«Հուսամ, որ հաջորդ շաբաթ ԱԺ-ում նույնպես վարչապետ չի ընտրվի եւ մենք կգնանք ծրագրված եւ բոլորի կողմից ընկալված արտահերթ ընտրությունների։ Դրանից հետո կսկսվի ավելի հետաքրքիր ժամանակահատված՝ տեսնելու՝ արդյոք այս տարի նախաձեռնված փոփոխությունները հիմք կծառայե՞ն նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու «ընտրություն» երեւույթի հանդեպ» – «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսօր կարծիք հայտնեց վերլուծաբան, նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանն`անդրադառնալով Հայաստանին սպասվող զարգացումներին։
Ամենակարեւորը, սակայն, ըստ բանախոսի, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հետեւյալն է` կտեսնե՞նք ընտրություններ, թե զուտ վստահության քվե. «Հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ծրագրային քննարկումներ կծավալվեն` նախընտրական ծրագրեր, դրանք իրականացնելու ձեւերն ու թիմերը: Երբ ունենում ես այլընտրանքներ, կատարում ես ընտրություն: Երբ այլընտրանքներ չկան, ամեն ինչ վերածվում է քվեի խնդրի: Հույս ունեմ, որ կգնա կոռեկտ պայքար: Հույս ունեմ նաեւ, որ չեն լինի իրավիճակներ, երբ ստիպված կլինենք գնալ արտահերթ ընտրությունների»։ Թեւան Պողոսյանը ընտրապայքարին մասնակից ուժերին կոչ է անում հուշագիր ստորագրել, որ կոռեկտ պայքար են տանելու:
Նա հույս ունի, որ հաջորդ ԱԺ-ն կընտրվի առաջիկա հինգ տարիների համար եւ Հայաստանը չի մտնի պերմանենտ ընտրական փուլ, ինչպես Իտալիան, Հունաստանը:
Ինչ վերաբերվում է հարցին՝ արդյոք ամիսուկես ժամանակը բավարա՞ր է քաղաքական ուժերի համար, որպեսզի պատրաստվեն ընտրություններին, Թեւան Պողոսյանն ասաց, որ եթե հունիսից բոլոր կուսակցությունները պատրաստվեին մոտալուտ ընտրություններին, գուցե ներկայիս արհեստական դժվարությունները չծագեին, սաբոտաժներ չլինեին։
Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին էլ, Թեւան Պողոսյանը խոսեց ուժային կենտրոնների`տարածաշրջանում շահագրգռությունների մասին. «ԱՄՆ-ը խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները, ռուս-թուրքական վեկտոր է ձեւավորվում, Ռուսաստանն ակտիվացնում է իր շահերը հարեւանների հետ՝ ԵԱՏՄ շրջանակներում»։ Նա հույս ունի, որ Հայաստանն այս բարդագույն իրավիճակում կկարողանա ամուր կանգնել իր շահերին: Հույս ունի նաեւ, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի եւ լայն թափով կդրվի գործողության մեջ:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնահարցին, Թեւան Պողոսյանը տարակուսելի է համարում այն մոտեցումները, որ արտահերթ ընտրությունները կլինեն, ինչ-որ մի բան տեղից կշարժվի: Նկատենք, որ այսօր նման կարծիք է հայտնել նաեւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Թեւան Պողոսյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի քանիցս արտահայտած տեսակետը`գաղտնի լուծումներ չեն լինելու:
«Ուրախ կլինեմ, եթե Հայաստանն ու Արցախը կարողանան ներկայացնել այն տարանջատումը, թե ինչ հարցերով ով է խոսելու: Կան անվտանգության հարցեր, որոնց համար Հայաստանը պատասխանատու է, քանի որ հանդիսանում է Արցախի բնակչության երաշխավորը եւ կան բուն հիմնախնդրի հետ կապված հարցեր`կարգավիճակի հարցն է, որի մասին Արցախը պետք է խոսի»,- ասաց Թեւան Պողոսյանը`հավելելով, որ նաեւ ձեւավորվում է մի իրավիճակ, որ եթե ունենանք լեգիտիմ իշխանություն, այն կարողանալու է նպաստել հիմնահարցի լուծմանը. «Իրականում լեգիտիմությունը հիմք է տալու, որ մեր ձայնն ավելի բարձր լսվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ