղի ունենա. եթե կարիք կա, նաեւ դիմի քաղաքացիների օգնությանը, որովհետեւ դա էր հեղափոխության տրամաբանությունը: Գործադիր իշխանությունը չի կարող ասել` դե լավ, ոչինչ, կարող ենք նաեւ հին ԸՕ-ով գնալ ընտրությունների: Այդ մոտեցումը անընդունելի է: Իրենք կարող են դա ասել որպես կուսակցության ներկայացուցիչ` իրենց կուսակցական մոտեցումներից ելնելով, բայց հեղափոխությամբ ժողովրդի կողմից իբրեւ մանդատ ստացած կառավարություն՝ իրենք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այդ քայլը իրականացվի:

Ընտրական բարեփոխված օրենսգիրքը ՀՀ-ին անհրաժեշտ է ժողովրդավարական, նորմալ միջավայրում ընտրությունների անցկացման համար, եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են գնում դրան, դեմ են գնում ՀՀ-ի շահերին: Եվ այն պատգամավորները, ովքեր դեմ կքվեարկեն, իրենք դեմ են կքվեարկեն Հայաստանի, Հայաստանի ժողովրդի շահերին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի քննադատություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոստանում եմ ուղղվել»:

«Առավոտ»

25.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել