Հոկտեմբերի 25-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ «Էրասմուս+ » ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանի միջև համագործակցության ներկայացումը:
«Էրասմուս+ »-ի «Միջազգային կրեդիտային շարժունակություն» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Էքս-Մարսել համալսարանի պատվիրակությունը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը ներկայացնելով ծրագրի համակարգող եւ հայագիտության դասախոս Պատրիկ Տոնապետյանին, ասաց, որ նա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին մշակութային կցորդն է եղել, հավելեց, որ մասնագիտական կարիերայի սկզբում աշխատել է Տոնապետյանի ղեկավարությամբ:
Պարոն Բորտոլանը կարեւորելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում եւ նախագահ Մակրոնի այցը, նշեց, որ Երեւանը երբեք այդքան ֆրանսերեն չէր խոսել, նաեւ հավելեց, որ ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներն էլ հնարավորություն են ունեցել որոշ չափով հայերեն սովորել, նվազագույնը կարող են հայերեն բարեւել:
Նա փաստեց, որ Ֆրանսիան 325000 միջազգային ուսանողների է ընդունում, հայ ուսանողների ընդունման թվով Ֆրանսիան երկրորդն է աշխարհում: Ի դեպ, 2015-ից «Էրասմուս+ » ծրագրի շրջանակում 1900 ուսանող եւ դասախոս օգտվել է շարժունակությունից եւ սովորել ու վերապատրաստվել ԵՄ անդամ երկրների համալսարաններում:
«Էրասմուս+ » ծրագրի ազգային ներկայացուցիչը եւս որոշ մանրամասներ ներկայացրեց ծրագրի մասին:
Մանրամասները` տեսանյութում:
Նշենք, որ Էքս-Մարսել համալսարանի Հայաստան ժամանած պատվիրակության կազմում են նաեւ Եվրոպայի հետ համագործակցության ծրագրի պատասխանատու, Էքս-Մարսել համալսարանի արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ Քրիստիել Դյուպոն-Ֆերիեն եւ Արվեստի գրականության, լեզուների եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետի միջազգային շարժունակության հարցերով ղեկավար Օլիվիե Պերեզը:
Պատրիկ Տոնապետյանը նշեց, որ ինքը եւ գործընկերները Հայաստան են ժամանել Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանի միջև համագործակցության շրջանակում: Ընդգծեց, որ Երեւան են ժամանել Ֆրանկոֆոնիայի պատմական գագաթաժողովից հետո, Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ, որպեսզի երեւանյան գործընկերների հետ քննարկեն ապագա քայլերը: Ինչ վերաբերում է համագործակցությանը, այն նոր չէ, մի քանի տասնամյակի պատմություն ունի:
Մանրամասները` տեսանյութում:
Պարոն Տոնապետյանը հավելեց, որ իրենք սկզբում համագործակցում էին Ճշգրիտ գիտությունների եւ բժշկության բնագավառում, եւ արդեն մեկ տասնամյակ է՝ համագործակցությունն ընթանում է նաեւ գրականության, լեզվի, հումանիտար գիտությունների բնագավառում, ու շեշտն էլ դրված է հատկապես ֆրանսերենի, ֆրանսիական գրականության, հնէաբանության, միջնադարյան արվեստի պատմության ու հայագիտության վրա:
«Մեր երկու համալսարանների միջեւ համագործակցությունը հենվել է մի կառույցի վրա, որը միակն է Ֆրանսիական համալսարանական համակարգում: Այն գտնվում է Էքս-Մարսել համալսարանում եւ այս համալսարանը միակն է, որ ունի Հայագիտական կենտրոն Ֆրանսիայում: Ֆրանսիացի այն ուսանողները, որոնք ցանկություն ունեն Երեւան գալ սովորելու, մեկնումից առաջ կարող են մեզ մոտ սովորել հայերենն ու հայկական մշակույթը»,-ընդգծեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ