«Վարչական ռեսուրսի օգտագործում չի եղել: Այդ ձայնագրությամբ ասվում է, որ վարչական ռեսուրսի օգտագործո՞ւմ է եղել. իհարկե՝ ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վերջինիս թեկնածուի առնչությամբ Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությանը, ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Եղել է հարցադրում, տնօրենը հայտնել է, որ կարող է մարդ ներկայացնել այդ միջոցառմանը: Տնօրենը մարզպետի կողմից խիստ նկատողություն է ստացել: Դա, կարծում եմ, լավագույն դասը պետք է լինի մյուսների համար»,-համոզմունք հայտնեց Արայիկ Հարությունյանը:
Նրա բնորոշմամբ. «Հենց այնպես չենք ասում, որ դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական: Երեւանի ավագանու ընտրություններում դպրոցների տնօրենների մասնակցության կամ ծնողների ներգրավման զրո դեպք է եղել: Ըստ էության, մենք մեր առաջ դրված նպատակին հասել ենք: Կարող են լինել մեկ-երկու դեպքեր, բայց դա նորմալ երեւույթ է»:
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց. «Պատրանք չունենք, թե վեց ամսում կարող էինք հարյուր տոկոսով լուծել բոլոր խնդիրները: Մեկ-երկու դեպքը չի խոսում խնդրի համակարգային լինելու մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ