Լրահոս
Օրվա լրահոսը

Yerevan.today-ում խուզարկության գործը վիճարկվում է դատարանում. Առգրավել են լրագրողական գաղտնիք համարվող տեղեկատվությունը

Հոկտեմբեր 25,2018 17:16

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկվում է Yerevan.today-ի խմբագրությունում ոստիկանության 6-րդ վարչության եւ քննչականի խուզարկության թույլտվության օրինականությունը:

Կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանն (լուսանկարում) ասաց, որ իրենք բողոքարկել են խուզարկության օրինականությունը, որ հետագայում կանխեն նման դեպքերը. «Իմ խորին համոզմամբ, այդ խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի ու Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների ակնհայտ եւ կոպիտ խախտումներով: Իսկ ակնհայտ կոպիտ խախտումները հետեւյալն են. նախկինում արատավոր պրակտիկա է ձեւավորված եղել հանրապետությունում, որ ինչ-որ մի օպերատիվ աշխատակից կարող էր մի գրություն գրեր քննիչին, որ կասկածում եմ իքս անձնավորության բնակարանում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ առարկաներ, իրեր են պահվում, հետեւաբար թույլ տվեք խուզարկել: Քննիչը դիմում էր դատարանին, դատարանն էլ ասում էր՝ եթե նման տեղեկատվություն ունի օպերատիվ աշխատակիցը, պետք է խուզարկել: Այս գործընթացը մեր փաստաբանների կողմից մշտապես բողոքարկումների թեմա է դարձել: Իմ բողոքի հիման վրա դեռեւս 2015-ին Վճռաբեկ դատարանը որոշում հրապարակեց՝ նշելով, որ մենակ օպերատիվ աշխատակցի գրության հիման վրա չի կարելի անձի բնակարանում խուզարկություն կատարել, քանի որ դրանով բնակարանի անձեռնմխելիությունը չի պաշտպանվում: Ստացվում է, որ անձի բնակարանի անձեռնմխելիությունը ընդամենը մի ոստիկանի քմահաճույքից է կախված, ինչը թե՛ եվրոպական կոնվենցիայով, եւ թե՛ միջազգային այլ իրավական փաստաթղթերով»:

Փաստաբանն ասաց, որ շատ անհասկանալիորեն Yerevan.today ընկերությունում խուզարկությունը կատարվել է բացառապես ոստիկանության տված տեղեկատվության հիման վրա, թե ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը համացանցում հրապարակել են 2 օր առաջ: Այս հիմքով դատարանը թույլատրել է եւ խուզարկություն է կատարվել Yerevan.today-ում. «Խուզարկության արդյունքում մեզ համար անհասկանալիորեն առգրավել է ամբողջ տարիների լրագրողական գաղտնիք համարվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ համակարգչային տեխնիկան եւ կրիչներ, որի պատճառով ընկերությունը զրկվել է իր բնականոն գործունեությունը պատշաճորեն իրականացնելու հնարավորությունից»:

Հարցին՝ ենթատեքստ տեսնո՞ւմ եք, սա ճնշո՞ւմ է ԶԼՄ-ի վրա՝ փաստաբանը պատասխանեց. «Զուտ փաստերն ասեմ՝ որ դա չէր կարելի անել ու դա դատապարտել էր Վճռաբեկ դատարանը, Հայաստանում այդ արատավոր պրակտիկային վերջ էր տրվել, դա փաստ է: Այն, որ չէին կարող առգրավել ամբողջ տեղեկատվությունը, բոլորիս էլ հայտնի է, այդ խոսակցությունը կարող էր վերաբերվել մենակ վերջին 6 ամսվա կտրվածքին: Բայց ի՞նչ կապ ունի 2006-ի տեղեկատվությունը այդ գաղտնալսման հետ առհասարակ, ոչ ոք չի կարող բացատրել: Այսինքն, տեղի է ունեցել օրենքի խախտում: Մեզ մոտից առգրավել են այնպիսի տեղեկատվություն, որը ոչ մի կապ չունի քրեական գործի հետ: Այո, Yerevan.today լրատվական կայքում այն համոզման են, որ դա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ դուք ասում եք՝ 6 ամսվա կտրվածքով ինֆորմացիան էր միայն առնչվում գործին, բայց ավելի վաղ ունեցած տեղեկատվությունն արդյո՞ք կարեւոր չէր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի հետ կապը տեսնելու՝ փաստաբանը պատասխանեց, որ քրգործը քննվում է կոնկրետ փաստի շրջանակներում, այդ հանգամանքը չկա գործում. «Չի կարող քրգործ հարուցվի ու ում ինչ հետաքրքիր է, այդ գործի շրջանակներում քննի»:

Մենք ճշտեցինք՝ առգրաված համակարգչային տեխնիկայում եւ կրիչներում լրագրողական աղբյուրների մասին տեղեկատվությո՞ւն է եղել՝ Ֆերոյանը պատասխանեց. «Առկա են եղել բազմաթիվ լրագրողական տեղեկատվություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031