«Խնդրի լուծումը բարդ է: Եթե հեշտ լիներ, այն վաղուց կարգավորված կլիներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը, ասաց պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա շեշտեց, որ իր այցելությունն ամենեւին չի նշանակում, թե Արցախի հարցում լուծումներ կամ փոփոխություններ են նախանշվում:
«Կողմերն իրենք պետք է լուծումներ գտնեն: Իմ նախկին վերադասն ասում էր, որ ոչ-ոք ավելի շատ չի ուզում խաղաղություն, քան իրենք՝ հակամարտության կողմերը»,-նշեց պաշտոնյան:
Ջոն Բոլթոնի բնորոշմամբ՝ որպեսզի Հայաստանը նվազեցնի արտաքին ճնշումները, պետք է ընտրի ամենավստահելի ճանապարհը, այն է՝ ԼՂՀ խնդրի լուծումը:
«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել՝ հակամարտության կարգավորման գործում: Դա բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ մեր շահերից: Պատրաստ ենք օժանդակել՝ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, եւ թե այլ միջոցներով»,-վստահեցրեց Ջոն Բոլթոնը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ