Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի գնաք ու չոքեք կենտրոնական իշխանությունների բկին»․ Արթուր Համբարձումյանը՝ Գյումրի ներդրումներ բերելու մասին

Հոկտեմբեր 25,2018 21:21

Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով արտահերթ խորհրդարանական ընտրությունները կնպաստե՞ն  մեր երկրում լայնածավալ ներդրումներ կատարելու։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը մեկնաբանվում է նաև նրանով, որ շատ ներդրողներ ցանկություն ունեն Հայաստանում բիզնես հիմնելու, սակայն նրանց հետ է պահում քաղաքական անկայուն վիճակը։

Մեր զրուցակիցը գտնում է, որ ձեռնարկատիրական ռիսկերից առաջնայինը տարածաշրջանային կոնֆլիկտներ են։ Մեր պարագայում ներդրողի համար  նախևառաջ մեծ ռիսկ է ներկայացնում արցախյան կոնֆլիկտը։

«Երկրորդ ռիսկը տվյալ հասարակության մեջ խմբերի արմատական տարբեր հետաքրքրությունների առկայությունն է, այսինքն՝ խմբերի կարծիքների, քաղաքական հետաքրքրությունների շեշտակի բևեռացվածությունն է։ Հիմա դա մենք տեսնում ենք և կապ չունի՝ այդ խումբն իր մեջ ինչպիսի քանակություն է պարունակում․ 40 հազա՞ր, 500 հազա՞ր, թե՞ 100 հազար։ Քաղաքական անկայունության առկայությունը նույնպես ռիսկերից մեկն է։ Ներդրողի համար ռիսկային է նաև Հայաստանի Հանրապետության սահմանների փակ լինելը, 80-ից ավել տոկոսը փակ է։

Եթե տեղայնացնենք Շիրակի մարզով, ապա ռիսկ է մեր տեղանքի բնակչության ծայրահեղ աղքատ վիճակը։ Սա ոչ միայն ռիսկ է, այլ վանող հանգամանք է ներդրումների համար, որովհետև ցանկացած գործարար, որը ներդրում է կատարում, նա ոչ թե հայրենասիրական մղումներից ելնելով է ներդրումներ անում, եթե մարդը հայրենասիրական մղումներից ելնելով ներդրում անի, դասական առումով դա ներդրում չէ, ակնկալում  է գործարար շահույթ։ Հիմա Գյումրիում ծայրահեղ աղքատ հասարակություն է, արդյո՞ք կարող է գործարարը գործարար շահույթ ակնկալել մի այնպիսի տարածաշրջանից, որտեղ կա աղքատության այսպիսի մակարդակ։

Աղքատության այսպիսի մակարդակ նշանակում է վճարունակ պահանջարկի խիստ ցածր աստիճան։ Այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մի փոքր ռիսկ է, որը կարող է նվազեցնել, բայց մյուս ռիսկերն ու վանող հանգամանքները մնում են։

Իհարկե, քաղաքական իրավիճակը հիմա կայուն չէ, և եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, քաղաքական իրավիճակը կայունանա, այդ մի ռիսկը իր մասով կզրոյանա կամ կմոտենա զրոյի։ Թեև մի հանգամանք ևս պետք է նշել, այնպես չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, քաղաքական իրավիճակը կկայունանա, միգուցե և չկայունանա։Սա կախված է նրանից, թե մեր պառլամենտը պրոֆեսիոնալների ինչպիսի կազմ կունենա», -ասում է մեր զրուցակիցը։

Ըստ Արթուր Համբարձումյանի, մնացյալ ռիսկերը պիտի նվազեցնել քաղաքական պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում։ Նա նշում է, որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ ռիսկեր, օրինակ՝ օրինակ՝ սահմանների փակ լինելու կամ արցախյան հիմնախնդրի լուծումը միայն Հայաստանի իշխանություններից կախված չեն։

«Կան նաև սուբյեկտիվ ռիսկեր, օրինակ՝ տվյալ տարածաշրջանի բնակչության սոցիալապես ծայրահեղ վիճակը, սա իր մեջ ավելի շատ պարունակում է սուբյեկտիվ կողմ։ Այսինքն` ես հավատում եմ, որ կառավարչական պրոֆեսիոնալ գործունության ընթացքում որևէ տարածաշրջանում, որտեղ պիտի ներդրումներ անեն, վճարունակ պահանջարկի մակարդակը կբարձրանա»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Նա նշում է, որ ռիսկերի նվազեցման  բազում մեխանիզմներ կան,դրանցից են՝  հարկային գոտիավորման ներդրումը և իշխանության ապակենտրոնացումը։

«Երբ իշխանությունը սկսում է ապակենտրոնանալ ու տվյալ տեղանքը դառնում է կառավարչական որոշումների կայացման վայր, այդ ինստիտուտներն աշխարհագրորեն ապակենտրոնացվում են Երևան քաղաքից, այդ դեպքում իմ կողմից նշված խնդիրը սկսում է կամաց-կամաց լուծվել։

Դուք պատկերացրեք 500 վճարունակ ընտանիք տեղափոխվի Գյումրի քաղաք, դա միանգամից քաղաքի տնտեսության վրա իր ազդեցությունը թողնելու է»,-համոզված է մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե այսօր Գյումրու  սպասարկման օբյեկտները գոյատևում են ռուսական ռազմաբազայի զինծառայողների ընտանիքների հաշվին, որոնք վճարունակ են, Արթուր Համբարձումյանն ասաց․«Այսօր Գյումրիում կենցաղ սպասարկման օբյեկտներ են բացվում, որոնք բացառապես սպասարկում են ռազմաբազայի ընտանիքների անդամներին։ Գյումրիում կան ռեստորաններ, որոնց հաճախորդների 90 տոկոսը ռուս զինծառայողների ընտանիքների անդամներն են»։

Արթուր Համբարձումյանի ասելով՝  Հայաստանի Հանրապետության համար գերխնդիր է Երևան քաղաքի գերկենտրոնացած լինելը։

«Երևան քաղաքը ես պատկերացնում են առավելագույնը 800-900 հազարանոց քաղաք, իսկ հիմա ամբողջությամբ բոլոր ռեսուրսները՝  ֆինանսական, տնտեսական, քաղաքական կենտրոնացված են Երևանում, ինչո՞ւ։

Ֆրանկոֆոնիայի մասին ենք խոսում, այդ միջոցառումն իրականացվեց մեկ քաղաքում՝ Երևանում, ճիշտ է մեկ դեպք ֆրանկոֆոնիայի պատմության ընթացքում եղել է, երբ որ անցկացվել է երկու քաղաքներում՝ Վերսալում և Փարիզում, Վերսալը փոքրիկ քաղաք է Փարիզից հարավ-արևմուտք։Կարելի՞ էր միջոցառումների մի փոքրիկ մաս տեղափոխել Գյումրի։ Ի՞նչ կլիներ, ես կարծում եմ, որ մարդիկ դժվար դուրս գային փողոց ու իրենց դժգոհությունը հայտնեին, թե ինչո՞ւ եք տանում Գյումրի, ասենք թող 100 տուրիստներ ու մեկ նախագահ իր ընտանիքով գար Գյումրիում մնար։

Սա էլ է ապակենտրոնացման քաղաքականություն, բայց ինչպես տեսնում եմ ո՛չ նախկին իշխանությունները, ո՛չ էլ գործող իշխանություններն այդքան էլ հակված չեն ապակենտրոնացման։ Բայց սա ոչ այնքան կենտրոնական իշխանությունների մեղքն է, այլ տեղական՝ մարզային, քաղաքային իշխանությունների մեղքն է, որոնք օր ու գիշեր պիտի գնան, չոքեն կենտրոնական իշխանությունների բկին, որպեսզի ինչ-որ բան Երևանից պոկեն, բերեն Գյումրի։

Երբ ես Ազգային ժողովի ընտրություններին էի մասնակցում, իմ մոտ այսպիսի միտք էր առաջացել, թեև դա պատգամավորի  լիազորություններից դուրս էր, բայց պատգամավորը կարող է իր ստատուսը և հեղինակությունն օգտագործել  հարցը լուծելու համար․ մտածում էի Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականի հանդիպումները ինչ-որ թվից սկսած, ասենք 2020թ․-ից  անցկացվեն Գյումրիում։ Սա ֆանտաստիկ որոշում կլինի, հիմա էլ  հորդորում եմ ներկա իշխանություններին այն իրագործել։ Դա նշանակում է, որ ստիպված կլինեն զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները, ներդրումներից ենք խոսում, դա կլինի և՛ պետական ներդրում, և՛ մասնավոր։ Այսինքն` պետությունն առաջին քայլն ինքն է անում, և իր ներումներից հետո մասնավորն է սկսում ներդրումներ անել, որովհետև մասնավորը սկսում է գործարար շահույթի հոտն առնել։ Իրենք այս դեպքում պիտի ստիպված կառուցեն Գյումրու մարզադաշտը, փողոցները պետք է համապատասխանեցնեն միջազգային ստանդարտներին։ Սա գործուն քայլ է, սա հեղափոխություն է։ Հեղափոխությունը խոսքերով չէ, հեղափոխությունը կոնկրետ անցումներով է, կոնկրետ գործողություներով է», -ասում է Արթուր Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արթուր Համբարձումյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031