ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
2018թ. հոկտեմբերի 25-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարար պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային այս ժամանակաշրջանում: Կուզենայի հատկապես ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական տնտեսական, առևտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր պատասխան խոսքում նշեց՝ «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունը և անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ես շատ եմ կարևորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մասով, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը: Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:
Երկուստեք առանձնահատուկ կարևորվեց ԱՄՆ–ում հայկական համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։
ՀՀ Անվտանգության խորհուրդ