«Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը
– Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ժամանակաշրջանում տարբեր դրսեւորումներ են ունեցել, բայց ՀՀ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի համար թերեւս երբեւէ այնպիսի առաջնահերթություն չեն դիտարկվել, ինչպես հիմա: Համենայնդեպս, դա հավաստում է նաեւ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բացառիկ այցը տարածաշրջան, այդ թվում նաեւ Հայաստան: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն այժմ այդքան կարեւորում տարածաշրջանն ու Հայաստանին:
– ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի այցը նախ Ռուսաստան, ապա եւ՝ Հարավային Կովկաս, հավանաբար, պայմանավորված է Իրանի հարցով: Միացյալ Նահանգները որդեգրել են Իրանին «մինչեւ վերջ սեղմելու» քաղաքական ուղեգիծ եւ այս առումով Վաշինգտոնի համար մեր տարածաշրջանն, իրոք, ռազմավարական կարեւորություն ունի: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում եւ Երեւանում արված հայտարարություններով չի թաքցրել, որ Նահանգների ռազմաքաղաքական ծրագրավորումներում չկա առանձին Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան, Վաշինգտոնը գործ ունի միասնական տարածաշրջանի հետ, որը «խեղդված է» Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: ԱՄՆ-ը, բնականաբար, ձգտում է այստեղ առաջ տանել իր ծրագրավորումները, հակակշռել, իսկ ավելի լայն հնարավորության դեպքում՝ նաեւ չեզոքացնել Ռուսաստանի, Իրանի, ինչու չէ՝ Թուրքիայի ազդեցությունը: Նախկին վարչակազմն այդ մասին չէր բարձրաձայնում, այսօր հանրապետական Սպիտակ տունը նպատակադրվածությունները գրեթե բաց տեքստով հռչակագրում է, ինչը բավական լուրջ մտորումների նյութ պիտի լինի հարավակովկասյան երեք մայրաքաղաքներում:
– Պարոն Բոլթոնը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները պարարտ հող են ստեղծել հաճախ անլուծելի թվացող հարցերի լուծման համար: Այս համատեքստում, անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, ամերիկացի պաշտոնյան ասել է. «Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաև ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում»: Օղակը ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ սեղմվում է: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հավանակա՞ն են ինչ-ինչ զարգացումներ այս հարցում:
– Հայրենական մամուլում ես առաջիններից մեկն եմ անդրադարձել այդ թեմային՝ «Դուշանբեից հետո՞» խորագրով հոդվածում: Այո, նման տպավորություն կա: Այդ մասին նաեւ օտարերկրյա վերլուծաբաններն են խոսում, ինչից կարելի է հանգել եզրակացության, որ ԼՂ հարցով ինտենսիվ բանակցային գործընթաց պետք է սկսվեր Ադրբեջանում նախագահական ընտրություններից եւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հաստատվելուց եւ կառավարության ձեւավորումից հետո: Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն առկախել է այդ գործընթացը: Եվ ներկայումս միջնորդներն, ըստ երեւույթին, աշխատում են Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կողմերի միջեւ լուրջ երկխոսություն հաստատելու ուղղությամբ: Հավանաբար, նրանք այն տեսակետն ունեն, որ բարձր լեգիտիմությամբ օժտված լինելով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է ավելի վստահ գնալ դեպի հնարավոր լուծումների որոնում, իսկ հանրությունը դա արժանվույն կգնահատի: Սա փորձագիտական ընկալում է, բայց իրականությունը կարող է բոլորովին այլ լինել, ուստի, մեծ է նաեւ անակնկալների հավանականությունը:
– Նման անակնկալ ձեւով արտահերթ ընտրությունները դեկտեմբերին նշանակելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ Ձեզ, ուղիղ կապ ունի հենց Արցախի հարցի հետ: Ի՞նչ զարգացումներ պետք է ակնկալել: Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների ժամկետները պատճառաբանում էր ներդրումներով, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, հարցի կարգավորման համատեքստում խոսել է Հայաստանում հնարավոր ամերիկյան ներդրումների մասին: Նաեւ խոսել է այն մասին, որ Հայաստանը ռուսական զենքի փոխարեն կարող է ամերիկյան զենք գնել:
– Դժվար է միանշանակ գնահատական տալ: Այդուհանդերձ, իմ անձնական տպավորությունն այն է, որ ներհայաստանյան զարգացումներն ունեն արտաքին քաղաքական որոշակի ապահովվածություն, ինչի համար ընտրություններից հետո նոր իշխանությունը, երեւի, որոշ քայլերի գնալու պատասխանատվություն կունենա:
– Արցախի հարցում ռուսական կողմն իր հայտարարություններում եւ նախաձեռնություններում ավելի պասիվ է: Կարծում եք ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ կա՞ փոխհամաձայնություն:
– Ես այդ գնահատականը չէի կիսի: Եվ, եթե իրականությանը ավելի սթափ նայենք, ապա կտեսնենք, որ ռուսական կողմի անդրադարձները նկատելիորեն նյարդային են: Ռուսական փորձագիտական հանրությունն այս առումով լրացնում է պաշտոնական տեսակետների բացը եւ ասում, որ ԼՂ կարգավորման ամենաօպտիմալ ձեւաչափը Մոսկվա-Բաքու-Երեւան քննարկումներն են: Իմ կարծիքով՝ նույն ուղղությամբ աշխատում է նաեւ պաշտոնական դիվանագիտությունը: Ռուսաստանի համար ԼՂ խնդիրը Հարավային Կովկասում ներկայացվածության, ըստ հնարավորի՝ դա ամրապնդելու գործիք է: Ու թեեւ ֆորմալ առումով Մոսկվան հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում գործելու հանձնառությանը հավատարիմ մնալու մասին, իրականում Ռուսաստանը կցանկանար եւ փորձում է միակ «արբիտրաժային ատյանը» լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ես հավատ չեմ ընծայում հավաստիացումներին, թե ԼՂ հարցում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը կոնսոլիդացված մոտեցում ունեն: Եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց կլուծվեր: Իրական քաղաքականության ռեժիմում գործ ունենք ռուս-ամերիկյան մրցակցության հետ նաեւ Հարավային Կովկասում: Դրա ամենաթարմ վկայությունը հենց Ջոն Բոլթոնի այցն է՝ տեղեկատվա-քարոզչական ուրույն ֆոնով հանդերձ:
– Արցախի հարցի կարգավորման համատեքստում ամերիկացի պաշտոնյան խոսել է նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի սահմանների բացման մասին եւ Իրանի սահմանի փակ պահելու մասին, քանի որ իր երկիրն Իրանին համարում է «միջազգային ահաբեկչության կենտրոն»: Այս առումով, Հայաստանի անվտանգության համատեքստում ի՞նչ սպասել:
– Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը նպատակադրված է մինչեւ վերջ սեղմել Իրանին, բայց այնպես, որպեսզի չվնասի տարածաշրջանի իր բարեկամներին: Նույն միտքը նա հնչեցրել է նաեւ Բաքվում: Բայց Երեւանում նա նաեւ խոսել է ամերիկյան սպառազինությունների ձեռքբերման հնարավորությունից: Դա արդեն լուրջ առաջարկություն է կամ, թերեւս, դիվանագիտական խայծ: Այս դիտանկյունից նայելիս չպետք է գայթակղությունների տրվել: Անվտանգության համակարգը սույնրոպեական վերանայումների ենթակա չէ: Եվ Հայաստանն, ամեն դեպքում, նաեւ Իրանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը պետք է որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն եւ անվտանգության բաղադրիչ պահպանի: Բացառված չէ, որ Ադրբեջանը կտրվի ամերիկյան առաջարկությունների «պերճանքին» եւ Իրանի հետ կգնա առճակատման: Այդ դեպքում չի գործի նաեւ ռուս-ադրբեջանական ռազմավարական մերձեցումը: Դա Հայաստանի համար անվտանգային միջավայրն զգալիորեն բարելավելու հնարավորություն կարող է բացել:
Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ