Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմքեր ունեմ կարծելու, որ նոր ԸՕ-ն կընդունվի, և նոր ընտրությունները կանցնեն արդեն նոր ԸՕ-ով». Ռուբեն Մեհրաբյան

Հոկտեմբեր 25,2018 17:49

«Դատելով անցած իրադարձություններից՝ կարծում եմ՝ առաջիկա մեկ շաբաթը մեծ հաշվով կանցնի անցնցում: Հիմքեր ունեմ կարծելու, որ նոր ԸՕ կընդունվի, և նոր ընտրությունները կանցնեն արդեն նոր ԸՕ-ով»,- «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Դառնալով ՀՀԿ-ի՝ կողմ քվեարկել- չքվեարկելուն՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. « ՀՀԿ-ի՝ կողմ քվեարկել- չքվեարկելուց անկախ, խորհրդարանում կան անհրաժեշտ թվով պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն, այլ է հարցը, որ մի քիչ լավ կկազմակերպվի գործընթացն այս անգամ»:

Հարցին՝ արդարացվա՞ծ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խուճապը, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ խուճապ չկա. «Ընտրությունները պետք է արագացնել: Դեկտեմբերին ընտրությունները նույնիսկ ուշացած են, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում աննորմալ վիճակ է, երբ ունենք կառավարություն, որը չունի մեծամասնություն կառավարությունում: ՀՀ-ում նման իրավիճակները պարզապես անընդունելի են: Այս ընտրություններն ուղղակի պահանջված են, որպեսզի այս տրամաբանությունից մեր քաղաքականությունն ընդհանրապես դուրս գա՝ գործադիր իշխանությունն էլ հետը: Անհրաժեշտ է կառավարություն, որը կունենա մանդատ ոչ թե մինչև նոր ընտրություններ, մինչև հաջորդ ֆորսմաժոր, այլ հնգամյա սահմաններում երաշխավորված մանդատ և կանցնի պլանային աշխատանքի: Խուճապ չկա, կա անհրաժեշտության գիտակցում»:

Դառնալով քաղաքական ուժերի շանսերին վերաբերող հարցին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Քաղաքացիական պայմանագիրը ուղղակի ջախջախիչ հաղթանակ կունենա այս ընտրություններին և որ առաջիկա ընտրությունների կարևորագույն ինտրիգ է լինելու այն, թե ով կզբաղեցնի պատվավոր երկրորդ տեղը: Երկրորդ տեղի հավակնորդներ ես իմ սուբյեկտիվ անձնական տպավորությամբ տեսնում եմ Լույս դաշինք կամ ԲՀԿ՝ ով լավ կաշխատի»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ իրավիճակը էապես կհանգստանա, երբ նաև օրենսդիր իշխանության մեջ կտեսնենք իշխանության փոխանցում այս նոր ընտրություններով. «Ես համամիտ եմ այն գնահատականին, որ ՀՀ-ում հեղափոխությունը տեղի է ունեցել և հեղափոխությունը շարունակվում է և դեռ շարունակվելու է, բայց իշխանափոխությունը դեռ չի ավարտվել: Նաև օրենսդիր իշխանության փոխանցումը էապես դուրս կբերի քաղաքական գործընթացները կոնյուկտուրային նախընտրական, հեղափոխական տրամաբանությունից, և արդեն ավելի կուղղվի դեպի, ինչպես ընդունված է ասել, պլանային աշխատանքի հուն: Կունենանք նոր կառավարություն, որն օժտված կլինի հնգամյա մանդատով և այդ ժամանակ արդեն իմաստ կունենա խոսել հնգամյա ծրագրերի, ընդհանուր բարեփոխումների ռազմավարությունների ծրագրերի մասին և դաշտ կբացվի պրոֆեսիոնալների ներգրավման համար»:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, թե այս ընտրական գործընթացը մեզ համար չպետք է լինի պատճառ մեր ուշադրությունը շեղելու այն գործընթացներից, որոնք ուղղակի պտտվում են ՀՀ-ի շուրջ. «Այն չի կարող մեզ նաև իր մեջ չներքաշել և այդ իմաստով, եթե Ռուսաստանին թողել են միայն երկու շանս, ապա ՀՀ-ի շանսերը շատ ավելին են: Այս ամենի մասին է խոսում նաև այն, որ ՀՀ-ում ամերիկացի պաշտոնյաների այցելությունները մեկը մյուսին հաջորդում են, Հայաստանում ԱՄՆ դեսպան է լինելու, որը գալիս բավականին բարձր պաշտոնից, գլխավոր խորհրդականի պաշտոնը պետդեպում՝ ՌԴ-ի, հետխորհրդային երկրների գծով: Այս դինամիկ գործընթացներում ես կարծում եմ, որ ՀՀ-ում անհրաժեշտ է այսպես ասած այն դիսկուսիոն մթնոլորտը, որը մեզ կբերի նրան, որ կարողանանք ադեկվատ ձևակերպել ՀՀ դիրքորոշումներն այս փոփոխություններին համահունչ ու համընթաց»:

Դառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Բաքվում նրա առանցքային հայտարարությունն այն էր, որ որևէ նոր բան չի բերել ղարաբաղյան կարգավորման հետ կապված: Երևանում այդ իմաստով չեմ կարծում այլ բան կասի Բոլթոնը: ՀՀ-ում ի տարբերություն Ադրբեջանի տեղի են ունեցել դրամատիկ փոփոխություններ՝ կապված թավշյա հեղափոխության հետ, իհարկե, ԱՄՆ-ն կարիք ունի առաջին ձեռքից շատ հարցերի պատասխաններ լսել այդ իմաստով, վերլուծել հետագա ռազմավարությունները ձևավորելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031