Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»):
Գ. Մարդանյանի լիազորությունները կասեցված են, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական կողմը ներկայացնում է ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը: Ժ. Սիմոնյանի շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Հոկտեմբերի 25-ին դատարանում հարցաքննվեցին քրեական գործով վկաներ, ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատողներ Արա Աստանյանը եւ Աշոտ Աղաբեկյանը, հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Դատախազ Վարդգես Սարգսյանը նրանց հարցեր տվեց Ժորա Սիմոնյանի եղբոր`Վահրամ Սիմոնյանի վարած բեռնատարը նշված ոստիկանների կողմից Իջեւան-Այգեհովիտ ճանապարհին հետեւելու, ժորա Սիմոնյանին ոստիկանության Իջեւանի բաժին բերման ենթարկելու եւ այլնի մասին: Վկաները որոշ դեպքերում չէին հիշում հանգամանքներ, ինչը պատճառաբանում էին, որ մեկ տարի է անցել դեպքից: Հետո որպես վկա հարցաքննվեց Գերասիմ Մարդանյանի հայրը`Աշոտ Մարդանյանը, որը հայտնեց, որ ինքը չի դիմել Այգեհովիտ գյուղի բնակիչ Խաչիկ Ղարագեդյանին, որպեսզի նա Գերասիմ Մարդանյանի վերաբերյալ քրեական գործով միջնորդի Ժորա Սիմոնյանի հորը`Գարսիկ Սիմոնյանին: Փաստաբան Արա Ղարագյոզյանը վկայի ցուցմունքներն անարժանահավատ համարեց, քանի որ նրա խոսքերով՝ ոչ մի ծնող չի ասի,որ իր որդին հանցագործություն է կատարել:
Այնուհետեւ Գերասիմ Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց որոշ փաստաթղթեր քրեական գործով այլ ապացույց ճանաչելու մասին: Նա հայտարարեց, որ տուժող Ժորա Սիմոնյանի ցուցմունքներում էական հակասություններ կան ենթադրյալ հանցագործության ժամանակի, պատճառի եւ այն հարվածների վերաբերյալ, որոնք տուժողի խոսքերով՝ Գ. Մարդանյանը հասցրել է իրեն: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց պաշտպան Ալիխանյանի միջնորդությունների մեծ մասին անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ, քրեական գործով այլ ապացույցների համակցությամբ:
Սույն քրեական գործով դատաքննությունն ավարտվեց: Հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց դեկտեմբերի 4-ին, դատախազ Վարդգես Սարգսյանը հանդես կգա մեղադրական ճառով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ