ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնի դարձան Երեւանի նորընտիր ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ներկայացնող նոր անդամների անունները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ «Իմ քայլը» դաշինքի՝ ավագանու անդամներ ընտրված Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, նաեւ՝ Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, ուստի ըստ օրենքի՝ ավագանու անդամների մանդատները տրվելու են «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուներին:
Ըստ այդմ, ավագանու անդամների մանդատներ տրվեցին «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Գալջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գեւորգյանին, Գրիգորի Երիցյանին, Մարատ Թոխյանին:
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ, Սրբուհի Ղազարյանը՝ վարչապետի խորհրդական, իսկ Նիկոլայ Բաղդասարյանը՝ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական: Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ արտահերթ ԱԺ ընտրություններին է պատրաստվում, Վիկտոր Մնացականյանն էլ նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ