Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբի խնդիրը չի լուծվում. չի լուծվել ոչ նախորդ կառավարությունների, չի լուծվում եւ նորի օրոք

Հոկտեմբեր 26,2018 14:00

Աղբահանության խնդիրը մեր երկրում չի լուծվում: Չի լուծվել ոչ նախորդ կառավարությունների, չի լուծվում եւ նորի օրոք: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի` «Մաքուր Հայաստան» ծրագրով մայրաքաղաքից, մարզերից տոննաներով աղբ հավաքվեց, սակայն մաքրածի տեղը կրկին աղբով լցվեց: Եթե ուզում ենք մեր բնակավայրերն աղբից մաքրված տեսնել, գործընթացը պետք է շարունակական լինի, անկախ այն բանից` ով է կառավարության կամ քաղաքային իշխանության ղեկին: Աղբահանությունը պետք է ռելսերի վրա դրված համակարգ լինի, ոչ թե որեւէ անձով պայմանավորված: Եթե մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում կամ այս կամ այն մարզի բանուկ հատվածներում աղբահանություն է կատարվում եւ լեփ-լեցուն աղբամանները գոնե օրվա ինչ-որ ժամի դատարկվում են, ապա հանրապետության երկրորդական փողոցներում, ոչ մարդաշատ վայրերում աղբի պակաս չկա: Բոլոր երկրների քաղաքացիներն էլ շրջապատը կեղտոտում են, անգամ ամենազարգացած երկրներում օրվա մեջ փողոցները աղբի մեջ կորում են, սակայն համակարգն այնքան օպերատիվ է աշխատում, որ շուրջբոլորը մշտապես մաքուր է երեւում: Մեզ մոտ աղբահանության հիմնական շեշտը դրվում է երեւացող տեղերի վրա, սակայն բանուկ ճանապարհներից շեղվելու դեպքում տարիներով կուտակված աղբակույտերի ենք ականատես լինում:

Մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման հարցը հատկապես քննարկման առարկա դարձավ Երեւանի ավագանու ընտրության օրերին. ավագանու անդամի եւ քաղաքապետերի թեկնածուները շրջանառության մեջ դրեցին երկրորդ, երրորդ օպերատոր ներգրավելու հարցը, որպեսզի մրցակցություն լինի, եւ քաղաքն ի վերջո աղբից մաքրվի, սակայն երբ չկա աղբը հավաքելու հստակ մեխանիզմ, որով կպահանջվի, որ քաղաքի չերեւացող մասերն էլ պետք է մաքրվեն, Երեւանն աղբից չի ազատագրվի: Տարիներ առաջ ամեն վարչական շրջան աղբահանության իր օպերատորն ուներ, եւ այսօրվա պես ոլորտը մենաշնորհ չուներ, այդուհանդերձ նույն խնդիրը կար:

Քաղաքը միայն կենտրոնական փողոցներն ու բակերը չեն: Կան բազմաթիվ հանգստյան գոտիներ, որտեղով աղբահավաք մեքենա երբեւէ չի անցնում` չնայած որ ճանապարհները բանուկ են եւ միանգամայն երթեւեկելի: Չի անցնում, որովհետեւ նախատեսված չէ այդ վայրերում էլ աղբահանություն իրականացնել:

Այդպիսի մի երթեւեկելի գոտի է Հրազդանի կիրճից` «Մերիդիան էքսպո կենտրոնից», դեպի Արշակունյաց պողոտա տանող ճանապարհը:

Փողոցը ձգվում է մինչեւ բնակելի բազմաբնակարան շենքեր, եւ այդ ողջ երկայնքով էլ աղբ է կուտակված: Ընդ որում, տարիներով չմաքրած աղբ:

 

Այս հատվածում աղբահանություն նախատեսված չէ, հակառակ դեպքում շուրջ մեկ կիլոմետր եւ ավելի ձգվող ճանապարհին գոնե մեկ-երկու աղբաման դրված կլինեին: Աղբամանի բացակայության պայմաններում աղբը հայտնվում է փողոցում:

Հենց աղբամանների բացակայության պատճառով է նաեւ, որ ջրատարներն են վերածվում աղբամանների:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

25.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել