«Հայ-ամերիկյան հարաբերություններն ԱՄՆ-ի համար առաջնահերթություններից են: Դրանք կարեւոր են եւ ռազմավարական նշանակություն ունեն»,-ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Խոսելով Փաշինյանի հետ զրույցի տնտեսական բաղադրիչի մասին՝ նա նշեց, որ կարեւորել են ՀՀ-ում ամերիկյան ներդրումների ավելացման անհրաժեշտությունը:
«Անդրադարձել ենք նաեւ դեկտեմբերին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին: Պարզ է, որ դրանց հետ կապված՝ որոշ բաներ հետաձգվելու են: Խոսեցինք նաեւ հանրային կարծիքի ուսումնասիրությունների մասին, որոնք ցույց են տալիս, որ ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ուժեղ մանդատ կստանա»,-նկատեց Ջոն Բոլթոնը:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե որն է իր հաջողության գաղտնիքը. «Բայց նա հրաժարվեց իր հաջողության գաղտնիքը բացահայտել: Գուցե ընտրություններից հետո ասի: Բայց փաստ է, որ եթե նշյալ կանխատեսումներն իրականանան, ընտրություններից հետո վարչապետը կունենա ուժեղ մանդատ՝ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ