Լրահոս
Օրվա լրահոսը

Աճուրդի տունն ինչ հիմքով է եռահարկ շենքը եւ հողը գնահատել 16 միլիոն դրամով

Հոկտեմբեր 26,2018 13:30

Տարոն Տոնոյանը հիվանդանոց կառուցելու պատճառաբանությամբ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» սկսեց շինարարական աշխատանքներ, որոնց մասին սրտի կաթված տարած տարեց հիմնադիրն իմացավ հիվանդանոցում: Փորձ արվեց պահպանել տարածաշրջանի բացառիկ կենտրոնը, դիմեցին կառավարությանը, կրթության եւ գիտության նախարարությանը, անգամ երկրի նախագահին: Տարիների ընթացքում ձեռք բերված մեծարժեք սարքավորումները, «հույժ գաղտնի» փաստաթղթերը, ավաղ, շինարարության ժամանակ տեղափոխվեցին, ցրիվ եկան շինաղբի մեջ: Ինչպես տեղեկացրել էինք, Ակուստիկայի կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Առաքելյանը, նրա ներկայացուցիչ փաստաբան Լիաննա Բալյանը ստիպված էին դիմել վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանում Մերի Համբարձումյանի նախագահությամբ նախորդ օրը շարունակվեց ՀՀ ակուստիկայի գիտական կենտրոնի հիմնադիր Աշոտ Առաքելյանի հայցադիմումի հիման վրա հրավիրված դատական նիստը: Դատական նիստին ներկա էին Աշոտ Առաքելյանի փաստաբան Լիանա Բալյանը, ՀՀ Կառավարության եւ կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Ղազարյանը, պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արկադի Պետրոսյանը, պատասխանող Տարոն Տոնոյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հիշեցնեմ, որ դատարանն անցել էր դատաքննության փուլ եւ կողմերը հանդես եկան բացման խոսքով: Աշոտ Առաքելյանը կրկին ներկայացրեց իր հայցապահանջը եւ պնդեց, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի-23 հասցեում գտնվող 1253.5քմ մակերեսով շենքը եւ 0.07966 հա հողամասն օտարելու մասին ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշումն անվավեր ճանաչվի, ինչպես նաեւ ավելացրեց, քանի որ հիմնարկություն չէին կարող առանց գրավոր թույլտվության մուտք գործել պետական մարմնի ներկայացուցիչները եւ ինչպես են կազմել գնահատման փաստաթղթեր, եթե շենք ոչ ոք մուտք չի գործել: ՀՀ Կառավարության եւ կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Ղազարյանը, պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արկադի Պետրոսյանը, Տարոն Տոնոյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչը առարկեցին հայցի դեմ եւ պնդեցին, որպեսզի այն մերժվի: Ճանաչված գիտնական, կենտրոնի հիմնադիր Աշոտ Առաքելյանը զարմացած հարց տվեց պետական մարմնի ներկայացուցիչներին, թե իրենք է՞լ են համարում, որ այդ բոլոր ապօրինությունները ճիշտ են եւ նման ցածր գնով շենք վաճառելն օրինական է:

Դատարանն անցավ գործում եղած փաստաթղթերի ուսումնասիրությանը եւ նիստերի դահլիճում առկա համակարգչում տեղադրելով կառավարության ներկայացրած բոլոր փաստաթղթերը, դատավորը հրավիրեց բոլորին համակարգչի մոտ փաստաթղթերն ուսումնասիրելու: ՀՀ Կառավարության եւ կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Ղազարյանը, պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արկադի Պետրոսյանը, Տարոն Տոնոյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչը անտարբեր էին ներկայացված ապացույցների ուսումնասիրության համար, նրանցից որեւէ մեկը չմոտեցավ, բացի հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանից:

Լիանա Բալյանն էլ ուսումնասիրելով փաստաթղթերը` դատավորին խնդրեց հրապարակել ՀՀ առողջապահության նախարարության այն գրությունը, որով ասվում է, որ ակուստիկայի կենտրոնը գործում է եւ աճուրդից հետո կպահանջվի 2 ամիս ժամանակ գույքը տեղափոխելու համար: Փաստաթուղթը հրապարակելուց հետո Լիանա Բալյանը հարց ուղղեց պատասխանողին եւ երրորդ անձանց, թե ինչ կասեն այդ մասին: Պատասխանող Տարոն Տոնոյանի ներկայացուցիչը դժգոհեց` «Դա էլ իրենց լավությունը. 3 ամիս չարչարվել են հիմնարկության գույքը տեղափոխելու համար»: Փաստաբան Լիանա Բալյանը հարցրեց՝ կառավարությունը շենքն ու հողն էր օտարել, բայց ներսի գույքը չէր օտարել, իսկ շենքում գտնվել են «հույժ գաղտնի» գրառումով փաստաթղթեր եւ ի՞նչ իրավունքով է Տարոն Տոնոյանը տեղափոխել այդ բոլորը, չէ՞ որ շենքում գտնվող գույքը նրան չէր տրվել սեփականության իրավունքով: Կողմերի միջեւ առաջացավ վիճաբանություն այդ հարցի շուրջ եւ Աշոտ Առաքելյանը հայտարարեց, որ նա հիմնարկում աշխատում էր, երբ սենյակ է մտել Տարոն Տոնոյանը սեփականության թերթիկը ձեռքին եւ հայտարարել, որ շենքն իրենն է, դուրս պետք է գան տարածքից: Անակնկալի եկած Աշոտ Առաքելյանին ուղեղի կաթված է խփել եւ տարել են հիվանդանոց մահամերձ վիճակում. «Նոր սեփականատերն առանց օրինական փաստաթղթերի եւ առանց համապատասխան թույլտվության, առանց ճարտարապետի հաստատած նախագծերի՝ ինքնակամ փոխել է «Ակուստիկայի գիտական կենտրոն» մասնաճյուղի դռան կողպեքը, մուտք է գործել տարածք, բերել է համապատասխան տեխնիկա եւ անցյալ տարվա նոյեմբերի 15-ից սկսել է անօրինական շինարարական աշխատանքներ: Աշոտ Առաքելյանը հետո զանգահարել է Ազգային Անվտանգության ծառայություն, որտեղից եկել են երեք աշխատակից եւ առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ միասին բրեզենտե տոպրակով տարել են գետնին թափթված «հույժ գաղտնի» նշանակություն ունեցող փաստաթղթերը:

Թե դրանցից որքան էին մնացել, որքան էին ոչնչացվել` հայտնի չէ, որովհետեւ, փաստորեն, կառավարության սխալ աշխատանքի շնորհիվ հիմնարկությունը հայտնվել էր մի հասարակ ձեռներեցի ձեռքին, որը իրավունքներ չունենալով ներսի գույքի նկատմամբ՝ իրեն թույլ էր տվել կոտրել գույքը, տեղափոխել, ոչնչացնել»,-ասել է Լ. Բալյանը: Հայցվորը դատարանից խնդրել է հրապարակել «Ֆլորենս» աճուրդի տուն» ՍՊԸ տնօրեն Ա. Չիլինգարյանի կողմից 16.02.2017թ. գույքի շուկայական արժեքի գնահատման փաստաթուղթը: Հրապարակվեց այն մասը, որ փորձագետը «այցելել» է հիմնարկ եւ տեսնելով, որ մանրահատակ չկա, տանիքը կաթում է, պատուհանները ջարդված են եւ կոյուղի չկա, այդ պատճառով շենքը եւ հողը գնահատել է շատ էջան գնով:

Մինչդեռ, ՀՀ Կառավարության եւ կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Ղազարյանը դատական նիստի ընթացքում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր, որ գնահատումը կատարվել է 2005թ. սեփականաշնորհման թերթիկի հիման վրա: Լիանա Բալյանը հարց ուղղեց Ռոբերտ Ղազարյանին, թե եթե դուք ամենայն պատասխանատվությամբ նման հայտարարություն եք կատարում, ապա ինչպես կբացատրեք փորձագետի եզրակացության մեջ գրվածը, որ ասել է` թե այցելել է հիմնարկ եւ ուսումնասիրել այն:

ՀՀ կառավարության ներկայացուցիչը պատասխան չէր գտնում, նրան շտապ «օգնության» հասավ պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արկադի Պետրոսյանը, որն ասաց. «Ձեր հայցը անհիմն է, պետք է մերժվի, հիմնավորեք ձեր հարցը եւ այն պետք է մերժել»: Այդ ժամանակ հետեւեց Լիանա Բալյանի հաջորդ հարցը` «Եթե պետգույքի կառավարության աշխատողները չեն գնացել հիմնարկություն, ապա ինչպես են փաստաթուղթ ներկայացրել կառավարությանը, որ իբր գնացել են տեղազննում են կատարել եւ արձանագրել են, որ հիմնարկը չի աշխատում»: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը սխալ տեղեկատվություն է տրամադրել, որովհետեւ. «Նախ իրենց կողմից պարբերաբար տեղազննություններ չեն եղել»: Ի դեպ, նոյեմբերի 2-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակեյանի վարույթում գտնվող սույն գործի հետ կապված զուգահեռ ընթացող` քրեական գործով դատախազը միջնորդել է դատարան հրավիրել եւ հարցաքննել «Ֆլորենս» աճուրդի տուն» ՍՊԸ տնօրեն Ա. Չիլինգարյանին՝ պարզելու համար, թե ինչ հիմքով են եռհարկանի շենքը եւ հողը գնահատել չնչին` 16 միլիոն դրամով: Ըստ հայցվոր գիտնականի, որ դատական նիստերի ընթացքում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաշվի չառնելով բողոքները եւ դատարանի կասեցումը՝ Տարոն Տոնոյանին տվել է շինարարական թույլտվություն, եւ առիթից օգտվելով՝ Տարոն Տոնոյանը քանդել է շենքը եւ այսօր կատարում է ապօրինի շինարարություն: Դատական նիստը տեւեց 2 ժամից ավելի: Տարոն Տոնոյանի փաստաբանը դժգոհելով, որ հիվանդ է՝ խնդրեց, որ դատական նիստը շարունակեն առանց իրեն: Դատավորը ասաց, որ դա հնարավոր չէ եւ եթե հիվանդ է, ապա կարող է դատական նիստը հետաձգել մեկ այլ հերթի, մինչեւ փաստաբանը առողջանա: Սակայն փաստաբանը չցանկանալով, որ դատը հետաձգվի՝ ասաց՝ կշարունակի դատին ներկա լինել: Փաստաթղթերը հետազոտվելուց հետո դատավորը կրկին դիմեց կողմերին՝ եզրափակիչ խոսքով հանդես գալու: Աշոտ Առաքելյանը նորից խոսեց կառավարության ապօրինությունների մասին, իսկ Լիանա Բալյանն ասաց, որ եթե կառավարությունը տեղյակ պահեր Աշոտ Առաքելյանին եւ հիմնարկի աշխատողներին, որ ցանկանում է գույքը վաճառել եւ դա չաներ գաղտնի, ապա հաստատ կողմերի միջեւ տեղի կունենային բանակցություններ եւ միգուցե հիմնարկին այլ շենք տրամադրեին եւ աշխատակիցներն էլ չէին մնա գործազուրկ:

Դատական նիստը ավարտվեց եւ դատարանը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի 2018թ. նոյեմբերի 9-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել