Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ ով է լինելու իշխանություն, հայտնի չէ՝ ով է լինելու հաջորդ հինգ տարիների ընդդիմությունը. Արմեն Բաղդասարյան

Հոկտեմբեր 25,2018 13:22

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով, ՀՀԿ-ի կողմից Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների տապալումը նախկին օրենսգրքում վարկանիշային ընտրակարգի կետ պահպանելու խնդրով էր պայմանավորված:

«Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, ի վիճակի չէ ընտրություններում հաղթահարել անցումային շեմը, երեւի 4 տոկոսն էլ չի կարող հաղթահարել, դրա համար ամեն ինչ արեցին վարկանիշային ընտրակարգը պահելու համար: Երկրորդ գործոնը՝ լինել որոշակի դերակատար, ցույց տալ, որ դեռ ինչ-որ բան կարողանում են անել, ինչը նաեւ նախընտրական պայքարի ձեւ է»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ, վարկանիշային ընտրակարգը մեծամասնական համակարգ չէ, եւ, այնպես չէ, որ ինչ-որ մի թեկնածու, անկախ կուսակցական ցուցակից, առանձին կարող է հանդես գալ իր հեղինակությամբ ու ընտրվել. «Հասկանալի չէ, թե ինչպես ՀՀԿ-ն կարող է այդկերպ այսօրվա մթնոլորտում հանդես գալ որպես կուսակցություն»:

Ըստ նրա՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ որոշ համայնքներում հնարավոր է ոչ իշխանական թեկնածուի հաղթանակը, բայց, բոլոր դեպքերում, այդ հաղթանակը հնարավոր է եղել այն պարագայում, երբ այդ թեկնածուները հրապարակայնորեն չեն հակադրվել հեղափոխությանը. «Նրանք ողջունել են հեղափոխությունը՝ ասելով, թե այ, հիմա ազատ մրցակցության համար լավ հնարավորություն է ստեղծվում ու փաստացի դրանով են հաջողության հասել»:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համար էլ ԸՕ-ի տապալման հարցում ՀՀԿ-ի մոտիվացիան պարզ է. «Առաջնորդվեց կուսակցական շահերով, իրենց ձեռնտու էր. մկանների ցուցադրություն չկար, որովհետեւ ցուցադրելու բան չկար: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեծ հաշվով պարզ են: Հայտնի է՝ ով է լինելու իշխանություն, հայտնի չէ՝ ով է լինելու հաջորդ հինգ տարիների ընդդիմությունը, առայժմ ՀՀԿ-ն է ընդդիմության հայտ ներկայացրել, անկախ նրանից, թե կանցնեն խորհրդարան, թե՝ ոչ»: ԸՕ-ի տապալումն էլ, ըստ նրա, հենց ՀՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքի մասին էր վկայում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031