Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով երեկ դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին: Բժիշկներն իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Վանեսյանն, ի դեպ, միջոցառմանը ներկա է գտնվել շրջանավարտի կարգավիճակում:
Yerkir.am-ը զրուցել է նաև Նարեկ Վանեսյանի հետ, ով նախ նշեց, որ դիպլոմների համար, որը ստացել են երեկ, ոչ միայն վճարել են 1.5 մլն դրամ, սովորել ու ստացել այն, այլ նաև պայքարել են, որպեսզի այնտեղ գրվի այն, ինչի համար համապատասխան գովազդով իրենք ընդունվել էին MBA (Master of Business Administration) սովորելու: Նրա խոսքով՝ սովորելու ընթացքում պարզվել է, որ իրենք չեն ստանալու այնպիսի դիպլոմ՝ MBA-ի դիպլոմ, ինչպես նախապես ներկայացված է եղել, այլ ստանալու են Բուժհաստատությունների կառավարման մագիստրոսի աստիճան: «Բնականաբար, սկսեցինք բարձրաձայնել խնդիրը, ինչի մասին էլ, հավանաբար, ակնարկում են նամակում՝ ասելով, որ նախկինում ևս ես նման վարք եմ դրսևորել: Մեր դժգոհությունը դիպլոմների հետ կապված բացառապես առողջ են՝ ոչ միայն իմ կողմից, այլ նաև կուրսի: Այսինքն՝ եթե մենք վճարել ենք մի ծրագրի համար 1.5 մլն դրամ, մեզ նախապես ներկայացված է եղել, որ պետք է ստանանք MBA-ի դիպլոմ, հիմա ինչո՞ւ պետք է ստանանք դիպլոմ, որն իմ արդինատուրայի դիպլոմից աստիճանով ավելի ցածր է: Մեր կուրսի հետևողականության շնորհիվ ԿԳՆ-ն փոփոխություն էր առաջարկել կառավարության որոշման մեջ, որից հետո մենք ստացանք դիպլոմ՝ MBA աստիճանով»,-ասաց Վանեսյանը:
Ինչ վերաբերում է դիպլոմները տալու արարողությանը, ապա, վերջինիս հավաստմամբ, իրենց նախապես ասված է եղել, որ միջոցառումը լինելու է նոյեմբերի 1-ին: Սակայն Վանեսյանի խոսքով՝ իրենց համար անհայտ հապճեպությամբ մեկ ու կես օր առաջ զանգահարում և իրենց ասում են, որ Նոբելյան մրցանակակիրներն են այցելելու համալսարան, ովքեր էլ հանձնելու են դիպլոմները:
Վանեսյանը պնդում է՝ իրենց կանխավ որևէ օրակարգ չի տրվել, եղած օրակարգն էլ չի քննարկվել իրենց հետ: «Որևէ ձևով մեզ հետ չի քննարկվել օրակարգը, թե նախ պետք է մեր դիպլոմները հանձնեն, հետո դասախոսություն լսենք: Մեզ տվել էին հրավիրատոմսեր ու մեզ հետ եկել էին մեր ընտանիքի անդամները, բնականաբար, շատ հնարավոր էր, որ նրանց չհետաքրքրի քիմիայից Նոբելյան մրցանակակրի ելույթը՝ խիստ մասնագիտական առումով: Կարծում եմ՝ ավելի հասցեական կլիներ, որ ելույթը լսեին մարդիկ, ովքեր վաղը պրակտիկայում կարող էին կիրառել: Հընթացս պարզվում է, որ մեզ համար ելույթ նախատեսված չէ, ու ես էլ ասել, բայց չէ՞ որ սա մեր միջոցառումն է ու դուք գիտեք, թե մենք ինչ ջանքերի շնորհիվ ենք փորձել ձեռք բերել այդ դիպլոմը: Սակայն ինձ պատասխանել են, թե սա Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպում է՝ ինչպե՞ս ենք պատկերացնում, որ մեզ ելույթի հնարավորություն տան»,-ասաց Վանեսյանը:
Նրա հավաստմամբ՝ իրենց ելույթի հնարավորություն է տրվել ամենավերջում, հավանաբար՝ ռեկտորին տեղյակ պահելուց հետո, որ իրենք դժգոհություն ունեն: Վանեսյանը նշեց, որ միջոցառման ավարտին իրենց առաջարկել են, որ եթե ուզում են, կարող են ելույթ ունենալ, ինչին էլ ինքը պատասխանել է, որ, ոչ, չեն ուզում.«Այնուհետև ռեկտորը, քանի որ օրակարգ չկար, բարձրացավ բեմ ու հայտարարեց, թե այն հարթակը, որը տրվում է մեզ, պետք է կարողանաք օգտագործել, ոչ թե հրաժարվենք: Ցավում եմ, որ ռեկտորն ունի այնպիսի պատկերացում, որ կարող է իրեն իրավունք վերապահել մեզ՝ այնտեղ 10 և ավելի տարիներ սովորողներիս, հարթակ տրամադրել-չտրամադրելուց խոսել: Այն պահից, երբ տեղի ուսանող ենք դարձել, մենք իրավունք ունենք օգտագործելու բուհի հարթակը: Միևնույն պարագայում, որևէ մեկն իրավունք չունի մեզ անտեսել ու որոշել, որ մեր միջոցառման ֆոնի վրա միայն վերջում որոշեն՝ մենք պետք է խոսե՞նք, թե՞ ոչ»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Yerkir.am»-ի կայքում: