Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Բոլթոնն ակնարկեց, որ Փաշինյանը կարող է վճռորոշ քայլեր անել՝ Արցախյան խնդրի կարգավորման համար

Հոկտեմբեր 25,2018 14:39

«Չեմ ուզում կանխորոշել…Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի ձեւաչափին, եւ այդ փաստն ուրախալի է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե, ի վերջո, ի՞նչ կետերով փաստաթուղթ է դրված Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում է: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ն ներկայացնող նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ավելի վաղ հայտարարել էր՝ բանակցային սեղանին «Մադրիդյան սկզբունքները»(հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը, որը ենթադրում է նաեւ որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Արցախի կարգավիճակի դիմաց) չեն, այլ նոր փաստաթուղթ:

Ջոն Բոլթոնը հարցին հստակ պատասխան չտվեց, փոխարենը՝ հիշեցրեց ԱՄՆ նախկին արտգործնախարար Ջեյմս Բեյքերի համոզմունքը՝ հակամարտությունների կարգավորման առնչությամբ. «Նա ասում էր, որ եթե կողմերից մեկը որեւէ բան առաջ է քաշում, պարտադիր չէ, որ դա ընդունվի»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այս դեպքում էլ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան գնահատականներ չտվեց, միայն նշեց. «Եթե ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններում վարչապետն ու նրա քաղաքական ուժը ստանան մանդատ, դա վարչապետի համար լավ հնարավորություն է՝ նաեւ Արցախի խնդրի լուծման համար վճռորոշ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Եթե պատրաստակամություն լինի, մենք էլ, որպես համանախագահող-երկիր, կաշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ արձագանք լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031