«Ջոն Բոլթոնի հետ հանդիպումներում մեր կառավարությունը բարձրացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունների հարցը, որոնք շատ կարևոր են և վաղուց դարձել են երկրորդական այլ երկրով կամ այլ հարաբերություններով պայմանավորված»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը և ՀՀ-ում իրավիճակի փոփոխությունը ՀՀ-ին թույլ են տալիս եզրեր գտնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում. այն եզրերը, որոնք ուղված են մեր երկկողմ հարաբերություններին, երբ որևէ այլ երկիր, հատկապես ՌԴ-ն, մեր երկկողմանի հարաբերությունները չի դիտարկելու իր դեմ ուղղված. «Ի վերջո, Հայաստանը ինքնուրույն երկիր է, և բազմիցս Նիկոլ Փաշինյանը տարբեր ատյաններում դա շեշտում էր, որ մեր հարաբերություններն ուղղված են մեր շահերի իրականացմանը և ուղղված չեն այլ հարաբերություններին»:
Դառնալով Ջոն Բոլթոնի` Բաքվում հնչեցրած հայտարարություններին՝ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Իհարկե, Բաքվում Ալիևն անընդհատ փորձում էր ԼՂ հարցն իրենց ձևով ներկայացնել՝ որպես օկուպացիա և այլն, բայց պարոն Բոլթոնն անընդհատ նշում էր Ադրբեջանը որպես մի երկիր, որը գտնվում է երկու երկրների՝ ՌԴ-ի և Իրանի արանքում և այդտեղ նշվում է, թե′ Ռուսաստանի, և′ Իրանի հանդեպ պատժամիջոցները, թե այս իրավիճակում խեղճ Ադրբեջանն ինչպես պիտի գոյատևի»:
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ի՝ Սիրիա զորամիավորում ուղարկել-չուղարկելու հարցը փոփոխություն կրի Բոլթոնի այցից հետո և ՀՀ-ն հնարավո՞ր է զորք չուղարկի Սիրիա, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Երևի նկատի ունեք այն, որ ՀՀ-ն ՌԴ կազմում ականազերծող մի քանի հոգի ունի: Ես չգիտեմ՝ ինչքանով ԱՄՆ-ն խիստ է բարձրացրել այդ հարցը, ինձ թվում է՝ դա մենք ինքներս պիտի նայենք: Ցանկացած տեղ ՀՀ-ի զինվորականների՝ անկախ իրենց կարգավիճակից մասնակցությունը պիտի լինի միջազգային մանդատով: Այս դեպքում զերծ կմնանք այս կամ այն ուժերի բախման պատճառով մեր վրա ճնշում գործադրելուց: Եթե կան նման երկրներ՝ Սիրիա, Աֆղանստան, ապա կա աշխարհի երկրների կազմակերպությունների մեծ խումբ, որոնք այդ հարցերը նայում են, և ՀՀ-ն պետք է միջազգային ծրագրերում տեղավորվի: Իհարկե, Սիրիայում ունենք մեր համայնքը, մեր ներկայությունը կարող է ազդել խաղաղությանը, բայց պիտի հասկանանք, որ եթե Ռուսաստանի հետ ենք հանդես գալիս, ապա հակառուսական այլ ուժերի քաղաքականությունը կարող է անուղղակի ձևով ազդել մեզ վրա»:
Դառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցին և մեկնաբանություններին՝ Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց՝ այն արժե ամբողջությամբ թարգմանել. «Խորհուրդ կտայի դեսպան Միլսի այս հարցազրույցն ամբողջությամբ թարգմանել և տեղադրել: Ընդհանուր առմամբ՝ այն բավականին կառուցվածքային, համակարգային հարցազրույց էր, որտեղ Միլսը երեքուկես տարիների ընթացքում պատմում էր ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության զարգացման, հեղափոխության մասին, իսկ հարցազրույցի մեկ տասներորդն էր կազմում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածը, որն էլ շրջանառվում էր: Այդտեղ դեսպանը զարմանք էր հայտնում, թե տարածքների հանձնումն ինչ նեգատիվ երևույթ էր ընկալվում ու կարծիք հայտնում՝ 2016-ից հետո այս հանձնումը դժվար կլինի: Եթե դիվանագիտական չակերտները բացենք, պարոն դեսպանը նկատի ունի ապրիլյան պատերազմն ու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի քննարկումները, որտեղ նշված էր՝ այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել բանակցություններ: Ուստի այն հանգամանքը, որ ասում է՝ տարածքների հանձնումը դժվար կլինի պատերազմից հետո, խոսում է այն մասին, որ այս իրավիճակում մադրիդյան որևէ սկզբունքի մասին դժվար է խոսել»:
Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանի հետ օպերատիվ կապի միջոցով խաղաղություն պահել սահմանին, ինչը պայմանավորվել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Դա նայում եմ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ներքո: Պարզ է, որ դա կարող է չաշխատել, բայց միջազգային տեսանկյունից ՀՀ կողմից այդ քայլը դրական կընկալվի, եթե հետագայում Ադրբեջանը շարունակի ագրեսիվ գործողությունները, ՀՀ-ն այդ հարցը ևս մեկ անգամ առնվազն Մինսկի խմբի շրջանակներում կարող է բարձրացնել»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ