Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց գազի ու ջրի մնացած ավանի մասին

Հոկտեմբեր 25,2018 18:55

Զորիկ Բաբաջանյանը Լոռու մարզի  Բազում համայնքի Էներգետիկ ավանի բնակիչ է: Ասում է՝ համայնքում խնդիրները շատ են: Իսկ դրանց շարքը գլխավորում է ջրի ու գազի բացակայությունը: Նրա խոսքով՝ համայնքի մոտ 80 տոկոսը զրկված է մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորությունից. «Երկրաշարժից հետո, երբ որ ավանը հիմնվեց, ուներ ամեն հարմարություն: Այն ժամանակ կառուցվեցին ջրի բակեր, բայց այդ ամեն ինչը քանդվեց, գնաց կորավ: Հիմա ջուր չունենք:  Սարից է գալիս՝ բաց, առանց մաքրվելու: Կովերն են մտնում այդ ջրի մեջ, տիղմ է գալիս եւ այլն: Այդ ջրով մենակ լվացվում ենք: Թող մեզ ջրով ապահովեն, հաշվիչներ դնեն, մենք էլ մեծ ուրախությամբ կվճարենք: Մեր խելքը ոնց հասնում է, տենց էլ անում ենք: Գնում ենք՝ մաքրում, փող ենք հավաքում, մեքենաներ ենք բերում, բակերի մեջից տիղմը մաքրում: Ինչ ասես գալիս է ջրի հետ»:

Նույն ավանի բնակիչ Սեւակ Սահակյանն էլ ասում է, որ ջրի պատճառով երեխաները հաճախ են հիվանդանում. «Շատ վատ ջուր ենք խմում: Երեխաներին էնքան ենք ճիճվի դեղ տվել, ստամոքսները վառվել է: Կովերը ջրի մեջ արածում են, կեղտն ու ժանգը ջրի մեջ: Ահավոր վիճակ է»:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն ասում է, որ խնդրի մասին իրենք էլ են տեղյակ, սակայն լուծման ճանապարհը՝ դժվար է. « Մարզի միակ համայնք է, որ խմելու ջուր չունի: Հարցը բոլոր կառույցներով շոշափվում է: Հարցը նույնիսկ ծրագրի թանկ լինելը չէ: Մենք դիմեցինք «Վիոլա ջրին», որ նասոսներով Վանաձորից ջուր տրամադրեն, մեզ տեխպայման տվեցին, ասելով, որ չի լինի, քանի որ Վանաձորը տարածաշրջանի գրաֆիկից կընկնի: Իրենք տալիս են տեխպայման Վարդաբլուր գյուղից: Բայց Վարդաբլուրից ջուրը հասցնել այդ գյուղ շատ թանկ կնստի: Եթե այն ժամանակ հաշվարկում էինք՝ 150-200 միլիոն դրամ, Վարդաբլուրից բերելու դեպքում կրկնակին կկազմի»:

Եթե ջուրը կարողանում են մեքենաներով կողքի համայնքներից հասցնել տուն, ապա կապույտ վառելիքի հարցը շատ ավելի դժվար է: Համայնքի մի մասը գազաֆիկացված է, մյուսը մասը՝ ոչ. «Ընդհանուր մագիստրալը, որ քաշեն, մենք էլ ամեն մեկս մեր տուն կտանենք գազը: Մեր հնարավորության չափով էլ կօգնենք: 12 տուն գազ չունի: Բոլորը պատրաստ են օգնել: Եթե գազ չունենք, չենք կարողանում ջեռուցենք, եթե ջուր չունենք, երեխաները ցեխաջուր են խմում, միակ բանը որ մնում է անել՝ դոմիկները թողենք ու գնանք ուրիշ տեղ ապրենք,- սրտնեղում է Սեւակ Սահակյանը:

Հարեւանները հարցը արծարծեցին նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մոտ. «Ամեն դեպքում, մի հատ գազի հետ մենք կխոսենք, իրենց մոտեցումը հասկանանաք, թե ի՞նչ կարող ենք անել»:

Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է 5-7 միլիոն դրամ գումար. «Մեր աշխատողները գնացել-նայել են: Խնդիրն առաջին հերթին ֆինանսական է: Տնակները մեկը մյուսից հեռու են: Հետո նաեւ «Գազպրոմը» կարող է գազաֆիկացում չանի, քանի որ տնակային ավան է, ելնելով անվտանգության նկատառումներից: Մենք մտածում էինք հրատապի ինչ-որ մի ծրագրով մտցնեինք այս խնդիրը, բայց հրատապը ուղղվածությունը փոխեց: Գումարը մեծ է, ո՛չ բնակիչը կարող է, ո՛չ էլ համայնքը, որ այդ գումարը ներդնի»:

Բնակիչներն էլ այժմ հույսները միայն հեղափոխության հետ են կապում. «Ավանում 220 ընտանիք էր ապրում, հիմա մոտ 45 ընտանիք է ապրում: Ավանը շունչը փչում է, բայց մենք պայքարում ենք, որ գոնե էս մի քանի ընտանիքներս մարդավարի ապրենք: Մենք հավատում ենք, որ այս իրավիճակը ի օգուտ ժողովրդին է լինելու: Հավատում ենք, որ մենակ իրենցով չի լինելու, մենք էլ պետք է փոխվենք, իրենց օժանդակենք, թե չէ այսպես էլ ոչինչ չի լինի: Էս մի բուռն ենք մնացել, մենք էլ թողենք գա՞նք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031