Լրահոս
Օրվա լրահոսը

«Անքեն էր Րաֆֆին, բարի, ազնիվ, օժտված՝ իրեն հատուկ հումորով»

Հոկտեմբեր 26,2018 13:00

Հուշեր Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Հայկական ժողովրդական, աշուղական եւ կոմպոզիտորական արվեստը ներկայացնող ինքնատիպ երգիչ էր համաժողովրդական սեր վայելող վաստակավոր արտիստ Րաֆֆի Հովհաննիսյանը: Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց վաղաժամ հեռացած սիրված երգչի ծննդյան 85-ամյակը: Կազմակերպիչներն էին լոսանջելեսաբնակ պրոդյուսեր Հասմիկ Զալյանը եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Երեկոն, որին մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի լոսանջելեսաբնակ որդին՝ երգիչ Արմեն Հովհաննիսյանը, կրում էր «Հորս երգը իմ հուշերում» խորագիրը, ինչը դիպուկ էր ընտրված: Երգչի երկրպագուներին ու ընտանիքին սփոփում է մի բան՝ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվող ձայնագրությունները:

«Առավոտի» հետ Րաֆֆի Հովհաննիսյան մարդու եւ երգչի մասին իր հուշերը կիսեց մշակութաբան, ժամանակին Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը. «Րաֆֆին անսամբլ հրավիրվեց 1970-ականների սկզբներին, երբ բարձրակետին էր Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան եւ Ռուբեն Մաթեւոսյան անկրկնելի երգիչների հզոր եռյակը եւ կար ումից սովորելու բացառիկ հնարավորություն: Իսկապես, չեմ երկմտում ասել, որ Րաֆֆին բնատուր տաղանդով օժտված երգիչ էր, որի մոտ բացակայում էր առնական, հնչեղ ու զուլալ ձայնով զարմացնելու, պատրանք ստեղծելու տենչը»: Շարունակելով խոսքը, պարոն Առաքելյանն առանց մանրամասնելու ասաց, որ դժվար կյանքով ապրած եւ, իր խոսքերով՝ «բնատուր շնորհից երբեք երես չառած արվեստագետը ապավինեց իր ներքին ձայնին, իր մեջ կուտակված ժողովրդական իմաստնությանը՝ անվերջ լսելու եւ սովորելու կարողությանը, մեծին աշակերտ լինելու քչերին տրված շնորհին: Բնությունից կրթվածություն ժառանգած Րաֆֆին ավագների՝ Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի ու առանձնապես Ռուբեն Մաթեւոսյանի կատարողական արվեստի պաշտամունք ուներ, ներկա էր լինում նրանց բոլոր փորձերին, լսում ձայնագրությունները»: Դիտարկմանը՝ իսկապես, գոնե երգացանկի առումով բարդ է եղել ժողգործիքների անսամբլ նոր-նոր ոտք դրած երգչի համար, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Բնական է, որ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Մանվել Բեգլարյանը սկզբնական շրջանում Րաֆֆիին պիտի առաջարկեր հանդես գալ կամ ձայնագրվել անվանի երգիչների արդեն կատարած եւ մեծ ժողովրդականություն վայելող երգերով: Մեծ էր զարմանքը, երբ նրբանկատ, նոր-նոր կարիերա սկսող երգիչը հրաժարվեց այդ գայթակղությունից ու համեստորեն արդարացավ՝ ես սնվել ու մեծացել եմ մեր մեծանուն երգիչների, հատկապես Ռուբեն Մաթեւոսյանի կատարումներով եւ պարկեշտ չէ նրանց կողքին ու նրանց ներկայությամբ կատարել երգեր, որոնց պարզապես կյանք են տվել նրանք, դա առնվազն ազնիվ չէ: Այդպիսին էր սկսնակ երգիչ Րաֆֆին: Ու Րաֆֆին երգեց ի՛ր երգը, հատուկ իր ձայնի ու կատարողականության համար գրված ստեղծագործություններ, որից շահեց ե՛ւ ինքը, ե՛ւ ստեղծագործության հեղինակը: Երգչի կատարմամբ մեծ ճանաչում ունեցան Արտեմ Մեջինյանի, Խաչատուր Ներսիսյանի, Հրանտ Թորոսյանի երգերը»:

Արմեն Հովհաննիսյանը

Հետաքրքրությանը՝ տարիներ անց երգիչը կատարեց Ալեքսեյ Հեքիմյանի՝ մինչ օրս էլ սիրված «Երգիր ինձ համար» երգը, համակարծիք չե՞ք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երգացանկում այն առաջին հորիզոնականն է զբաղեցնում, Սերգեյ Առաքելյանն ասաց. «Մոսկվաբնակ Հեքիմյանը իր յուրաքանչյուր երգ նախ առաջարկում էր Մերանգուլյանի անվան անսամբլին եւ հերթական՝ «Երգիր ինձ համար»-ը Մանվել Բեգլարյանը հանձնարարեց արդեն ճանաչում ունեցող եւ սեր վայելող Րաֆֆիին, ու չսխալվեց: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նաեւ ա՛յդ երգի բարձրակարգ կատարումը նրան վաստակավոր արտիստի կոչման արժանացնելու պատճառ դարձավ»:

Զրույցի ընթացքում պարոն Առաքելյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյան մարդու մասին, նշեց. «Անքեն էր Րաֆֆին, բարի, ազնիվ, օժտված իրեն հատուկ բնական հումորով, պայծառ միտք ուներ ու նաեւ արագ կողմնորոշվել գիտեր: Դա շատ կարեւոր է մենակատարի համար: Իր գործընկերներից բացի, նրան սիրեցին նաեւ անսամբլի վաստակաշատ երաժիշտները, այդ թվում՝ Անժելա Աթաբեկյանը, Վաչե Հովհաննիսյանը, Սողոմոն Սեյրանյանը, Նորայր Հովհաննիսյանը, Սերգեյ Կարապետյանը եւ մյուսները: Րաֆֆին մեծարել գիտեր նրանց, ոտքի էր կանգնում, երբ փորձասենյակ էին մտնում անսամբլի ավագները… Մի անգամ Րաֆֆին անկեղծացավ, թե կյանքի ծանր օրերին, երբ անազատության մեջ էր, միակ սփոփանքը եղել է Ռուբենի երգը… Այն ժամանակ նույնիսկ երազել չէր կարող, որ կգա մի օր, երբ ոչ միայն կշփվի Ռուբեն Մաթեւոսյանի հետ, այլեւ բեմ կբարձրանա…»:

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ աշուղներ Ջիվանու «Մայրիկ», Հավասու «Աննման տարազով», Աշոտի «Հուշարձաններ», ժողովրդական ու գուսանական արվեստից «Հեյ նավավար», «Ինչ իմանայի» եւ այլ երգեր այսօր անպակաս են որդու՝ Արմենի երգացանկից, ում կատարումները հիշեցնում են հոր ձայնին բնորոշ տեմբրն ու մատուցման մշակույթը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Րաֆֆի Հովհաննիսյանը՝
իր փոքրիկ երկրպագու Անուշ Առաքելյանի հետ (1972թ.):

«Առավոտ»

25.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել