Լրահոս
Օրվա լրահոսը

Նյարդային վիճակի թոթափման կոչ Փաշինյանն անում էր ոչ միայն պայմանական «սևերին ու հակահեղափոխականներին», այլև «սպիտակներին ու հեղափոխականներին». «Փաստ»

Հոկտեմբեր 25,2018 12:37

Ազգային ժողովում նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն էականորեն տարբերվում էր այդ ամբիոնում որպես վարչապետ նրա նախորդ ելույթներից: Տարբերությունն առավել պատկերավոր կարելի է բացատրել «կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակը» տրամաբանությամբ: Պարզապես, եթե նախկինում Փաշինյանը առավելապես նետողի դիրքում էր, ապա այժմ ակնհայտ էր, որ նա հավաքում էր: Սուր, կտրուկ և կոշտ հռետորաբանությունը դրսևորվում էր առավելապես տոնայնության մակարդակում, բովանդակային առումով ելույթն առավելապես ուներ մեկ ուղղություն՝ քաղաքական նյարդային վիճակը թոթափել ու կայունացնել քաղաքական դաշտը:

Ընդ որում, նյարդային վիճակի թոթափման կոչ Փաշինյանն անում էր ոչ միայն պայմանական «սևերին ու հակահեղափոխականներին», այլև «սպիտակներին ու հեղափոխականներին»: Հանրապետականներին ուղղված կոչն առ այն, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելով նրանք առավել մեծ շանսեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու, հենց այս նյարդային վիճակի թոթափմանն ուղղված քայլ էր: Մեծ հաշվով, Փաշինյանին, իհարկե չպետք է հետաքրքրեր՝ ՀՀԿ–ն կհայտնվի խորհրդարանում, թե ոչ: Բայց շահագրգռելով նրանց նոր Ընտրական օրենսգրքով՝ Փաշինյանն ի ցույց է դնում իր հոգնածությունն այժմ առկա քաղաքական իրավիճակից:

Ելույթն, ըստ էության, կարելի է բաժանել երեք մասի: Առաջին մասում Փաշինյանը հերթականությամբ «բացահայտում էր» նախորդող ամիսներին տեղի ունեցած տարբեր դավադրության տեսությունները՝ վերագրելով դրանք նախորդ իշխանություններին: Ընդ որում, խոսքը ոչ միայն, այսպես ասած, նախորդ իշխանության կարկառուն դեմքերի ու նրանց կողմից արված այս կամ այն քայլերի մասին էր. խոսքը վերաբերում էր նույնիսկ Սևանի հարկային տեսուչներին, որոնք նախօրեին կաշառքի ստացման պահին ձերբակալվել էին: Նախորդ համակարգի դրսևորումները քաղաքական ավելի կարևոր հարթակներում, հին համակարգին բնորոշ դրսևորումներն ավելի փոքր մակարդակներում Փաշինյանը համարում է դավադրություն ընդդեմ հեղափոխության, հրաժարվում է հասկանալ դրանց առկայության իմաստը:

Ակնհայտ է, որ ելույթի ընթացքում Փաշինյանն անկեղծորեն զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ հեղափոխությունն ընկալել են ոչ բոլորը: Այս զարմանքի պատճառը, թերևս, այն թյուրընկալումն է, որ նախ հնարավոր էր միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով հասնել ինչ–որ երանելի հանգրվանի, որից հետո համակարգը կսկսեր ինքնըստինքյան փոխվել: Երկրորդ, ևս մեկ թյուրըմբռնում առ այն, որ հեղափոխությունը բացառապես բարոյական և գեղագիտական զարթոնք է, ու այդ զարթոնքից անմասն մնալ չի կարող ոչ ոք: Ցավոք, վերջին թյուրըմբռնումը շարունակում է գերակա մնալ մինչ օրս, ու հեղափոխությունը շարունակվում է մեկնաբանվել արժեքային դաշտում, իսկ հեղափոխության կապիտալիզացիան առավել պրակտիկ գործիքներով, կոնկրետ ոլորտային ռեֆորմներով ուշանում է:

Ելույթի վերջին հատվածում էլ Փաշինյանը կոչ արեց տարբեր գյուղերում ու քաղաքներում համայնքապետերի հրաժարականը պահանջող մարդկանց թուլացնել ու թոթափել նյարդային իրավիճակը, անցնել պայքարի ավելի կառուցողական, ոչ փողոցային մեթոդների, իսկ ավելի կոնկրետ՝ հավաքել ստորագրություններ ու ուղարկել դրանք կառավարություն: Իհարկե, բավականին հակասական է դիտվում, երբ փողոցային պայքարով հեղափոխություն իրականացրած Փաշինյանը նման կոչ է անում: Բայց միևնույն ժամանակ այս կոչը բավական օրինաչափ է ու, ըստ էության, իր մեջ ամփոփում է ելույթի ողջ բովանդակությունը, այն է՝ փողոցային, նյարդային քաղաքական վիճակից տեղափոխվել դեպի առավել կառուցողական, համակարգային հուն: Ըստ էության, այս կոչը արվեց բոլորին ու իր բովանդակությամբ առավելապես կրկնում էր նախկինում մոդայիկ՝ «թողեք աշխատենք» տրամաբանությունը:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031