Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղութից ազատ կարձակվեն անհայտ գյումրեցու շնորհիվ․ նոր մանրամասներ՝ Գյումրու կենտրոնի աղմկոտ միջադեպից

Հոկտեմբեր 25,2018 16:47

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 17-ին Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում՝ «Տրեզզո» սրճարանի դիմաց, մի քանի ոստիկաններ ծեծելով բերման էին ենթարկել երկու երկվորյակ եղբայրների՝ 1995 թվականին ծնված Կառլեն և Գառնիկ Առաքելյաններին։ Սակայն, այս մասին փաստող տեսանյութը հայտնվեց այն պահին, երբ դատարանը րոպեներ առաջ վճռել էր երկամսյա կալանքի վերցնել եղբայրներից մեկին։ Մյուսի մասով նախորդ օրն էր կալանքի վճիռ կայացվել։ Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար։

Այդ օրը Գյումրու Վարդանանց հրապարակում մեքենան ճռռացնելու պատճառով միջադեպ էր սկսվել տղաների և ոստիկանների միջև, ոստիկանները դիտողություն էին արել, երկվորյակ եղբայրները սկզբում ներողություն էին խնդրել՝ ասելով, որ մեքենայի խլացուցիչը ծակ է, այնուհետ սկսվել էր լեզվակռիվ, հրմշտոց, ծեծկռտուք։

Այսօր պարզվեց, որ անհայտ հեղինակի տեսանյութը փոխել է գործի ընթացքը։ Փաստաբան Հայկ Հարությունյանը, որն այսօր 23-ամյա տղաների հոր՝ Սմբատ Առաքելյանի հետ մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, տեղեկացրեց, որ ոստիկանների՝ ծեծելով բերման ենթարկելու գործողության իրավաչափությունն այս պահին քննվում է Հատուկ Քննչական ծառայությունում։ Շիրակի մարզի դատախազությունը, սոցցանցում տեսանյութի հայտնվելուց հետո, դիմել է ՀՔԾ-ին։

Չի բացառվում, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող երկվորյակ եղբայրներն այդ նույն տեսանյութից հետո գրավի դիմաց ազատ արձակվեն։ Փաստաբանն արդեն դիմել է դատարան։ Նա, սակայն, նշում է, որ իրենց բողոքարկումը բնավ չի նշանակում, թե երիտասարդներն անմեղ են, իրենք գիտակցում են, որ ոստիկանների հետ վիճաբանության մեջ կա նրանց մեղքը, ուղղակի ի նկատի ունենալով, որ տղաները երբեք արատավորված չեն եղել, չկա անհրաժեշտություն որպես խափանման միջոց կալանքն ընտրելու։ Հատկապես, որ ըստ Հայկ Հարությունյանի, նրանք ևս ընդունում են իրենց մեղքի բաժինը։

«Կալանավորման հիմքերը որոնք են, որ ազատության մեջ մնալով՝ կարող է խոչընդոտեն կամ դիմեն փախուստի։ Մենք հենց այսօր դիմել ենք դատարան, որպեսզի գրավի դիմաց դուրս թողնեն տղաներին, իսկ խոչընդոտելու համար տղաներն ասել են, որ պատրաստակամ են մանրամասն ցուցմունք տալ և առերես հարցաքննվել բոլոր ոստիկանների հետ, որոնք որ տեղում եղել են։

Գտնում եմ, որ կալանավորումը հիմնավոր չէ, դատարանը և նախաքննական մարմինը, դատախազությունը պիտի հաշվի առնեին երեխաների տարիքը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք դրդել են այդ հանցագործության։ Եվ տղաները, և նրանց ծնողները ևս գիտակցում ենք, որ այստեղ կա տղաների մեղքը, իրենք չեն պնդում, թե ամբողջ մեղքը ոստիկաններինն է, մենք անմեղ ենք։ Ո՛չ, իրենց մեղքը կա, իրենք վիճել են ոստիկանների հետ, իրենք պատրաստ են ավելի մանրամասն ցուցմունք տալ և ներկայացնել իրավիճակը։ Ներկայումս տվել են ցուցմունքներ, բայց մանրամասներով ներկայացված չէ։ Վաղը քննիչի հետ կգնանք տղաների մոտ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեն»,-ասաց Հայկ Հարությունյանը։

Փաստաբանն ասաց, որ դիմել են և՛ գլխավոր դատախազություն, և՛ բողոքարկել են Վերաքննիչ դատարան, լիահույս են, որ դատարանը, տեսնելով նաև սոցցանցերում հայտնված տեսանյութը, կփոխի կալանքը։

Հայկ Հարությունյանն ասաց, որ տեսանյութն անակնկալ է եղել ոստիկանների համար, քանի որ նրանք դատարանում նրանց տված ցուցմունքի մեխն այն էր, թե երկվորյակ եղբայրները փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, մինչդեռ տեսանյութում եղբայրներից մեկը կանգնած է, ու երբ ոստիկանները սկսում են քաշել նրան, ասում է՝ ինձ մի քաշեք։

«Դա չի կարող դիտվել որպես փախուստի փորձ, այո, անակնկալ էր տեսանյութը ոստիկանների համար, և դա շատ օգնեց, որպեսզի մենք կարողանանք այսօր վստահորեն ասել, որ տղաները փախչելու փորձ չեն կատարել։ Միգուցե դիմադրել են մեքենա նստելուց, միգուցե ասել են՝ մի քաշի, ես կգամ, կնստեմ, բայց դա չի նշանակում, թե փախչելու փորձ են արել»,- ասաց Հայկ Հարությունյանը։

Նա նշում է, որ որևէ լուրջ պատմություն չի եղել վիճաբանության հիմքում, ոստիկանության աշխատակից տղաներն էլ համարյա երկվորյակ եղբայրների հասակակից են, ու այստեղ երիտասարդ տարիքն իրենն արել է։

«Ե՛վ ոստիկանները պիտի մի քիչ զիջող լինեին քաղաքացներին, և՛ տղաները մի քիչ պիտի հասկանային, որ զրուցում են ոստիկանության աշխատակիցների հետ, և իրենց զուսպ պահեին և լսեին»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալները հասկացել են իրենց մեղքը, որ չէր կարելի վիճաբանել ոստիկանների հետ, նրանցից մեկը դատարանում ասել է․ «Ես ընդունում եմ իմ մեղքը, պատրաստ եմ ոստիկանության աշխատակիցներից ներողություն խնդրել իմ արածի համար, այդ պահին չեմ հասկացել, ինչ եմ արել, բայց հստակ գիտակցում եմ, որ կա մեր մեղքի բաժինը»։

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ թե՛ ծնողները, և թե՛ տղաները սարսափելի վատ իրավիճակում են հայտնվել․ ազատազրկման 5-6 օրվա ընթացքում լիարժեք գիտակցել են իրենց սխալը։

Ըստ փաստաբանի, նախաքննական մարմինն էլ կարծես սկսել է համոզվել, որ եղբայրները հանցագործ տեսակը չեն, որոնց կարելի է պատժել օրենքի ողջ խստությամբ։ «Քննությունը կատարեն, եթե մեղավոր են, թող էլի պատժվեն, ոչ ոք չի ասում իրենց արդարացնեն, ամեն մարդ պետք է պատասխան տա իր կատարած արարքի համար, իր արարքին համաչափ»,- ասում է Հայկ Հարությունյանը։

Երկվորյակ եղբայրների հայրը՝ Սմբատ Առաքելյանն էլ ասաց, որ դեռ չեն տեսակցել տղաներին, չեն թույլ տվել։ Հայրն ասում է, որ տղաներից մեկը՝ Կառլենը շատ համբերատար է, նա դժվար թե վիճաբաներ։ Տղաներից մեկը «Եղնիկներում» է ծառայել, նոր է վերադարձել բանակից, ըստ հոր, միգուցե ավտոմատի, անտառի խշշոցը դեռ ուղեղի մեջ է։

Թե ով է նկարահանել Ռիժկովի ճեմափողոցում կատարվածը, փաստաբանը տեղյակ չէ, ըստ նրա, ինքը ճեմափողոցում գտնվող սպասարկման օբյեկտների տերերից հետաքրքրվել էր, թե նրանց տեսախցիկները նկարահանե՞լ էին արդյոք կատարվածը, սակայն տվյալ հատվածը դուրս էր մնացել տեսախցիկներից։ Համացանցում հայտնված տեսանյութը նկարել է անհայտ անձ․ ըստ փաստաբանի, նա ամենայն հավանականությամբ չի էլ ուզում հայտնի դառնալ՝ հայտնի պատճառներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031