Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկվում է Yerevan.today-ի խմբագրությունում ոստիկանության 6-րդ վարչության եւ քննչականի խուզարկության թույլտվության օրինականությունը:
Կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ հիմա կայքի խմբագրությունից առգրաված տեխնիկան չեն վերադարձրել:
Լրագրողները հիշեցրին, որ հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի ղեկավարն ասել է, որ մոտ մեկ շաբաթից կավարտեն ու կվերադարձնեն, փաստաբանն ասաց, որ իրենց ավելի սեղմ ժամկետներում են խոստացել վերադարձնել, բայց փաստն այն է, որ մինչ օրս չեն վերադարձրել: Արմեն Ֆերոյանի խոսքով՝ իրենց պատճառաբանել են, թե նշանակված է փորձաքննություն եւ փորձաքննությունը դեռեւս չի ավարտվել. «Դուք գիտեք, թե ինչ է լրագրողական գաղտնիքն իրենից ներկայացնում, եթե ձեր ինֆորմացիան բացահայտվի, կարող է այլեւս լրագրողական գործունեությամբ չզբաղվեք, ոչ ոք ձեզ չի վստահի: Ու հիմա այստեղ լրագրողական գաղտնիքն է խաթարվել, որը պաշտպանվում է մի շարք միջազգային կոնվենցիաներով, այդ թվում մեր ՍԴ-ն շատ կարեւոր որոշում ունի լրագրողական գաղտնիքի պաշտպանության հետ կապված»:
Մենք հետաքրքրվեցինք՝ բուն խուզարկության գործողությունները եղե՞լ են խախտումներով՝ նա պատասխանեց, որ նախ չպիտի իրականացվեր այդ խուզարկությունը, երկրորդը՝ չպիտի առգրավեին այնպիսի առարկաներ, նյութեր, որոնք կապ չունեն գործի հետ:
Ֆերոյանն ասաց. «Մեր գործընկերներից շատերն ասում են՝ ի՞նչ իմաստ ունի բողոքարկումը, չէ՞ որ խուզարկությունն արդեն եղել, ավարտվել է, ոչ մի բան հետ տալ չես կարող: Մեր բողոքարկման ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ ի վերջո մեր երկրում ապօրինի խուզարկություն անելու արատավոր երեւույթը արմատախիլ արվի»:
Հարցին՝ ի՞նչ եք ակնկալում բողոքարկմամբ՝ նա պատասխանեց, որ ակնկալում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատապարտող դիրքորոշումն արտահայտի եւ այդ գործողությունը համարի օրենքի տառին ոչ համապատասխան, ապօրինի:
Փաստաբանն ասաց, որ ուզել են ճնշել ԶԼՄ-ին՝ նման խուզարկությամբ, որ լրատվական գործունեությունը դադարեցնի այդ կայքը:
Հարցին՝ մի քանի օր առաջ ԱԱԾ տնօրենն ասաց, որ արդեն գիտեն թե ովքեր են կատարել այդ գաղտնալսումը, դրանից հետո դիմե՞լ եք Քննչական կոմիտե առգրաված տեխնիկան վերադարձնելու, որովհետեւ եթե գիտեն, թե ով է գաղտնալսել, արդեն պետք է վերադարձնեին՝ Արմեն Ֆերոյանը պատասխանեց, որ դրանից առաջ են դիմել ու իրենց ասել են՝ սեղմ ժամկետներում կվերադարձնեն. «Մենք պատրաստվում ենք եւս մի գրությամբ դիմելու ու պահանջելու կայքի համար խիստ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ տեխնիկան»:
Հարցին՝ այդ տեխնիկայում եւ կրիչներում իրենց կասկածները ապացուցող որեւէ բան գտե՞լ են՝ փաստաբանը վստահեցրեց, որ ոչ, քանի որ նման տեղեկատվություն չի եղել ու չկա, հետեւաբար ոչ գտել են, ոչ էլ կարող էին գտել, ուղղակի տեւական ժամանակ ձգձգում են ու ընկերությունը զրկված է իր գործունեությունն իրականացնելու հնարավորությունից ամբողջ ծավալով:
Մենք հետաքրքրվեցին՝ հետագայում վնասի փոխհատուցման պահանջով հայց ներկայացնելո՞ւ են՝ փաստաբանը պատասխանեց, որ դա հետո պարզ կլինի, բայց վստահաբար ընկերությունը վնասներ է կրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ