Առաջիկա օրերին 1 միլիոն դոլարին համարժեք դրամ գումարի հետգանձումներ կլինեն ՀՀ պետական բյուջե: Այս գործողության համար պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացնի դրանց մասին տեղեկանքները:
Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքերով՝ «Չակերտավոր բերքահավաք է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են, ու այս տարվա աշնանն ու ձմռանը մենք կբերենք մի քանի անգամ ավելի միլիոն դոլարի մուտքեր:
Այս գումարների հետգանձումն իրականացվում է ԲԷՑ-ից, «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, Ագրարային համալսարանից: Սանասարյանի ներկայացմամբ՝ այս բուհի նախկին ռեկտորը 350 միլիոն դրամ պետությանը հասցրած վնասը համաձայնել է վերադարձնել բյուջե: Բացի այս, շուտով կավարտվեն ստուգումները ԵՊՀ-ում, որտեղ, ըստ Սանասարյանի, խախտումների ծավալը 2 անգամ, եւ գուցե նույնիսկ 2-ից ավելի անգամ գերազանցելու է Ագրարային համալսարանում արձանագրված 350 միլիոն դրամը:
Թե ինչ խախտումներ են, Սանասարյանը չմանրամասնեց, նշեց, որ գրեթե բոլոր տեղերում գնումների գործընթացում լուրջ խնդիրներ են եղել, եղել են նաեւ ուռճացված թվեր:
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ ծառայության պետի, ՋՕԸ-երում իրականացրած ստուգումներով կրկին լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Սանասարյանը վստահեցրեց՝ դեկտեմբերի վերջում 1.5 մլն դոլար էլ ԲԷՑ-ից կվերադարձնեն պետբյուջե:
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է այդ գործողությունների արդյունքում մարդիկ ձերբակալվեն, Սանասարյանը պատասխանեց. «Չի բացառվում»:
Հիմա ծառայությունը վերահսկողություն է իրականացվում Քրեակատարողական հիմնարկներում, վարչությունում եւ Աջակցություն դատապարտյալներին հիմնադրամում: Շուտով կավարտվեն համայնքների ուսումնասիրությունները:
Դավիթ Սանասարյանը հավելեց, որ Քրեական, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի և այլ օրենսգրքերով սահմանված ամենատարբեր խախտումներ են կատարվել, անարդյունավետ ծախսեր են եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ