Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեն հորդորում է չչարաշահել «իրականացնել» բառի գործածությունը, այն կիրառել միայն համապատասխան իմաստով

Հոկտեմբեր 25,2018 15:27

Երբեմն մեր աչքն ու ականջն այնպես են սովորում հաճախ կրկնվող սխալներին, որ դրանք այլևս չենք նկատում: Այդպիսի մի սխալ կապված է «իրականացնել» բառի հետ: Այս բառն էլ լեզվում է ստացել  «գերիշխող» դիրք, արշավ սկսել իր հոմանիշների դեմ՝ նրանց հանիրավի դուրս մղելով և հաճախ ոչ տեղին կիրառվելով:

Բերենք օրինակներ մամուլից և հեռուստատեսային եթերից.

«Հարկ վճարողների բանկային հաշիվներին իրականացվում է վերադարձ»:

«Մարալիկցիները նստացույց են իրականացնում քաղաքի կենտրոնական հրապարակում»:

«Խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել Ազգային ժողովի պատգամավորները»:

«Ո՞վ է ինքնահրկիզում իրականացրած քաղաքացին»:

«Մի շարք սահմանապահ համայնքներում աշնանացան իրականացնելու դեպքում բնակիչները մեկ հեկտարի համար կստանան 60 000 դրամ աջակցություն»:

Բանը հասել է նրան, որ իրականացվում է նույնիսկ գրպանահատությունը, և օդաչուներն էլ իրականացնում են ինքնանետում:

Հավանաբար շատերը նկատած կլինեն, որ գրեթե ոչ մի աշխատանք այլևս ո՛չ կատարվում, ո՛չ էլ արվում է: Հիմնականում տարվում  կամ իրականացվում է:

Այսպես՝ գրեթե բացառապես իրականացվում են նորոգումը, սպասարկումը, քննչական գործողությունները և այլն, և այլն:

Կրկնենք: Սա այն դեպքերից է, երբ մի բառը դուրս է մղում այլ բառերի, և նրա գործածությունը չարաշահվում է: Իհարկե, բերված օրինակներում գործ ունենք ոչ միայն բառի գործածությունը չարաշահելու, այլև լեզվական սխալի հետ, որովհետև չենք կարող ընդունել, որ, օրինակ, նստացույցը, աշնանացանը, գրպանահատությունն ու ինքնահրկիզումն իրականացվում են:

Չմոռանանք բառերի իմաստները, հաշվի առնենք նրբերանգները: «Իրականացնել» նախ և առաջ նշանակում է «իրական դարձնել, իրականություն դարձնել, իրագործել»:

Կարելի է առարկել՝ ասելով, որ ժամանակի ընթացքում բառերը նոր իմաստներ են ստանում, իմաստափոխվում: Այո՛, բայց, այնուամենայնիվ, աշնանացանը կատարում են, նստացույցը՝ անում, ինքնահրկիզվում են կամ գրպանը մտնում: Եվ պարտադիր չէ ծառայությունն իրականացնել, քանի որ կարելի է պարզապես ծառայել:

Նկատի ունենալով ասվածը՝ Լեզվի կոմիտեն հորդորում է չչարաշահել «իրականացնել» բառի գործածությունը, այն կիրառել միայն համապատասխան իմաստով՝ չխուսափելով ուրիշ, մասնավորապես «կատարել» և «անել» բառերի գործածումից:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031