Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. Արաքս Դիլանյանը Արամ Հարությունյանի մտերիմն է, որի Դուբայի հաշվին փոխանցել եմ 8 միլիոն դոլար

Հոկտեմբեր 25,2018 17:05

Գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կրկին վերաբացվել է, սակայն տիկին Համբարձումյանը Aravot.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը  ՀՀԿ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՞ն է առնչվում, թե մեկ այլ պատգամավորի:
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ այսօր կաշառքի գործ կա, որն արդեն 100 %-ով ապացուցված է, սպասում են պաշտոնական պատասխանի, որպեսզի նրան կալանավորեն:

Aravot.am-ը փորձեց այս տեղեկատվությունը ճշտել Արամ Հարությունյանից, արդյոք Նիկոլ Փաշինյանի խոսքն իրեն է վերաբերում, հատկապես, որ գործարար Սիլվա Համբարձումյանի կաշառքի վերաբերյալ բողոքը Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է: Սակայն պարոն Հարությունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Ըստ Սիլվա Համբարձումյանի, ինքը մի քանի տարի է ահազանգում է, որ հանքերի շահագործման արտոնագիր ստանալու համար Արամ Հարությունյանին 14 միլիոն դոլար կաշառք է տվել՝ հենց Հարությունյանի պահանջով, սակայն նախորդ իշխանությունների օրոք, տիկին Համբարձումյանի խոսքով, Բաղրամյան 26-ի ցուցումով գործը փակվել է:
Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախքան իշխանափոխությունը Արամ Հարությունյանի հետ իրավապահ մարմիններն առերեսել են, սակայն Արամ Հարությունյանը պնդել է, որ Սիլվա Համբարձումյանին ընդհանարապես չի ճանաչում եւ որ մամուլից է նրա մասին լսել: Մինչդեռ տիկին Համբարձումյանն ասում է, որ երկար տարիներ հենց Արամ Հարությունյանից է Տիգրան մեծի 4 հասցեում իր գրասենյակի տարածքը վարձակալել: Բացի այդ նրա՝ մարզպետ եղած ժամանակ հանդիպել են:
«Այդ մասին վկայող փաստեր էլ կան»,-ասաց Սիլվա Համբարձումյանը: Նա իր ցուցմունքում նշել է, որ 8 միլիոն դոլարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին: Մեր հարցին, թե ո՞վ է Արաքս Դիլանյանը, տիկին Համբարձումյանն ասաց, որ չի ճանաչում, նրա անունով հաշվեհամարը Դուբայում տվել է Արամ Հարությունյանը: Մնացած 6 միլիոն դոլարն էլ, ըստ Համբարձումյանի, կանխիկ է փոխանցել Արամ Հարությունյանին՝ նրա աշխատակից Սուրեն Ավագյանի միջոցով:
«Բոլոր փաստաթղթերն ունեմ, որ ես փոխանցել եմ ութ միլիոն դոլար, ցուցմունքներում լրիվ կա: Արաքս Դիլանյանն այն ժամանակ նույնպես եկել սուտ ցուցմունք է տվել, թե ինքը գումար չի ստացել, բայց փաստաթղթերում ամբողջը կա»:

Տիկին Համբարձումյանն ասաց, որ գործը վերսկսել է մայիսին, սակայն ոչ նոր կառավարության օրոք. «Քանի որ այն ժամանակ դիմել էին Դուբայ եւ Արաքս Դիլանյանը եկել էր սուտ ցուցմունք էր տվել, որ ինքը գումար չի ստացել, բայց հետո ե՛ւ ես ե՛ւ քննչական մարմինը թղթեր ստացանք, որ այո Արաքս Դիլանյանի հաշվին այդ օրը, այդ ժամին, այդ հիմնարկից նստել է 8 միլիոն դոլար: Եւ այդ ութ միլիոն դոլարն էլ տրվել է ՀՀ 3 այլ քաղաքացիների, որոնք Արամ Հարությունյանի գործընկերներն են: Արաքս Դիլանյանին էլ պետք է բերեն, քանի որ այն ժամանակ սուտ ցուցմունք է տվել:

Մայիսին եմ դիմել, նախկին իշխանությունն այլեւս չէր իշխում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031