Պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաեւ այն փաստին, որ ՀՀ-ն հումանիտար առաքելություն է գործուղելու Սիրիա՝ ականազերծման աշխատանքների եւ բժշկական օգնության ցուցաբերման համար: Բոլթոնը գնահատականներ չհնչեցրեց, սակայն հիշեցրեց, որ ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական առաքելություն է իրականացնում Սիրիայում:
«Մարդասիրական առաքելություններն առհասարակ չպետք է քաղաքական ազդեցություն ունենան ռեժիմի (նկատի ունի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը) կամ ահաբեկիչների վրա»,-համոզմունք հայտնեց Բոլթոնը:
Ապա նկատեց, որ հայկական մարդասիրական առաքելությունը ռազմական բնույթ չունի. «Սիրիայում ցանկացած երկրի համար սխալ կլինի ռազմական ներգրավվածությունը, որովհետեւ յոթ-ութ երկիր արդեն իսկ ռազմական մասնակցություն ունի Սիրիական հակամարտությունում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ