Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում սովորել գիտելիքի աղբյուրների աննախադեպ առատության պայմաններում։ Պատճառները մի քանիսն են։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ ակադեմիական գրքերի, ուսումնական ռեսուրսների բազմապատկմանը զուգահեռ ավելացել են նաև այլ ռեսուրսները։ Օրինակ՝ ինֆորմացիան, սերիալները, զվարճանքի ինդուստրիան նույնպես շեշտակի աճել են։ Ընդ որում, վերջիններիս ստեղծման համար ծախսվում են շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ, քան կրթության ֆինանսավորման վրա։
Կշեռքի մի նժարի վրա 50-60 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչն է և նրա վարած դասը, մյուսը նժարի վրա՝ հսկայական գումարներ ստացող սերիալի կամ ֆուտբոլի ինդուստրիան։ Ինչպե՞ս կարող է ուսուցիչը երեխաներին համոզել սովորել ակադեմիական նյութեր, եթե իր վրա անհամեմատ ավելի քիչ գումար է ներդրվում, քան սերիալի ցուցադրման։ Արդյունքում, ուսուցչի՝ լավ աշխատելու մոտիվացիան նվազում է, ինչն էլ բացասաբար է անդրադառնում գիտելիքի նկատմամբ սովորողների վերաբերմունքի վրա։
Մյուս պատճառն այն է, որ այսօր կրթական համակարգում ներդրումներ են արվում բովանդակությունը փոխելու, ուսուցիչներին վերապատրաստելու վրա, բայց գրեթե ոչինչ չի արվում երեխաների սովորելու մոտիվացիան բարձրացնելու, ուսումնական նյութերն ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու ուղղությամբ։ Այսօր շատ մեծ մրցակցություն է ծավալվել մարդկանց ուշադրությունը գրավելու առումով։ Եվ այս մրցակցությունում կրթությունը պարտվում է։
Երրորդ պատճառն այն է, որ ժամանակակից երեխաները փոխվել են, իսկ կրթական համակարգի մոտեցումները գերազանցապես մնացել են նույնը։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում