Ոստիկանության Մալաթիայի բաժինը Aravot.am-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել է: Իսկ որպես հաղորդման հիմք ընդունվել էր Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին կայքում հրապարակված «Ինչի՞ եք նկարում իմ հայրիկին». 7/50-ում փորձեցին խոչընդոտել «Առավոտի» լրագրողի աշխատանքը» նյութը:
Հրապարակման մեջ մենք նշել էինք, որ ընտրատեղամասում, երբ փորձում էինք նկարել ընտրողներից մեկի գործողությունները քվեախցից դուրս, նրա դուստրը բռնեց լրագրողի արմունկից ու բորբոքվեց, թե ինչի՞ եք նկարում, մի՛ նկարեք:
Դատախազության հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվել էր Մալաթիայի ոստիկանություն: Հետաքննիչ Վարոսյանը գտել է, որ ՀՀ ՔրՕրի 149 հոդվածի հատկանիշներով հանցակազմ չկա այդ ընտրողի արարքում: Ընտրողը, որը թույլ չի տվել նկարել իր հորը, ըստ ոստիկանության, «լրագրողուհուց ընդամենը պարզաբանում է պահանջել իր հայրիկին նկարահանելու հարցի շուրջ»:
Որոշման հիմնավորման մեջ հետաքննիչը նշում է, որ լրագրողի կողմից ստանալով պատասխան, որ ընտրությունները հրապարակային են եւ ԶԼՄ-ն իրավունք ունի այն նկարահանել եւ հրապարակել, քաղաքացին չի փորձել որեւէ գործողությամբ կասեցնել, ընդհատել լրագրողի աշխատանքը, միայն արտահայտել է իր դժգոհությունը: Ոստիկանության որոշման համար հիմք է դարձել այն, որ չնայած այդ կնոջ դժգոհությանը, լրագրողը շարունակել է նկարել, հետեւաբար այնպես չի խոչընդոտել, որ չնկարի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ