Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես վերականգնվել մարմնական ծանր մեղքերից

Հոկտեմբեր 26,2018 12:30

Շատ մարդիկ աշխարհում վարակված են տարբեր մարմնավոր մեղքերով: Արդյոք հանրավո՞ր է դրանցից վերականգնվել, ներում ստանալ ու իսկապես սիրել:
Որոշ հայրեր ասում են, որ չկա աններելի մեղք, այլ կա մեղք, որի համար մարդը չի զղջացել: Խոսքը ձեւական զղջումի մասին չէ: Խոսքը նույնիսկ հաշվետու զղջման մասին չէ, երբ մարդիկ մեղքերի մի ցանկ են գրում ու քահանայի մոտ կարդում ու ասում, թե զղջում են դրանց համար:

Խոսքը իրական զղջման մասին է: Զղջում, որը ցավի միջով է անցել: Զղջում, երբ մարդը տեսնում է, թե ինքը ինչ ցավ է պատճառել դիմացի մարդուն ու ինչ վերք է հասցրել սեփական անձին:
Այնտեղ, որտեղ չկա սրտանց զղջում, ինչ ներման մասին կարող է խոսք գնալ: Այնտեղ, որտեղ չկա իրական ցանկություն փոխել սեփական կյանքը, ապա ինչ ներման մասին կարող է խոսք գնալ: Այնտեղ, որտեղ չկա վճռականություն՝ այլեւս չկատարել այդ մեղքը, այլ ապրել սուրբ կյանք, Աստուծո պատվիրաններով, ապա ի՞նչ զղջման մասին է խոսքը, ի՞նչ ներման մասին է խոսքը:
Ուրեմն, այն մարդը, ով իսկապես տեսել է իր մեղքը, ով իսկապես տեսում է իր արածի թշվառությունը ու իսկապես ցանկանում է փոխել իր կյանքը, ապա այդ մարդու համար կա հնարավորություն վերականգնվել նախկին բարձրության վրա ու ապաքինվել մեղքերի վերքերից:

Տեսեք՝ ինչ է ասում Տերը 2-րդ Մնացորդաց գրքում. «Եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը» (Բ.Մն 7:14):

Տեր Հիսուսն ինքը քարոզում էր ու ասում՝ «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մտ 4:17): Ապաշխարել չի նշանակում պարզապես զղջալ կոնկրետ մեղքի համար, այլ վճռականորեն հրաժարվել մեղավոր կյանքից, ու ապրել Աստուծո պատվիրաններով:

Ուրեմն տեսնո՞ւմ եք, մեղքերի ներում ու վերականգնում կատարվում է այն չափով, ինչքանով որ մարդը ապաշխարում է, ինչքանով մարդն իսկապես զղջում է ու վճռում փոխել իր կյանքը:

Եթե դուք մեղավոր կյանք եք վարել, նախամուսնական կամ արտամուսնական կապեր ունեցել, նախ տեսեք այն վերքը, որ դուք հասցրել եք դիմացինին ու ձեզ: Հետո խորապես զղջացեք դրա համար ու վճռականություն ունեցեք փոխել ձեր միտքն ու վարքը ու ապրել Քրիստոսի պատվիրաններով: Նոր դրանից հետո մոտեցեք ամուսնությանը, որպեսզի այն իսկապես համարվի անարատ ու հաստատուն:
Իսկ ինչպես գալ ապաշխարության, երբ նույնիսկ կարգին աղոթել չգիտենք կամ էլ սիրտ չունենք դա անելու: Կարդացեք Ավետարանը: Սաղմոսները կարդացեք: Ամեն օր կարդացեք: Կարդացեք սուրբ մարդկանց վարքը: Այս ամենը լավ աղոթքի պես դրականորեն է ազդում մարդկային հոգու եւ մտքի վրա: Աստուծո Խոսքի ընթերցանությունը փափկեցնում է մարդկային սիրտը: Սուրբ մարդկանց վարքը կարդալը գոտեպնդում է ընթերցողին, որովհետեւ ցույց է տալիս, թե ինչպես են այս մարդիկ Քրիստոսի օգնությամբ պայքարել իրենց չար կրքերի ու իրենց վատ սովորությունների դեմ, ազատվել այդ կրքերի տառապանքից ու ավելի լավ մարդ դարձել: Գոնե օրական մի քանի էջ կարդացեք Սուրբ Գիրքը: Աստուծո խոսքը ջերմացնում է մարդու սիրտը ու նրան մղում ապաշխարության ու զղջման, փոխվելու եւ ավելի լավը դառնալու:

Բայց հիշեք, մարդու փոփոխությունը միանգամից չի կատարվում: Պետք է հասկանալ, որ երբ մենք մեղք ենք գործում, դրանով մենք վերք ենք հասցնում ինքներս մեզ: Ու ինչքան խորն են մեր վերքերը, այնքան ավելի աշխատանք ու ժամանակ է պահանջում մեր բուժումը: Ուրեմն, եթե դուք դժվար ու մեղավոր անցյալ եք ունեցել, այս պահից ձեր կյանքն այնպես կառուցեք, որ անմիջապես սկսեք բուժման գործընթացը: Փոխվելը դժվար գործ է, զղջալը դժվար գործ է: Մեղքից ազատվելը շատ դժվար գործ է, բայց հավատացեք՝ Աստված օգնում է: Աստված շնորհ է ուղարկում մեր տկարություններին ու օգնում համբերությամբ կատարել այս կարեւոր գործը:

Դե բարի օր, սիրելի մարդիկ: Սիրեք Աստծուն ու մարդկանց: Վերք մի հասցրեք ինքներդ ձեզ՝ մեղք գործելով: Սկսեք սովորել Աստուծո Խոսքը, վճռականորեն փոխեք ձեր կյանքը, ձեր մտքերն ու խոսքերը, ապրեք պատվիրաններով ու բարի գործեր կատարեք: Աստված օրհնի բոլորիդ:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

25.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել